Առանց Ծառուկյանի ԲՀԿ-ն ուրիշ բան է, Ծառուկյանով՝ ուրիշ բան

Առանց Ծառուկյանի ԲՀԿ-ն ուրիշ բան է, Ծառուկյանով՝ ուրիշ բան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ լրագրողներին վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն կվերադառնա մեծ քաղաքականություն, այլեւ կվերադառնա որպես ընդդիմադիր գործիչ։ Րոպեներ անց Զոհրաբյանի այս հայտարարությանն արձագանքեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ըստ էության հասկացնելով, որ Ծառուկյանի փոխարեն թող ոչ ոք որոշումներ չկայացնի ու հայտարարություններով հանդես չգա։ «Ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի, մասնակցության ձեւաչափի եւ, առհասարակ, ցանկացած մանրամասնի վերաբերյալ կարող է հանդես գալ բացառապես Գագիկ Ծառուկյանը»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել էր Տոնոյանը։



Երեկ մեզ հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով այս հարցին, թե որտեղից իրենց կուսակցության ղեկավարին նման բան հայտարարելու այդ վստահությունը, հիշեցրեց սեպտեմբերին կայացած ճեպազրույցում իր արած կանխատեսման մասին, որ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից։ Այսինքն՝ ինչ-որ բան գիտեր, դրա համա՞ր ասաց, թե՞ կանխատեսում է արել։ Մելքումյանն ասաց. «Չէ, կարող է էդ իմանալը եղել է 10-20 տոկոս, բայց 80 տոկոսը եղել է կանխատեսում՝ ելնելով դեպքերի զարգացման ընթացքից»։ Ըստ նրա՝ Ծառուկյանի վերադարձի պահանջը ոչ միայն ԲՀԿ-ականների, այլեւ հանրությունից շատ շատերի պահանջն է։ «Բացի այդ, Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից դուրս գալուց հետո անցել է մոտ երկու տարի։ Եվ այդ ընթացքում քաղաքական կյանքը չձեւավորեց այնպիսի ակնառու գործիչներ կամ մի գործիչ, կամ ինչ-որ խումբ, որը հակակշիռ կլինի իշխանությանը։ Ուստի կարելի էր կանխատեսել, որ Ծառուկյանի վերադարձը նաեւ բխում է քաղաքական գործընթացների եւ քաղաքական կյանքի շահերից, դա բխում է նաեւ պետության շահերից»։



ԲՀԿ-ականի համոզմամբ՝ Ծառուկյանի վերադարձը չի նշանակում 5-6 տոկոսանոց արդյունք ընտրություններին, այլ լուրջ հայտ է իշխանական բուրգի ձեւավորման համար։ Մելքումյանը նաեւ կարծում է, որ շաբաթ օրը Ծառուկյանը չէր սպասում իր ապարանքի առաջ հավաքված հոծ բազմությանը, որը կոչ էր անում նրան հետ գալ քաղաքականություն, այսինքն՝ տեղյակ չէր այդ ակցիայից, այն ինքնաբուխ է եղել։



- Պարո՛ն Մելքումյան, դուք Գագիկ Ծառուկյանին հետ եք կանչում քաղաքականություն որպես քաղաքակա՞ն գործչի, թե՞ որպես գործարարի, հեղինակություն ունեցող մարդու, որը ֆինանսական լուրջ ռեսուրս ունի։



- Տեսեք, չնայած նրան, որ 2015 թ. փետրվարյան իրադարձություններից հետո Ծառուկյանն ակտիվ քաղաքականությունից դուրս եկավ, բայց, ի պատիվ իրեն, նա շարունակեց հանրային կյանքի տարբեր բնագավառներում իր ակտիվ դերակատարումն իրականացնել։ Դա հեշտ բան չէ, քանզի քաղաքականությունից դուրս գալը համապատասխան հոգեվիճակ է ենթադրում։ Այսինքն՝ ինքը մնաց հայրենասեր եւ իր հայրենանվեր գործունեությունն իրականացնող մարդ։ Իսկ ինչո՞ւ ինքը պետք է այդ բազան ունենալով եւ ունենալով մեծ ներդրում քաղաքականության մեջ՝ ի դեմս ԲՀԿ-ի, չգա եւ չռեալիզացնի, եթե դա պետության շահերից է բխում։



- Նա կկարողանա ընտրություններում ԲՀԿ-ի համար հաղթանա՞կ ապահովել, թե՞, ամեն դեպքում, ԲՀԿ-ին պետք է իր ֆինանսական ռեսուրսներով, որ ծախսերը հոգա...



- Չէ, տեսեք, Գյումրու եւ Վանաձորի ընտրություններում տեսաք, որ ԲՀԿ-ն առանց փողի նորմալ արդյունքներ ապահովեց։ Մենք չենք ենթադրում, որ պետք է գնանք 6-7 տոկոս հավաքելու, ես առաջին հերթին Ծառուկյանին նայում եմ որպես պետական, քաղաքական եւ հանրային գործչի, որը պետք է գա, եւ դա պետությանն օգտակար է։ Կուսակցական շահերը՝ կոնկրետ ինձ համար էս պահին, երկրորդ պլանում են։ Ես ավելի շատ իր քաղաքական ներկայությունն ու քաղաքական գործընթացներին ազդեցությունն եմ գնահատում։ Թե մենք ոնց կինտեգրվենք, ինքն ինչ կորոշի՝ ինչ ձեւաչափով է գալու, դա միայն ինքը կարող է ասել։ Այսինքն՝ դա միայն «Բարգավաճ Հայաստա՞նն» է, ինչ-որ դաշինքայի՞ն է, թե՞ մեկ այլ ֆորմատ է լինելու։



- Կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ն կախված է Գագիկ Ծառուկյանից։



- Չէ, կախումը եկեք տենց... ես չեմ խորշի, որ ասեմ՝ փոխադարձ... իհարկե, առանց Ծառուկյանի ԲՀԿ-ն մի ուրիշ բան է, Ծառուկյանով՝ ուրիշ բան։ Դրա մասին միշտ էլ ասել ենք, չէ՞ որ Ծառուկյանով ԲՀԿ-ն շատ ավելի հզոր է։ Եվ հետո, բոլոր դեպքում, Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադիրն է։



- Այսինքն՝ Ծառուկյա՞նը պետք է իր վերադարձով ապահովի ԲՀԿ-ի՝ հաջորդ խորհրդարանում ներկայացվածությունը։



- Եկեք էդպես սեւ ու սպիտակ մի՛ նայեք կինոն։ Այո, դրա մեջ կա ճշմարտություն։ Չեմ ասում՝ Ծառուկյանի գալով կարող է միայն անցնի ԲՀԿ-ն, մենք չգիտենք ինչ կլիներ, բայց որ Ծառուկյանի գալով շատ կհզորանա ԲՀԿ-ն, եւ դա պետությանն ու քաղաքական դաշտին էլ օգտակար է, դա ակնհայտ է։



- Այսինքն՝ ԲՀԿ-ի, ինչո՞ւ չէ, նաեւ ԲՀԿ-ի հետ հույսեր կապող այլ ուժերի, անհատների քաղաքական ճակատագիրը պայմանավորված է հենց Ծառուկյանի վերադարձով։



- Եկեք իրադարձություններին նայենք ժամանակի եւ տարածության մեջ։ Կանցնի եւս երկու ամիս, նորից կհանդիպենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ