Ամեն ինչ իր գինն ունի

Ամեն ինչ իր գինն ունի

ՀՀԿ 16-րդ համագումարը քաղաքական ի՞նչ հեռանկար կապահովի ինչպես ՀՀԿ-ականների, այնպես էլ ՀՀԿ-ին հարող ուժերի, անհատների համար, ինչպիսին է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը, ով այս հարցի շուրջ ունի ընդհանրական, քաղաքագիտական պատասխան, իսկ անձամբ իր քաղաքական ճակատագրի վերաբերյալ դեռ հստակ պատկերացում չունի՝ կմասնակցի՞ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, կընդգրկվի՞ որեւէ ցուցակում եւ ինչ ձեւաչափով։



«Անկեղծ ասած՝ այդ մասին չեմ մտածել, ես ներկայացնում եմ «Հզոր հայրենիք» կուսակցությունը եւ «Ջավախք հայրենակցական միությունը», մենք բավականին խորը եւ բովանդակային համագործակցության փորձ ունեք Հանրապետական կուսակցության հետ, եւ այդ համագործակցությունն արդեն շուրջ տասը տարի է։ Իսկ թե ինչպիսին կլինի հետագա համագործակցության ընթացքը, դա ցույց կտա հետագան»,-ասաց նա։



-Անձամբ Դուք ցանկություն ունե՞ք առաջադրվելու հաջորդ ընտրություններին։



-Ժամանակը ցույց կտա։



-Ժամանակը գնալով կրճատվում է, եւ արդեն սկսվել են այն խմորումներն ու վերադասավորումները, թե ով ինչպես կմասնակցի հաջորդ ընտրություններին կամ կմասնակցի՞, թե՞ ոչ։



-Այդ առումով խիստ անորոշ է, ժամանակը ցույց կտա։



-Ազգային ժողովում ջավախքցի յոթ պատգամավոր կա, բայց կարծես թե երեք հոգով եք, որ ՀՀԿ-ի ցուցակով հենց որպես ջավախքցի եք ներկայացված՝ Դուք, Տաճատ Վարդապետյանն ու Հովհաննես Սոֆոյանը։ Խոսակցություն կա, որ հնարավոր է որոշվի՝ երեքիցդ մեկը մնա խորհրդարանում։



-Ես որեւէ մեկի հետ մրցակցության մեջ չեմ, ով ինչ է որոշում, դա որոշողները գիտեն, ես իմ գործն եմ անում, իմ գործունեությունն եմ իրականացնում, չեմ դիտարկում որեւէ մեկին ինձ մրցակից, հակառակորդ, ախոյան կամ թշնամի։



-Այդուհանդերձ, կարծո՞ւմ եք, որ ջավախահայության շահերը ներկայացնող, նրանց խնդիրները բարձրաձայնող մեկը պետք է լինի մեր խորհրդարանում։



-Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որն ամրագրված է նաեւ Սահմանադրությամբ, պարտավոր է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի, այդ թվում՝ ջավախահայության շահերին հետամուտ լինել, հանդես գալ նրանց իրավունքների պաշտպանությամբ, հանդես գալ նրանց խնդիրների լուծմամբ կամ դրանց լուծմանն աջակցելով։ Ես միշտ ասել եմ այդ մասին եւ չեմ դադարել բարձրաձայնել երբեք, այդ թվում՝ բազմիցս ԱԺ ամբիոնից։



-Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք, լինելով ջավախքցի պատգամավոր եւ խոսելով ջավախքցիների խնդիրներից, իրականում ինքներդ եք լուրջ խնդրի առաջ հայտնվել՝ համարվելով persona non grada եւ զրկվելով Վրաստան, այդ թվում՝ Ջավախք մուտք գործելու հնարավորությունից։



-Ամեն ինչ իր գինն ունի։ Վրաստանի նախորդ իշխանություններն այդպես են արձագանքել իմ գործունեությանը, եւ Սահակաշվիլու իշխանությունը գտնում էր, որ Հայաստանից որեւէ մեկը չպետք է քննադատի իրենց վարած հակահայ քաղաքականությունը։ Եվ ես, իհարկե, չեմ ընկրկել եւ շարունակել եմ պայքարել, որի արդյունքում անցանկալի անձ եմ դիտվել Վրաստանում։ Ուղղակի պետք է հուսանք, որ Վրաստանի նոր իշխանությունները, որոնք արմատապես վերանայում են Սահակաշվիլու քաղաքականությունը եւ նրա գործունեությունը բոլոր ոլորտներում, հուսանք, որ կվերանայեն նաեւ այս առումով, եւ այս անհեթեթությունը կվերանա, եւ իմ մուտքի արգելքն էլ կվերանա։



-Իսկ Դուք վերանայե՞լ եք ինչ-որ բան այդ առումով, գուցե քննադատությունն է մեղմացել, կամ քննադատության վեկտորն է փոխվել։



-Ես այսօրվա Վրաստանի նոր իշխանություններին ավելի շատ եմ համակրում այն առումով, որ այս իշխանությունները գիտակցեցին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խորը հարաբերությունները Վրաստանին կործանում են տանում, եւ թուրքական տարրի ագրեսիվ ներկայությունն ու ուժեղացումը Վրաստանում ամենեւին էլ չեն բխում Վրաստանի շահերից, ինչին մղում էր Սահակաշվիլին իր քաղաքականությամբ։ Եվ այս տեսանկյունից նոր իշխանությունների քաղաքականության մեջ որոշակի փոփոխության միտում եմ նկատում, որը եւ, բնականաբար, ավելի է, եւ հարուցում է մեր համակրանքը։ Այս առումով ես միանշանակ գերադասում եմ գործող իշխանությանը։ Բայց եթե այդ իշխանությունն էլ իր քաղաքականությամբ ոտնահարի ջավախահայության իրավունքները, ես կշարունակեմ բարձրաձայնել, բողոքել, պայքարել եւ հանդես գալ նրանց իրավունքների պաշտպանության դիրքերից։



-Ամեն դեպքում, նույնիսկ նոր իշխանությունների օրոք էլի ավելացել է Հայաստանում Վրաստանի համար անցանկալի անձանց թիվը՝ առանց որեւէ բացատրության։ Ի՞նչ եք կարծում, սա միայն վրացական իշխանությունների՞ վարած քաղաքականության հետեւանք է, թե՞ նաեւ մեր դիվանագիտական կորպուսի անկարողության, սխալ դիվանագիտության արդյունք է։



-Միջազգային իրավունքում persona non grada-ի բացատրություն չի ակնկալվում, եւ երկիրը պարտավոր չէ բացատրություն տալ։ Այլ բան է, որ եթե խոսքը բարեկամ, գործընկեր երկրների մասին է, ապա նման անցանկալի անձանց ցուցակի գոյությունը ճիշտ չէ, եւ կարծում եմ՝ պետք է այդ ցուցակի գոյության փաստը վերանայել։ Սա բխում է հայ-վրացական բարեկամական շահերից, եւ կարծում եմ, որ մի օր դա լինելու է։



-Ինչո՞ւ մեր իշխանությունները չեն կարողանում պարտադրել կամ այնպիսի պայմաններ ստեղծել, որ բարեկամ Վրաստանը վերանայի իր մոտեցումներն այս հարցում, վերացնի այդ «սեւ ցուցակը»։



-Մեր իշխանությունները պարբերաբար վերանայում են այդ «սեւ ցուցակի» խնդիրը, եւ գոնե ներկայիս Վրաստանի իշխանություններն ագրեսիվ վարքագիծ չունեն այդ խնդրի քննարկումների ընթացքում՝ ի տարբերություն Սահակաշվիլու իշխանության։ Եվ, ինչպես հավաստիացնում է մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, դրանք միշտ քննարկման ընթացքի մեջ են, եւ հայ-վրացական հարաբերություններում, իրենց ձեւակերպմամբ՝ անլուծելի խնդիրներ չկան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ