Ի՞նչ կապ ունեն Արագած Ախոյանն ու Աղվան Հովսեփյանը. հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկը բացահայտումներ է անում

Ի՞նչ կապ ունեն Արագած Ախոյանն ու Աղվան Հովսեփյանը. հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկը բացահայտումներ է անում

Արդեն 12 օր կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ազամարտիկ Սարգիս Ղազարյանն այսօր հենց կառավարության դիմաց հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ձայնագրություններ, որտեղ հնչում են ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունները:



Հիշեցնենք, որ ազատամարտիկը պնդում է, թե ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով «Արցախբանկի» աշխատակից Անուշիկ Շահրամանյանին, որը այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաշխառության համար Սարգիս Ղազարյանին դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:



Հրապարակած ձայնագրություններում զրույց է ընթանում Սարգիս Ղազարյանի և Անուշիկ Շահրամանյանի միջև, որտեղ Անուշիկը նշում է Արագած Ախոյանի անունը, ըստ որի` Աշոտ Մալխասյանը, ով «Արցախ» բանկի կառավարիչն է, գումարը տվել է Արագոյին, նույն ինքը՝ Արագած Ախոյանին, որը շենքը ունի, որ բնակարանները այս ինչ ժամանակներում հանձնվելու են. «Ի՞նչ լոլո ա կարդում, դու իրա՞ն ես հավատում, դե թող գա աչքերիս մեջ նայի, Աշոտը՝ տվել ա էդ գումարը Արագոյին, ես էլի եմ քեզ ասել, իրենք մի տրուսիկի մեջ մեծացած ընկերներ են: Ես հեռախոսով խոսել եմ Աշոտի հետ, ինքը ինձ պայմանագիր ա ցույց տվել Արագոյի և Աղվան Հովսեփյանի միջև, որ 18 բնակարան Աղվանն ա առնում, առնելու ա բնակարանները»:



Սարգիս Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հանդիպել է Աշոտ Մալխասյանի հետ, վերջինիս հետ զրույցի ժամանակ վախեցրել է ազատամարտիկին՝ տալով Արագած Ախոյանի անունը. «Ինձ ասում ա ՝ դու գիտե՞ս Արագածը ում ընկերն ա, ասի՝ ո՞ւմ ընկերն ա, բա՝ Գառնիկիչի, ասի՝ Գառնիկիչն ո՞վ ա, ինձ ասում ա՝ Աղվան Հովսեփյանը»:



Մանրամասները՝ տեսանյութում: