Քաղաքական գործիչները հիշում են Արմեն Երիցյանին (ֆոտոշարք)

Քաղաքական գործիչները հիշում են Արմեն Երիցյանին (ֆոտոշարք)

Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը։ Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ։



Էդուարդ Շարմազանով – Արմեն Երիցյանը մեծ հայ էր, պրոֆեսիոնալ պետական գործիչ, պարկեշտ անձնավորություն։ Ես բախտ եմ ունեցել վերջին տարիներին ընկերություն անել նրա հետ, ինքը իմ ավագ ընկերն է եղել, պայծառ անձնավորություն: Համոզված եմ, որ բոլորի հիշողություններում Արմենը Երիցյան կմնա որպես նախևառաջ իսկական հայ տղամարդ, իսկական պետական գործիչ, իսկական սպա, որի կարիքը մենք շատ ունենք: Մարդ, որը որտեղ աշխատեց, ում հետ շփվեց, միայն թողեց արժանապատվության հիշողություն: Համոզված եմ, որ չկա մարդ, որը ճանաչել և շփվել է Արմեն Երիցյանի հետ և այսօր հիացական խոսքեր չասի: Ինքը մարդուն կաջակցեր այնպես, որ այդ մարդը իրեն վատ չէր զգա: Ինքը պահանջկոտ էր, ընկերության մեջ էլ էր այդպես, բայց ամեն ինչի հիմքում պրոֆեսիոնալիզմն էր: Ամենաշատը պահանջկոտ էր ինքն իր հանդեպ: Թող Աստված իր հոգին լուսավորի, իրեն պահապան լինի, մեզ էլ իմաստություն, վճռականութուն ու կամք տա, որպեսզի իր կիսատ գործը շարունակենք։



Հովիկ Աբրահամյան – Արմեն Երիցյանին կներկայացնեմ որպես ազնիվ, պատասխանատու կառավարության անդամ, հայրենասեր։ Ինքը միշտ իր հայրենանվեր, հայանպաստ գործունեությամբ փայլել է և իր աշխատանքի ընթացքում եղել է շատ ազնիվ։ Ես խորը ցավ եմ ապրում և ցավակցում եմ իր հարազատներին: Մեզ համար մեծ կորուստ էր։ Ամենակարևորը, որն ինքը հասկացել էր, դա այն է, որ ոչ մի կոչում չի կարող փոխարինել մարդ կոչմանը։



Գալուստ Սահակյան - Իր ասածի խոսքի տեր... Հատկապես այս վերջին աշխատանքում լրիվ ապացուցեց, որ կկարողանա ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը հնարավորինս կաջակցի ժողովրդին։ Ես կարծում եմ, որ ժողովրդի հիշողության մեջ նա կմնա միշտ պայծառ։



Այնտեղ էին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, պաշտոնատար այլ անձինք: