Ինչպես սնվել Ամանորին. խորհուրդ է տալիս սննդաբանը

Ինչպես սնվել Ամանորին. խորհուրդ է տալիս սննդաբանը

Այս օրերին արդիական, ինչպես նաև օգտակար է իմանալ տոներին գրագետ սնվելու մի քանի կանոններ՝ մարսողական խնդիրներից խուսափելու նպատակով։ Hraparak.am-ի հետ զրույցում սննդաբան Լիդիա Այվազյանը  նշել է, որ հայկական ամանորյա սեղաններին շատ են մսատեսակները։ Հիմնական սխալն այն է, որ մարդիկ մսային բաղադրություն ունեցող ուտեստները միաժամանակ ուտում են մեկ սննդընդունման ժամանակ։ «Մեր օրգանիզմը մեկ սննդընդունման ժամանակ չի կարողանում մարսել 150 գրամից ավել սպիտակուց, որն առկա է մսային ուտեստներում: Ավելցուկային սպիտակուցը հաստ աղիներում դառնում է սնունդ բակտերիաների համար։ Արդյունքում ունենում ենք փքվածություն, վքնածություն, հնարավոր է նաև՝ փորլուծություն։ Կարևոր է նաև իմանալ, որ չի կարելի մեկ սննդընդունման ընթացքում սպիտակուցային մթերքը խառնել ընդեղենի հետ, օրինակ՝ պասուց դոլման և ձուկը, կամ մսային այլ կերակրատեսակներն ընդեղենի հետ անհամատեղելի են, քանի որ լոբազգիները չեն թողնում, որ մսային ուտեստները մարսվեն»,-ասում է Լիդիա Այվազյանը։



Մարսողական խնդիրներ կարող են առաջացնել նաև գազավորված ըմպելիքների օգտագործումը։ Գազավորված ընպելիքները մարսողությանը խանգարում են, և խորհուրդ չի տրվում ուտելու ընթացքում, ցանկալի է նաև առհասարակ, գազավորված ըմպելիքներ խմել։



Լիդիա Այվազյանը խորհուրդ է տալիս գոնե երեկոյան ժամերին ծանր ուտեստներ չուտել, ինչպես նաև մարսողական խնդիրներից խուսափելու նպատակով երեկոյան օգտագործել մածուն կամ կեֆիր՝ դարչինի հետ խառնած։ Մեկ երեկոյի ընթացքում այդ խառնուրդից կարելի է խմել 300-500մլ.: Առողջ սնվելու կարևոր պայմաններից է քնելուց 3-4 ժամ առաջ չուտել, իսկ մածունը կամ կեֆիրը կարելի է օգտագործել քնելուց 1-2 ժամ առաջ։



Տոնական սեղանների անբաժան ուղեկիցներն են ալկոհոլային խմիչքները։ Սննդաբանը նշում է, որ ամենամեծ սխալը, որ թույլ են տրվում տոնական օրերին, ալկոհոլային խմիչքներն իրար խառնելն է։ «Հայերիս մեջ տարածված է օղու կիրառությունը մեծ չափաբաժիններով։ Օղին խմում են կոնծելով, որը վնասակար է առողջության համար,-ասում է մասնագետը, ապա հավելում,-կոնյակը, վիսկին խմում են կում-կում, այսինքն՝ մեկ երեկոյի ընթացքում կարող են վայելել ընդամենը 1 գավաթ։ Եթե խմելն անխուսափելի է, ապա գոնե խմե՛ք կոնյակ, վիսկի, գինի, որպեսզի կում-կում խմելով չանցնեք թույլատրելիի սահմանը։ Եթե օղին կխմե՛ք կում-կում և քիչ, կարող եք խմել»,-խորհուրդ է տալիս սննդաբանը: Ապա նկատում է, որ հայկական իրականությունում օղին այդպես խմելու մշակույթ չկա։ Եթե կոնյակի կամ վիսկիի դեպքում մեկ երեկոյի ընթացքում վայելում են մեկ գավաթ, ապա օղու դեպքում դա կարող է լինել մեկ շիշ։ Կախված ալկոհոլային խմիչքի տեսակից՝ մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել տարբեր չափաբաժիններով: Օրինակ՝ մեկ երեկոյի ընթացքում գարեջուր կարելի է խմել 500 մլ․, գինի՝ 150-300 մլ․, օղի՝ 30-60 մլ․։ «Սակայն, եթե, այնուամենայնիվ, արդեն չափից ավել ալկոհոլ եք օգտագործել, որի արդյունքում, բնականաբար, ինքնազգացողությունը լավ չէ, ապա խմե՛ք մեծ քանակով հեղուկներ՝ ալկոհոլը օրգանիզմից արագ դուրս բերելու նպատակով»,-խորհուրդ է տալիս Լիդիա Այվազյանը:



Սննդաբանի հետ զրուցեցինք նաև սննդամթերքի ճիշտ պահպանման պայմանների մասին: «Ամենահաճախ թույլատրվող սխալներից է այն ուտեստների երկար պահպանումը, որոնց մեջ առկա է թթվասեր կամ մայոնեզ։ Եթե աղցաններ եք պատրաստում, բաղադրիչները կտրատած պահե՛ք, սակայն միմյանց խառնե՛ք և թթվասերը կամ մայոնեզն ավելացրե՛ք մատուցելուց անմիջապես առաջ։ Հիմնական թունավորումները լինում են հենց աղցաններից, ինչպես նաև խմորեղենից »,-ասում է մասնագետը:



Ինչպես տեսնում ենք գոյություն ունեն առողջ սնվելու բազմաթիվ նրբություններ, իսկ առողջ սննդակարգն առողջ կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է: Համեղ սնվենք, վայելենք Ամանորը և միաժամանակ ուշադիր լինենք մասնագետների խորհուրդներին:



Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ