Ի՞նչ կտա Տիգրան Կարապետյանը Սեյրան Օհանյանի դաշինքին

Ի՞նչ կտա Տիգրան Կարապետյանը Սեյրան Օհանյանի դաշինքին

«Ինչու Սեյրան Օհանյան, որովհետև ես բոլորի կարողությունները գիտեմ, վաղուց եմ քաղաքական դաշտում, բոլոր կուսակցությունների, դաշինքների կարողությունները գիտեմ, մոտեցումներն էլ։ Շատ դեպքերում աթոռակռիվ ա գնում, ուզում են խորհրդարան անցնեն։ Մեծ նպատակներ չկան, իսկ Սեյրան Օհանյանը Արցախի հերոս ա, մաքուր մարդ ա, անձնական ճանաչում են, համակրում են։ Ընդեղ կա Վիկտոր Դալլաքյանը, որը շատ խելացի անձնավորություն ա, որին ևս համակրում եմ։ Մնացածը բաց դաշինք ա, էդ էլ ա ինձ հրապուրում։ Ոչ թե ընտրում են, բոլորին են հրավիրում։ Դա ինձ դրդեց, և մենք խորհրդի նիստ անցկացրեցինք և որոշեցինք միանալ ու միացանք»,- Սեյրան Օհանյանի դաշինքին միանալու իրենց որոշումն այսպես ինքն իրեն հարց տալով պատասխանեց «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։



Hraparak.am-ը նկատեց, թե այդ դաշինքում ամեն մեկին մի «այիբ» կպցնում են, Վարդան Օսկանյանին կապում են Քոչարյանի ու Մարտի 1-ի հետ, Սեյրան Օհանյանին՝ բանակի խնդիրների, նաև էլի Մարտի 1-ի, Վիկտոր Դալլաքյանի մասին ասում են, որ ճամբարափոխ է եղել, Պարույր Հայրիկյանի մասին․․․ երևի ամեն ինչ ասված է իր մասին։



Կարապետյանն ասաց, որ այդպես տրամաբանելու դեպքում բոլորի անվան հետ էլ կարելի է մի բան կապել։ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ, որ վերցնենք, օրինակ՝ Արամ Սարգսյանը եղել է մի երկու-երեք ճամբարում, որ սենց վերցնենք, յուրաքանչյուր մարդու վրա կարելի ա ինչ-որ մի բան գտնել։ Բայց դա է մեր ցանկությունը, անհրաժեշտությունը, որ մի բան գտնենք մարդու վրա։ Իմ հասկացողությամբ՝ ազգի խնդիր ա գնում էստեղ, իշխանավորներն արդեն խուճապի մեջ են։ Դուք հասկացեք, էդ բոլոր մարդիկ իշխանության շարքերից են դուրս եկել ու դուրս են գալիս հրատապ։ Դա հենց այնպես չի»,-ասաց նա, հետո հիշեց Հովիկ Աբրահամյանին, որ վերջերս էլ նա դուրս եկավ իշխանությունից։



Կարո՞ղ է ինքն էլ միանա Օհանյանի դաշինքին, Տիգրան Կարապետիչն ասաց, որ ոչ, Աբրահամյանը կմիանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին, եթե միանա։ Նկատեցինք, որ այդ մարդիկ «հանուն ազգի փրկության» չեն հեռացել իշխանություններից, այլ իրենց անձնական հարցերը այլևս չեն կարողացել լուծել այս իշխանության մեջ և հիմնականում նեղացվածության պատճառով են լքել իշխանական ճամբարը։



«Ես այդպես չեմ համարում, չնայած՝ միմյանց հանդեպ անվստահությունը կա։ Օրինակ՝ գիտե՞ք ինչ, ես միացել եմ, ո՛չ հավակնություն ունեմ, ոչ ինչ-որ տեղ եմ ասել ինձ գրեն։ Ամենակարևորը․ քաղաքական դաշտը որ միանա, ու իշխանությունը չկարողանա միշտ բարձունքում լինել»,-նշեց նա։



Մեր հարցին, թե ինքն ի՞նչ է տալու Սեյրան Օհանյանի դաշինքին և ի՞նչ է ուզում ստանալ դրանից, պարոն Կարապետյանն ասաց․ «Լեգիտիմություն, որովհետև ժողովուրդը գիտի, որ ես ինչ-որ սխալ բան չեմ անի մեծ առումով ու չեմ էլ արել մինչև այսօր։ Երկրորդը՝ ինչ եմ ուզում ստանալ, ոչ մի բան չեմ ուզում ստանալ։ Քաղաքական դաշտը կայանա, կարողանա իշխանափոխություն անի, համակարգ փոխի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ