Ո՞վ կա աշխարհում ինձնից գեղեցիկ. սելֆիի մասին

Ո՞վ կա աշխարհում ինձնից գեղեցիկ. սելֆիի մասին

Տանը, համալսարանում, դպրոցում, սրճարանում, ռեստորանում, փողոցում, ճաշելիս, ընթրելիս, սրճելիս…ամենուր սելֆիներ: Եթե աղջիկները հաճախ սելֆիներ են անում՝ ընդգծելով իրենց գեղեցկությունը, առավելությունները, որոնք հաճախ դառնում են թերություններ՝ կորցնելով բնականությունը (օրինակ՝ սելֆիներ են անում շուրթերը արհեստականորեն մեծացնելով), ապա տղաներն ավելի հաճախ ցուցադրում են իրենց առնականությունը՝ ուշադրութուն հրավիրելով իրենց մկանոտ կազմվածքի վրա, կամ տպավորություն են ցանկանում հաղորդել՝ սելֆի անելով ավտոմեքենաների ուղեկցությամբ: Մարդիկ, հաճախ ցանկանալով հավաքել ավելի շատ like-եր, լուսանկարվում են առաջին հայացքից ամենաանհավանական թվացող վայրերում, օրինակ՝ վիրահատարանում, ատամնաբուժարանում, զուգարանում՝ հայելիների թագավորության մեջ։



HTC ընկերության մասնագետները, ուսումնասիրելով 18-30 տարեկան 2000 հազար կամավորների գործունեությունը, հայտնում են, որ տղամարդիկ ավելի հաճախ են սելֆի անում, քան կանայք։ Օրինակ, եթե տղամարդիկ համացանցում հրապարակում են 3 սելֆի, այդ ընթացքում կանայք հրապարակում են 1.6։ Հետաքրքիր է, որ  ավելի գրավիչ լինելու համար տղամարդկանց 76 տոկոսը  հաճախ լուսանկարում են իրենց մարմինը, մինչդեռ կանանց սելֆիների միայն 45 տոկոսն է արվում գրավչությունը ցուցադրելու համար։ Ինչպես նաև, տղամարդկանց 25 տոկոսը սելֆի անում է նախկին ընկերուհիների մոտ խանդ առաջացնելու համար, իսկ կանանց միայն 13 տոկոսն է սելֆի անում այդ նպատակով։



Ինքնալուսանկարահանման կամ սելֆիի չարաշահումների մասին զրուցել ենք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Հերգնյանի հետ:



Հոգեբանը նշում է, որ ինքնալուսանկարը կամ սելֆին այժմ լայն տարածում գտած երևույթ է ամբողջ աշխարհում ` անկախ սեռից, տարիքից և սոցիալական դիրքից: Դեռևս չկան համապատասխան ուսումնասիրություններ, որոնք կփաստեն սելֆիի՝ պաթոլոգիա առաջացնող հիմքերը:



«Կարելի է ենթադրել, որ սելֆի անում են հիմնականում այն անձինք, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական, բնավորության շեշտված գծեր՝ կպչուն են կամ ցուցադրական, ինչպես նաև նրանք, ովքեր հեղինակություն են, օրինակ՝ հանդիսանում են ինչ-որ կազմակերպության դեմքը»,- նշում է Մարիամ Հերգնյանը:



Հոգեբանը նշում է, որ 21-րդ դարը համարվում է նարցիսիզմի դարաշրջան, այսինքն՝ մարդիկ ունեն ավելի մեծ հետաքրքրվածություն սեփական անձի հանդեպ, քան անհրաժեշտ է:



Պետք է նշենք, որ յուրաքանչյուր երևույթ չափի մեջ ընդունելի է, այդ թվում և սելֆին:



Հաճախ սելֆիներ ենք անում մեր կյանքի ուրախ ակնթարթները կամ իրադարձությունները անմահացնելու և այդ պահերով մտերիմների հետ կիսվելու համար։



13 ամյա Սիրանույշը հաճախ չէ սելֆիներ անում։ «Ես հազվադեպ եմ սելֆի անում, և լուսանկարվում եմ ամենամտերիմ ու սիրելի ընկերներիս հետ։ Պարզապես սելֆիով հեշտ է լուսանկարվել, էլ ուրիշին չես խնդրում, որ քեզ նկարի։ Ես սելֆի եմ անում կյանքիս  հաճելի և ուրախ պահերը հետագայում հիշելու համար»,-ասում է Սիրանույշը։ 



Վերոնշյալ օրինակին հակառակ՝ գոյություն ունի նաև սելֆի անելու պաթոլոգիա։



«Բոլոր այն երևույթները, որոնք չարաշահում են նորման, անցում են կատարում դեպի պաթոլոգիայի սահման,-նշում է Մարիամ Հերգնյանը և հավելում,-նույնը կարող ենք ասել նաև սելֆիի մասին»:



Հոգեբանի կարծիքով՝ սելֆիի չարաշահումը առաջնահերթ կարելի է դասել կախվածությունների շարքին, երկրորդ՝ այն ցուցադրական վարքի արտահայտման ձև է: Այն հաճախ կարող է հանգեցնել ներփակման: Մենք լուսանկարվելիս ֆիքսվում ենք մեր թերությունների վրա և փորձում այնպես անել, որ դրանք լուսանկարում ակնառու չերևան: Սակայն, պետք է նշել, որ յուրաքանչյուր սելֆիից հետո, հատկապես, եթե այն արձագանք չի գտնում սոցիալական ցանցերում, կարող է մարդու մոտ խորանալ անվստահությունը սեփական անձի հանդեպ:



«Սելֆին առաջին հերթին սեփական անձին ինչ-որ բան ապացուցելու ձև է, հատկապես, երբ դա արվում է գեղեցկանալուց հետո: Մենք ենթագիտակցորեն փորձում ենք նույնականանալ մեզ համար հեղինակություն հանդիսացող ինչ-որ անձի հետ: Երբ արդեն մենք ինչ-որ չափով զգում ենք, որ նույնականացել ենք տվյալ անձի հետ , փորձում ենք շրջապատին նույնպես ցուցադրել , ինչու չէ, նաև ապացուցել, որ մենք էլ կարող ենք հեղինակություն լինել, ինչպես նա, ում փորձել ենք նմանվել»,-ասում է հոգեբանը:



Ինչպես նշում է Մարիամ Հերգնյանը, սելֆիի չարաշահումը, և առհասարակ, կախվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներից և սոցիալական կայքերից դեֆորմացնում են անձը` դարձնելով առավել ինքնամփոփ, նպաստում անձի մոտ դեպրեսիվ հոգեվիճակների առաջացմանը:



Հոգեբանը սելֆին չարաշահողներին խորհուրդ է տալիս.«Դու՛րս եկեք սեփական կաղապարների միջից, որոնք ինքներդ եք ստեղծել Ձեզ համար, քանի որ շրջակա աշխարհը առավել հետաքրքիր է ու հմայիչ: Նայե՛ք Ձեզ այլ մարդկանց աչքերով, այլոց լուսանկարների միջոցով, իսկ ինքներդ էլ լուսանկարե՛ք մեզ շրջապատող մեծ ու հիասքանչ աշխարհը»:



Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ