Կիսատ-պռատ, բանից անտեղյակ, յոլա տանելով

Կիսատ-պռատ, բանից անտեղյակ, յոլա տանելով

Վաչե Գաբրիելյանի երկար անունով՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, պարզվում է, ե՛ւ կայք ունի, ե՛ւ աշխատակազմ, ե՛ւ առանձին շենք։ Բայց մամուլի խոսնակ կամ լրատվական վարչություն չունի։ Նախարարությունից որեւէ պատասխան ստանալու համար պետք է զանգել նախարարի խորհրդականների, օգնականների համարներով։ Մեզ հետաքրքրում էր նախարարության գնումների գործընթացի հետ կապված մի քանի հարց։ Զանգահարեցինք օգնականների ու խորհրդականների համարներով՝ հերթով, պատասխանեցին նախարարի խորհրդականի՝ Հովհաննես Ազիզյանի համարին։ Պատասխանողը մի աղջիկ էր, ասաց, որ Ազիզյանն այլեւս այստեղ չի աշխատում՝ «տեղափոխվել է էկոնոմիկայի նախարարություն»։ Բայց նրա անունը, չգիտես ինչու, շարունակում է մնալ նախարարության կայքում։ Հետո ասաց, որ նախարարը գործուղման է մեկնել իր խորհրդականների եւ օգնականների հետ, նոր են վերադարձել, բայց թե ինչու չեն պատասխանում զանգերին, տեղյակ չէ։ Թե ինչ գործուղման էին, աշխատակցուհին չգիտեր։ Նախարարի ընդունարանի հեռախոսին պատասխանող աշխատակցուհին եւս տեղյակ չէր, թե ինչ գործուղման էր մեկնել իր ղեկավարը։



Պարզվեց՝ նախարարի «մամուլի խոսնակի» գործառույթներն իր վրա է վերցրել աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդին։ Զանգեցինք աշխատակազմի ղեկավարի համարով։ Պատասխանեց մի աղջիկ, ներկայացավ որպես առաջատար մասնագետ եւ շատ բարեհամբույր պատասխանեց մեր հարցերին, բայց գնումների մասով որեւէ բան չկարողացավ ասել։ Առհասարակ, այդ մասին ոչ ոք տեղյակ չէր։ Նախ ասաց, որ աշխատակազմի ղեկավարն այստեղ չէ, դասախոսում է եւ հիմա դասի է։ Ասաց նաեւ, որ իրենք մի քանի ամիս է՝ նոր մասնաշենք ունեն, որը «Հանարդնախագծի» շենքում է գտնվում։ Թեպետ՝ փոխվարչապետ-նախարարն իր աշխատակազմով «նստում է» կառավարության գլխավոր մասնաշենքում։



Այս նախարարության կայքում «շրջայց» կատարելով եւ աշխատակիցների հետ զրուցելով՝ պարզեցինք, որ փոխվարչապետի ղեկավարած նախարարությունը շատ համեստ պայմաններում է գործում։ Ընդամենը 2 ծառայողական ավտոմեքենա ունեն, երկուսն էլ՝ ցածր դասի Hyundai Elantra-ներ։ Մեկն սպասարկում է նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանին, մյուսը՝ աշխատակազմի ղեկավարին։ Նախարարը, ով նաեւ կառավարության երկրորդ դեմքն է, ընդամենը 1 տեղակալ ունի, 2 խորհրդական եւ 2 օգնական։ Իր մինուճար տեղակալն էլ մի մինուճար օգնական ունի եւ վերջ։ Վարչության պետերը ծառայողական մեքենաներ չունեն։ Փոխարենը՝ Վաչե Գաբրիելյանին է ճոխ մեքենա սպասարկում, որ մնացել է դեռ Արմեն Գեւորգյանի թվերից: Այն Toyota Land Cruiser 200 աժդահա ամենագնաց է՝ կառավարության երկրորդ ամենաազդեցիկ պետհամարանիշով (002 LL 55):



Ապա խոսեցինք նաեւ նախարարի օգնական Գոհար Բարսեղյանի հետ։ Նա մեզ ասաց, որ Վաչե Գաբրիելյանը մեկնել էր Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին մասնակցելու եւ արդեն վերադարձել է։ Իսկ թե ինչու այդ մասին որեւէ բան չկա իրենց կայքում, ասաց, որ դեռ նոր է վերադարձել, մամլո հաղորդագրությունն անպայման կտեղադրվի։ Նկատեցինք, որ կայքում վերջին նորությունը հոկտեմբերի 7-ին կայացած ինչ-որ միջոցառման մասին է։ Նախարարի օգնականը վստահեցրեց, թե պարբերաբար թարմացվում է կայքը, բայց ոչ ամեն օր։ «Բայց վերջին միջոցառումը չէր կարող հոկտեմբերի 7-ով լինել։ Դրանից հետո բազմաթիվ նիստեր եւ հանդիպումներ են կայացել»,-նկատեց նախարարի օգնականը։ Նա ընդունեց, որ ոչ միայն նախարարությունն է ձեւավորման փուլում, այլեւ կայքը, դրա համար էլ ինֆորմացիան թերի է։ Բայց խոստացավ, որ եթե գրավոր հարցեր ուղղենք, անպայման կպատասխանեն։



Պատվիրակության կազմի վերաբերյալ մեր հարցին էլ քիչ էր մնում բանավոր պատասխաներ, բայց մի քանի վայրկյան լռելուց, ինչ-որ մարդկանց հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ պետք է հարցը գրավոր ուղարկենք։ Հետո խնդրեց կառավարության կայքում վարչապետի որոշումների մեջ գտնել մեր հարցի պատասխանը։ Սակայն վարչապետի որոշումներում՝ մի քանի օրվա կտրվածքով, որեւէ բան այս մասով չգտանք։ Ի դեպ, այս զրույցն ունեցել ենք երկու օր առաջ, եւ երեկվա դրությամբ նախարարության mieir.am պաշտոնական կայքում դեռ նման հաղորդագրություն չկար, վերջին նորությունը շարունակում էր մնալ հոկտեմբերի 7-ինը։



Փաստորեն, 2014 թ. վերջին ստեղծված նախարարությունը մինչ օրս կիսատ-պռատ է գործում, ո՛չ նորմալ աշխատակազմ ունի, ո՛չ մամուլի հետ աշխատողներ, ո՛չ կայքն է նորմալ աշխատում։ Դրա համար էլ մինչեւ հիմա շատերին անհայտ է, թե ինչ նախարարություն է սա, ինչի համար է ստեղծվել, որն է հանրությանն ու պետությանը դրա տված օգուտը, եւ, առհասարակ, ստեղծվել է, որ ի՞նչ անի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ