Նախարարը որոշել է բժիշկների էթիկայով զբաղվել

Նախարարը որոշել է բժիշկների էթիկայով զբաղվել

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը որոշել է նորամուծություն մտցնել հայ առողջապահական համակարգում։ Բիզնեսմեն-նախարարը լծվել է բժիշկների համար էթիկայի կանոնագիրք կազմելու գործին։ Դրանով պետք է ամրագրվի, օրինակ, թե ինչպես պետք է բժիշկն ընդունի հիվանդին, ինչպես շփվի նրա հետ եւ այլն։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին առողջապահության նախարարությունից։ Նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այն կոչվում է «Բժշկական էթիկայի կանոններ»։ Իհարկե, գաղափարը լավն է, բայց Լեւոն Ալթունյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների ֆոնին, թե «ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը», այս նախաձեռնությունը թերահավատության ու զավեշտական հետեւությունների առիթ է դարձել։ Բժիշկների շրջանում տարակուսանք է առաջացել այս հարցով, «թե էթիկայի կանոնները խախտող նախարարը որոշել է էթիկայի կանոններ սահմանել»։ Բայց, պարզվում է, նախարարի մտքին այս որոշումը վաղուց է եղել՝ նշանակման առաջին իսկ օրվանից։



«Ճիշտն ասած՝ հենց եկել է նախարարը, առաջին հանձնարարականներից մեկը դա է եղել, տարբեր խմբերի տրվել են հանձնարարականներ, հետո մշակվել է նախնական տարբերակը։ Էնտեղ գրված է՝ բժշկական էթիկայի հիմնադրույթները, որպես գիտություն, մանրամասն մշակված են եւ կարգավորում են բժշկական ոլորտում ի հայտ եկող հիմնական փոխհարաբերությունները։ Դրանք են՝ բժիշկ-հիվանդ, բժիշկ-բժիշկ»,-ասաց Հայթայանը՝ նշելով, որ այն դեռ հայեցակարգային փուլում է, նախագծի տեսք չի ստացել։ Նա նաեւ տեղյակ չէր՝ պետք է ուղարկվի՞ Ազգային ժողով, որ որպես օրենք ընդունվի, թե՞ նախարարի հրամանով կմտնի ուժի մեջ կամ մեկ այլ տարբերակով։



Բովանդակային առումով, որպեսզի մոտավոր պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, տիկին Հայթայանն ասաց. «Սկսած նրանից, թե բժիշկն ինչպես պետք է ընդունի իր հիվանդին, ասենք՝ անպայման ոտքի կանգնի, ձեռքով բարեւի, նստի, առաջ հիվանդը նստի, հետո՝ ինքը, հիվանդին ընդունելու ժամանակ այլ բաներով չպիտի զբաղվի, պիտի ուշադիր լսի, հեռախոսազանգերին չպատասխանի եւ այլն»։ Քանի որ դեռ լիարժեք պատրաստ չէ նախագիծը, նախարարի մամուլի խոսնակը չգիտի, թե ինչ պատասխանատվություն է սահմանվելու էթիկայի կանոնները խախտած բժիշկների համար, ինչպես է դա վերահսկվելու, որքանով է այն պարտադրող ուժ ունենալու եւ արդյոք միայն պետակա՞ն բուժհաստատությունների վրա է տարածվելու, թե՞ նաեւ մասնավոր կլինիկաների, այդ թվում՝ ատամնաբուժարանների։ «Մեզ մոտ փաստաթուղթը վերջնական կձեւավորվի, հետո կդրվի քննարկման, նոր այդ բոլոր հարցերի պատասխանը կտրվի»։



Հետաքրքրվեցինք նաեւ՝ բժիշկների կողմից լրացուցիչ փող վերցնելու, որեւէ նվերով կամ գումարով երախտագիտություն հայտնելու վերաբերյալ ինչ-որ նորմեր սահմանվելո՞ւ են «Բժշկական էթիկայի կանոններում»։ Նշենք, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանն ամեն գնով արդարացնում էր այս երեւույթը, արտառոց որեւէ բան չէր տեսնում՝ նշելով, որ «եթե հիվանդը ցանկանում է ծաղիկ կամ կոնյակ նվիրել իրեն բուժած բժշկին, դրա մեջ ի՞նչ վատ բան կա»։ Բայց շատ հաճախ հենց այդ՝ «շնորհակալություն կամ երախտագիտություն հայտնելու» անվան տակ է, որ պետպատվերով կամ կոնկրետ սահմանված գումարով վիրահատությունը մարդկանց վրա կրկնակի թանկ է նստում, քանի որ բժիշկներ կան, որ ուղղակի պարտադրում են ոչ միայն «ծաղիկով ու կոնյակով», այլեւ կլորիկ գումարով անպայման «երախտապարտ լինել»։ Անահիտ Հայթայանն ասաց, որ դեռ այդ հարցին չեն հասել, բայց եթե պետք լինի, կորոշվի։ Ապա հիշեցրեց, որ նախագծում ամեն ինչ մանրամասն գրված է լինելու, ենթադրաբար՝ նման հարցերն էլ կարգավորված կլինեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ