Մի կաթիլ մեղրի պատմություն․ տոնածառ տեղադրելուց մինչև 2,5 տարի ազատազրկում

Մի կաթիլ մեղրի պատմություն․ տոնածառ տեղադրելուց մինչև 2,5 տարի ազատազրկում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով դատաքննությունը, դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը պահանջել է երկուսուկես տարվա ազատազրկում ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի համար՝ իր մեղադրական ճառում ամբողջությամբ ապացուցված համարելով, որ ակտիվիստը Ամանորի գիշերը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:



Գևորգի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ ապացույց չկա, որ Գևորգը կատարել է այդ արարքը, և հետո այդ ամբողջ միջադեպը տեսանկարահանված է առաջինի պահից մինչև վերջին պահը․ «Դատավորը պետք է դիտի տեսանյութը և տեսնի, քննիչը և դատախազը մատնանշում են երկու դրվագ, այդ երկու դրվագում հարված եղե՞լ է ոստիկանինկ, թե՞ ոչ։ Այնտեղ հստակ երևում է, որ եթե անգամ Սաֆարյան Գևորգը ուզենար հարվածել, չէր կարող, քանի որ 2,5 մետր հեռավորություն կա իր և ոստիկանի միջև, բացի դրանից էլ երկու հոգի մեջտեղում կանգնած են, այսինքն՝ Գևորգի ձեռքը չէր կարող 2,5 մետր հեռավորության վրա հարվածել։ Դատախազը փորձում է հասարակությանը համոզի, որ այստեղ ոստիկանները իրենց պաշտոնական պարտականություններն են կատարել այդ օրը, այդ վայրում։ Բայց դա այդպես չի, որովհետև ոստիկանի պարտականության մեջ չի մտնում առանց հիմքի ուժ գործադրել, ոստիկանի պարտականության մեջ չի մտնում հայհոյել և քաղաքացիներին ծեծել։ Ոստիկանությունն է տեսանյութը ուղարկել դատարան, որտեղ երևում է, որ Գեղամ Խաչատրյանը սարսափելի հայհոյանքներ է ուղղում Գևորգ Սաֆարյանի հասցեին, Գևորգ Սաֆարյանի կողքին կա մեկ կին և երկրորդը երիտասարդ աղջիկ։ Այսինքն՝ ոստիկանության հրամանատարը՝ Գեղամ Խաչատրյանը, Ամանորի գիշերը լկտի հայհոյանքներ է ուղղում Գևորգի Սաֆարյանի հասցեին, այն դեպքում, երբ կողքը կանայք և աղջիկներ կան կանգնած, և սա դատախազը ներկայացնում է որպես ոստիկանի կողմից պաշտոնական պարտականությունների կատարում։ Մենք դատարանում հարցրեցինք Գեղամ Խաչատրյանին՝ այս-այս հայհոյանքին դուք եք պատասխանել, ասաց` այո ամեն մի հայհոյանքին եռապատիկ ձևով պատասխանել եմ։ Ինքը դատարանում կանգնեց և ասաց՝ ես եռապատիկ հայհոյանքներով պատասխանել եմ։ Այսինքն՝ ոստիկանության հրամանատարը «գողական» հասկացողությունը պահեց անգամ դատարանում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույն տեսանյութն է դիտել և ոստիկանապետին գրություն էր ուղարկել՝ բացատրեք, թե ի՞նչ է կատարվում, ոստիկանները ինչո՞ւ են առանց հիմքի ծեծում քաղաքացիներին, որից հետո մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական տվեց։ Ոստիկանը հերթապահության ժամանակ կարող է գողություն կատարել, խուլիգանություն անել։ Գեղամ Խաչատրյանը իր հերթապահությունից առաջ ֆեյսբուքյան անձնական էջում գրել է՝ գնում եմ հրապարակում զվրնող կապիկներին քշելու, այսինքն՝ Գեղամ Խաչատրյանը հրապարակի ցուցարարներին որպես կապիկ է դիտել ու հենց գործողություններն էլ արել է։ Դատախազը կոծկում է հանցագործությունը»։



-Պարոն Հայրապետյան, դատարանի վերաբերմունքը ինչպիսի՞ն է։



Նախագահող դատավորը շատ փորձված, շատ լավ իրավաբան է ու ամենադժվար դատական նիստերը իրեն են մակագրում, որովհետև ինքը կարողանում է ամեն ինչ բերել օրինական դաշտ, բայց մեր պարագայում դատավորը հասկանում է, որ այստեղ ոչինչ չկա, կարելի է պատվեր կատարել, բայց պատվեր կատարում ես այնպես, որ ստացվում է, որ դա օրինականի նման է լինում։ Մեր պարագայում միջադեպը տեսանկարահանված է։ Ինձ թվում է՝ նախագահող դատավորը շատ լավ հասկանում է, քան բոլորս, քանի որ նա շատ փորձված է։ Եթե ենթադրենք Գևորգը մեղավոր է, ապա պատժաչափը պետք է լիներ 300-ից 500 հազար դրամ, կալանք մեկ ամիս կամ ազատազրկում 3 ամսից 1 տարի։



Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, տոնածառի հագուստով Երևանում շրջող ակտիվիստի պատճառով: Երեք անձ բերման էր ենթարկել, որոնցից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, կալանավորվել էր:



Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ