Շուտով պարզ կդառնա

Շուտով պարզ կդառնա

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ամենայն խորին հարգանք ունի իրենց կուսակցության նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանի նկատմամբ եւ շնորհակալ է իր հետ կատարած տարիների ծանր աշխատանքի համար։ «Հավատացեք, ամենածանր օրերին Անուշ Սեդրակյանը եղել է մեզ հետ, եւ ամենալավ պայմաններում եւ ամենահանգիստ իրավիճակում ինքը կայացրել է իր քաղաքական որոշումը»,-ասաց Քոքոբելյանը՝ անդրադառնալով «Ազատ դեմոկրատներից» Անուշ Սեդրակյանի հեռանալու փաստին։



Նշենք, որ Սեդրակյանն իր հեռանալը բացատրել էր նրանով, որ թերահավատություն ունի ստեղծվելիք դաշինքի նկատմամբ, որն ուզում է ձեւավորել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այլ ուժերի հետ։ «Ինձ համար ընդդիմությունն արեւմտամետ ընդդիմությունն է, ուստի չեմ կարող մտնել մի դաշինք, երբ նույնիսկ տեղյակ չես, թե ով կլինի ղեկավարը, ինչ գաղափարական ծրագրեր կլինեն: Իմ որոշման պատճառն արեւմտամետ ընդդիմության արժեքային բռունցքը չտեսնելն է»,-կուսակցությունը լքելուց հետո հայտարարել էր Անուշ Սեդրակյանը։



Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սեդրակյանի այս հայտարարությունը, ի՞նչ ասել է՝ արեւմտամետ ընդդիմություն, պարոն Քոքոբելյանն ասաց․ «Հազար անգամ եմ ասել, հիմա կրկնում եմ հազարմեկերորդ անգամ․ ՀՀ Սահմանադրությունը պարտադրում է, որ ցանկացած քաղաքական ուժ լինի ուղղակիորեն Հայաստանի քաղաքական շահերից բխող՝ իր բոլոր պատճառահետեւանքային կապերով։ Անուշ Սեդրակյանը, հավանաբար, նկատի է ունեցել արեւմտյան արժեհամակարգի վրա խարսխված գաղափարախոսությամբ գործունեությունը, վստահ եմ, որ այդպես է ինքը հնչեցրել, եւ կիսում եմ այդ կարծիքը․ «Ազատ դեմոկրատներն» այդպիսին է եղել եւ այդպիսին էլ կա։ Երբեւիցե «Ազատ դեմոկրատները» առիթ չի տվել եւ չի տալու, վստահեցնում եմ Ձեզ, շեղվելու իր գաղափարական եւ սկզբունքային մոտեցումներից։ Կապրենք եւ կհամոզվենք»։



Այդ դեպքում ի՞նչն է իրենց կուսակցության նախկին փոխնախագահին նման մտահոգության առիթ տվել։ Քոքոբելյանն ասաց, որ «որեւիցե տարաձայնության եւ որեւիցե մտահոգության պատճառ չի տեսնում»։



Անդրադառնալով իրենց ձեւավորելիք դաշինքին եւ այն ուժերին, որոնց հետ կարող են միավորվել, Քոքոբելյանը չշտապեց անուններ հնչեցնել, բայց խոստացավ․ «Այս պահին անուններ չեմ ուզում հնչեցնել, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ շատ մոտ ապագայում ականատես կլինեք, թե որ քաղաքական ուժերի, որ գործիչների եւ որ հասարակական գործունեություն ծավալող սեկտորի անդամների հետ մենք կհամագործակցենք»։ Դրանք կլինեն արեւմտյա՞ն արժեհամակարգի վրա խարսխված գործիչներ եւ ուժեր։ Քոքոբելյանը հաստատեց, բայցեւ հստակեցրեց․ «Համամարդկային․ վստահ եղեք, որ այդպիսին են լինելու»։ Նշենք՝ մամուլում գրվել է, որ «Ազատ դեմոկրատները» բանակցում է եւ Հրանտ Բագրատյանի «Ազատություն», եւ «Համախմբում», եւ այլ կուսակցությունների հետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ