«Ժողովուրդ». Փորձ է արվում «կարուսելի» մեխանիզմը պահպանել

«Ժողովուրդ». Փորձ է արվում «կարուսելի» մեխանիզմը պահպանել

«Ժողովուրդը» գրում է. «Ընտրությունների կեղծման «կարուսել» անվանումը ստացած մեխանիզմը ընտրողների ուղղորդված քվեարկության թերեւս ամենահանրահայտ ձեւերից մեկն է: Մինչեւ տեղամաս գալը կեղծարարը ընտրողին տալիս է քվեարկված քվեաթերթիկը եւ պահանջում, որ տեղամասում ստացած «մաքուրը» նա հետը դուրս բերի եւ հանձնի իրեն: Նոր ընտրական օրենսգրքով սահմանված ԱԺ ընտրությունների համակարգը «կարուսելի» կիրառությունը անհնար է դարձրել, քանի որ ընտրողներին տրվելու են մասնակից քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ՝ ամեն մեկի համար առանձին: ՀՀ ԸՕ 67-րդ հոդվածի 3-րդ կետը պահանջում է. «Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ»: Այսինքն՝ եթե վերը նշված դրույթը կիրառվի, «կարուսելը» ուղղակի անհնար կլինի իրականացնել: Բայց քանի որ դա իշխանություններին ձեռնտու տարբերակ չէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրակարգի շուրջ վերջին քննարկումների ընթացքում փորձ է արվում ներկայացնել, թե իբր «ավելացած» քվեաթերթիկների հետ ընտրողն ազատ է վարվելու այնպես, ինչպես կցանկանա: Կարող է նույնիսկ իր հետ դուրս հանել տեղամասից: Այսինքն` փորձ է արվում ամեն կերպ «կարուսելի» մեխանիզմը պահպանել»: