Պատգամավորները դեմ են շատախոսության կրճատմանը

Պատգամավորները դեմ են շատախոսության կրճատմանը

ԱԺ կանոնակարգ նոր օրենքի նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ, 97 կողմ ձայներով ընդունվեց խորհրդարանի կողմից։ Դեմ քվեարկեց ընդամենը երկու պատգամավոր, ձեռնպահ՝ 7-ը։



Նշենք, որ ԱԺ նոր կանոնակարգ ունենալու հրամայականը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ, որպեսզի 2017-ից հետո պատգամավորների գործունեությունը համապատասխանի պառլամենտարիզմի ոգուն եւ տառին։ Նոր կանոնակարգ-օրենքով նախագծի հեղինակները մի շարք նորամուծություններ են մտցրել։ Օրինակ՝ ԱԺ խորհրդի եւ քննիչ հանձնաժողովի ստեղծում, խմբակցության ղեկավարի քվեարկություն՝ բացակա պատգամավորի փոխարեն եւ այլն։ Այս ամենից զատ՝ փորձել են նաեւ կարգավորում մտցնել խմբակցությունից դուրս եկող պատգամավորների մասով, որ եթե դուրս է գալիս, ուրեմն խմբակցությունն իրավունք ունի նրան հետ կանչել նաեւ մշտական հանձնաժողովներում նախագահի կամ տեղակալի պաշտոնից, միջազգային պատվիրակությունների կազմից։ Այս դրույթն ամենաշատը քննարկվեց ԱԺ-ում։ Նկատենք, որ այս պահին մեր խորհրդարանում մոտ երկու տասնյակ այդպիսի պատգամավոր կա՝ բոլոր չորս ընդդիմադիր խմբակցություններից, որոնք տարբեր պատճառներով լքել են խմբակցությունը դե ֆակտո, բայց դե յուրե համարվում են այդ խմբակցության անդամ։ Նրանցից ոմանք օգտվում են այդ խմբակցության քվոտայով իրենց տրված տարբեր լիազորություններից՝ հանձնաժողովի նախագահի/տեղակալի պաշտոն՝ իրենց ծառայողական մեքենաներով ու աշխատակազմով, արտերկրյա գործուղումներ եւ այլն։ Եվ խմբակցությունն այսօրվա օրենքով իրավունք չունի պարտադրել նրանց՝ հրաժարվել այդ ամենից։ Եվ ինչո՞ւ հրաժարվել պետական բարիքներից, եթե դրանք իրենց ընձեռված են օրենքով։ Նույնկերպ կարող են նաեւ մանդատից հրաժարվել, բայց, «հանուն ընտրողի շահի», չեն անի դա, քանզի մանդատը, ամեն դեպքում, քաղցր բան է։ Հատկապես նկատենք, որ շատերն այդ մանդատին տիրացել են իրենց հեղինակության կորստի, ֆինանսական լուրջ ռեուրսների, սին խոստումների եւ բարոյական գողգոթաների միջով անցնելու ճանապարհով, եւ շատ դժվար է հանկարծ մի օր հիշել բարոյականության ու ազնվության մասին ու հրաժարվել մանդատից՝ հանուն երբեւէ չունեցած արժեքների։ Նոր կանոնակարգով նաեւ մտադիր են կրկնակի սահմանափակել պատգամավորների շատախոսությունը, ինչին պատգամավորները դեմ արտահայտվեցին՝ խնդրելով գոնե մի երկու րոպե երկարացնել ելույթների համար նախատեսված րոպեները։ Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ այս եւ մի շարք այլ առաջարկություններ քննարկման առարկա են, եւ շատ դրույթներ կլրամշակվեն։ Հնարավոր է՝ որոշեն պատգամավորներին ելույթի համար տրամադրել 7, խմբակցություններին՝ 10 րոպե ժամանակ։ Նշենք, որ գործող օրենքով այդ ժամանակը 10 եւ 15 է։



Հստակ չէ նաեւ խմբակցությունից հեռանալու, դրանով լիազորությունների սահմանափակումների մասին դրույթների ճակատագիրը, քանզի դրանք եւս պետք է հավելյալ քննարկվեն մինչեւ հաջորդ ընթերցում։ Հովհաննես Սահակյանն այս հարցում ի սկզբանե մի բան է բացառում՝ ինչ էլ լինի, մեկ է, մանդատը վայր դնելու պահանջ չի ներկայացվի պատգամավորին, որքան էլ դա լինի բարոյապես ավելի ազնիվ։ Դա Սահմանադրությամբ ամրագրված օրենք է, եւ մանդատը վայր կարող է դնել միայն պատգամավորը, սեփական ցանկությամբ։ Ինչ վերաբերում է խմբակցությունից դուրս գալու դրույթին, ապա Հովհաննես Սահակյանն այս հարցում կարծես ավելի մեղմ կամ սահմանագիծը լայն պահող դիրքորոշում ունի. «Եթե խախտումներ կան, խմբակցությունը պետք է կարողանա նրան հեռացնել, բայց այդ հեռացման մեխանիզմները չպետք է լինեն ըստ հայեցողության։ Նաեւ պատգամավորը պետք է հնարավորություն ունենա, որ եթե տվյալ խմբակցությունն իր ուղուց շեղվել է, որին ինքը դեմ է, կարողանա հրաժարվել»։ Իսկ ընդդիմադիրներն ասում են՝ խմբակցությունից հեռացնելը չպետք է լինի պատգամավորի ազատ կամարտահայտմանը դեմ։



ԱԺ դե յուրե միակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը երբեւէ որեւէ խմբակցության անդամ չի եղել, այս հարցում շատ ավելի կտրուկ մոտեցում ունի․ «Եթե խմբակցությունից դուրս է գալիս, ուրեմն պիտի մանդատը վայր դնի, բա ո՞նց։ Ինքն այդ խմբակցության հաշվին է, չէ՞, եկել, այդ խմբակցության ընտրողների քվեների արդյունքում է հայտնվել այդտեղ, այդ կուսակցության ծրագրերով, բայց հետո դուրս է գալիս եւ սկսում է համագործակցել իշխանության հետ»։ Բայց կա նաեւ սրա ինդուկտիվ մոտեցումը, որ տվյալ քաղաքական ուժը խորհրդարան է անցել նաեւ իր կազմում ընդգրկված պատգամավորների հեղինակության եւ այլ ռեսուրսների հաշվին։ Հատկապես նոր գործող ռեյտինգային ընտրակարգի պարագայում այս հարցն ավելի ակտուալ է դառնում։ Հետեւաբար, ինչո՞ւ պետք է խմբակցությունը լքած պատգամավորը հրաժարվի իր բաժին մանդատից։



«Ամբողջ պրոբլեմն այն է, որ սա ոչ թե ռեյտինգային ընտրակարգ է, այլ՝ մեծամասնական։ Դրա համար պետք չէ խոսել համամասնական ընտրակարգի մասին։ Եթե այդ կոնտեքստում նայենք, ուրեմն պետք է ասենք՝ ամբողջական մեծամասնական ընտրակարգ է, ովքեր մեծամասնականով ընտրվել են, կարող են դուրս գալ խմբակցությունից։ Բայց հակառակ փաստարկն էլ կարող է լինել, որ եթե անգամ այդ մարդուն մեծամասնականով ձայն են տվել, իրեն ձայն են տվել ինչ-որ քաղաքական ուժի ցուցակի մեջ։ Ինքն առանձին՝ որպես անհատ, չի առաջադրվել»,-նկատում է Մարուքյանը՝ նշելով, որ սա ՀՀԿ-ի սարքած ամենախայտառակ ընտրակարգն է, որ երբեւէ եղել է։ Նրա կարծիքով՝ նոր կանոնակարգով սահմանված այս դրույթով նախագծի հեղինակները տեղ են թողել, որ մարդիկ դուրս գան այլ խմբակցություններից եւ միանան, օրինակ, ՀՀԿ-ին։ Այսինքն՝ ՀՀԿ-ն իրեն այսօրվանից ապահովագրում է հաջորդ խորհրդարանում մեծամասնություն չկազմելու կամ մի կերպ ծերը ծերին մեծամասնություն լինելու ռիսկից։
Փոփոխության կենթարկվի նաեւ այն դրույթը, որով բացակա պատգամավորի փոխարեն կարող է խմբակցության ղեկավարը քվեարկել իրեն ներկայացված լիազորագրով։ Մասնավորապես, առաջարկվում է միայն գործուղման մեջ գտնվող պատգամավորներին թույլատրել լիազորել խմբակցության ղեկավարին՝ քվեարկել իր փոխարեն, լիազորագիրը ներկայացնել փակ ծրարով՝ անպայման նշելով սեփական դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ՝ կողմ, դեմ, թե ձեռնպահ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ