ԲՀԿ-ից հեռացածները բարդ իրավիճակում են հայտնվել

ԲՀԿ-ից հեռացածները բարդ իրավիճակում են հայտնվել

Ազգային ժողովի մի խումբ անկախ պատգամավորներ նախընտրական այս շրջանում անորոշ դեգերումների մեջ են։ Նրանց հիմնական մասը ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներն են, որ Ծառուկյանի հետ լքեցին ԲՀԿ շարքերը։ Նրանք հիմա անկախ ու անտանիք են մնացել, ավելի ճիշտ՝ փորձում են ՀՀԿ-ի տանիքի տակ մտնել ու նրա ցուցակով նորից դառնալ պատգամավոր։ Բայց դեռ նրանց որեւէ բան չեն խոստացել։ Նրանք բոլորն էլ գործարարներ են, փող ու ռեսուրս ունեն, 2012-ին խորհրդարան են անցել հիմնականում մեծամասնական ընտրակարգով։ 



Անցած տարի նրանց ընդունելով նախագահականում՝ Սերժ Սարգսյանն ասել էր՝ սպասեք, կասեմ ինչ անեք։ Խոսքը ԲՀԿ-ից դուրս եկած Դավիթ Քոչարյանի, Բազմասեր Առաքելյանի, Կարո Կարապետյանի, Արագած Ախոյանի, Ռուստամ Գասպարյանի, Մարտուն Գրիգորյանի, Հարություն Ղարագյոզյանի, Տիգրան Ներսիսյանի մասին է, ում քաղաքական ճակատագիրը դեռ անհայտ է։ Նրանք շուրջ մեկ տարի է՝ անորոշության մեջ սպասում են։ Իսկ ՀՀԿ 16-րդ համագումարում նախագահի ելույթից հետո շփոթը մեծացել է։ Չգիտեն՝ նորից հետ գնան ԲՀԿ ու ԲՀԿ-ի ցուցակո՞վ փորձեն առաջադրվել, թե՞ կարող են մտնել ՀՀԿ։ ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի ոչինչ է, ուստի այժմ Ծառուկյանի վերադարձն են փափագում, իսկ նա լռում է ու լռում՝ շարունակելով զբաղվել սպորտով։ Եթե վերադառնա, հնարավոր է իր հետ գնացածներն էլ հետ գան։ Հայացքները չեն կտրում նաեւ ՀՀԿ-ից, որի համար իրենք մշտապես «արյուն են տվել» անգամ ԲՀԿ-ում եղած ժամանակ։ Հիմա ակնկալում են, որ հերթական անգամ կփոխհատուցվի իրենց նվիրումն առ ՀՀԿ եւ Սերժ Սարգսյան։



ՀՀԿ-ում, սակայն, լրիվ այլ իրավիճակ է։ Հանրապետականներն իրենք են ցայտնոտի մեջ, խառը վիճակում, չգիտեն, թե ով կմտնի համամասնական ցուցակ, ով կառաջադրվի ռեյտինգայինով։ Ի դեպ, ռեյտինգային համակարգն իսկական աղետ է դառնալու նրանց համար, ովքեր մինչ օրս մեծամասնականով են «դրել ու կրել»։ Հանրապետականները չեն թաքցնում իրենց վրդովմունքն այս ընտրակարգի հետ կապված, քանզի գիտակցում են արդեն, որ կուսակցական ղեկավարությունն իրենց գլադիատորների նման հանելու է իրար դեմ ու կռվեցնի։ Նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարելու՝ որքան հնարավոր է կուսակցությանն ավելի շատ ձայն բերելու համար, որպեսզի դրանով իրենց ընտրվելու շանսերը մեծանան։ Բայց հարց է՝ կընտրվի՞, եթե անգամ ամենաշատ ձայնը բերի։ Կարող է տվյալ ընտրատարածքում ինքն ամենաշատ ձայնը հավաքի՝ որպես ռեյտինգային թեկնածու, բայց հաշվարկի բարդ ու խուճուճ մեխանիզմի շնորհիվ անցնի հարեւան մարզի նվազ ձայներ հավաքած թեկնածուն։ Նախատեսվում է նվազագույնը 5 ռեյտինգային թեկնածու առաջադրել նույն կուսակցությունից՝ մեկ ընտրատարածքում։ Ակնհայտ է, որ կատաղի պայքար է ընթանալու հանրապետականների միջեւ, արդյունքում շահելու են նրանք, ովքեր կմտնեն միայն համամասնական ցուցակ։ Սրանք այն VIP ՀՀԿ-ականները կլինեն, որոնց համար փող, ռեսուրս ու էներգիա կծախսեն մյուս՝ հիմնականում օլիգարխիկ եւ օդիոզ կուսակիցները։ Նրանք կտանջվեն, իրար միս կուտեն, կչարչարվեն՝ կուսակցությանը ձայն կբերեն, որպեսզի համամասնական ցուցակի էլիտար դեմքերն անցնեն։ Իսկ իրենք էլ կա՛մ կանցնեն, կա՛մ՝ ոչ։ Ու մինչ ՀՀԿ-ականներն իրենք են անորոշ վիճակում դռնեդուռ ընկած փորձում «դաբրո» ստանալ 2017-ի ընտրությունների համար, ԲՀԿ-ից դուրս եկածներն էլ իրենց հերթին են փորձում ոտքի տեղ անել ՀՀԿ ցուցակում։



Մենք տեղեկացանք, որ Հանրապետականից դեռ որեւէ մեկին որեւէ բան չեն խոստացել, ցուցակները դեռ չեն կազմվել։ Սերժ Սարգսյանը պահում է ինտրիգը։ Նա անգամ չի ասում, թե ովքեր են ցուցակի թեկնածու «երջանիկները» եւ ովքեր՝ ռեյտինգայինով առաջադրվելու պարտք ունեցող «դժբախտները»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ