Մենք բողոքավոր ձայների, ընտրակաշառք վերցնողների հետ գործ չունենք

Մենք բողոքավոր ձայների, ընտրակաշառք վերցնողների հետ գործ չունենք

Հայ հեղափոխական դաշնակցությունն ընտրություններին կմասնակցի առանց որեւէ դաշինքի՝ միանձնյա։ ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը վստահեցնում է, որ այլ ուժերի հետ դաշինքային բանակցությունների մասին լուրերը սուտ են՝ ՀՅԴ-ն 99.9 տոկոսով առանձին կմասնակցի ընտրություններին, եւ իրենք մինչ օրս այդ թեմայով որեւէ մեկի հետ չեն բանակցել ու չեն բանակցում։ Կուսակցության համամասնական ցուցակը դեռ հստակեցված չէ, պարզ չէ նաեւ, թե ով կգլխավորի այդ ցուցակը։ Այս պահին ճշտում են ռեյտինգային ընտրակարգով իրենց տարածքային թեկնածուների ցանկերը։ Ներկա պահին այդ ցանկը 60-65 տոկոսով պարզ է։ Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ բոլոր հայտնի, հեղինակություն ունեցող դեմքերը՝ մարզպետներ, նախարարներ, պատգամավորներ եւ այլք, անպայման ներգրավված կլինեն ընտրապայքարում։ Թե ով ինչ ձեւաչափով կմասնակցի, դեռ հստակեցվում է։ Նրանց կողքին կլինեն նաեւ նոր դեմքեր։



«Դաշնակցությունը խնդիր չունի աջ ու ձախ ընկնելու, դաշինքներ կազմելու։ Պառլամենտ մտնելը մեզ համար գերնպատակ չէ։ Մենք, իհարկե, պառլամենտում կլինենք շատ ավելի ներկայացված, քան նախկինում էինք։ Դաշնակցությունը չի կարող դաշինքներ կնքել քաղաքական ուժի հետ, որի հետ իր տեսակետները հիմնական հարցերում տարբեր են։ Չի կարող իր առաջնահերթությունները թողնել եւ ասել՝ լավ, սրա հետ էլ միանամ, որ ավելի շատ ձայն բերեմ։ Մենք դրանով ենք տարբերվում մյուսներից»,-դաշինք կազմելու վերաբերյալ այսպես արտահայտվեց պարոն Վարդանյանը։



- Այսօր արդեն երեք դաշինք է ձեւավորվել՝ Ծառուկյանի դաշինքը, Օհանյանի դաշինքն ու «Ելքը»։ Այս ֆոնին ՀՅԴ-ի շանսերն ինչպե՞ս եք գնահատում, եւ արդյոք դժվար չի՞ լինի մրցակցել այս դաշինքների հետ եւ ավելի շատ տեղ ունենալ խորհրդարանում։



- Այն, որ քաղաքական դաշտում պիտի գնա խոշորացում, եւ պառլամենտական համակարգը թելադրում է միավորումներ, ակնհայտ է։ Եվ դա առաջին հերթին մեր արածն է։ Մրցակցությունը մեծանալու է, այո, բայց Դաշնակցությունը ե՞րբ է վախեցել մրցակցությունից։ Եվ մարդիկ՝ գիտակից մարդիկ, մտածող, համեմատելու են։ Երկրում այսօր սկիզբ է դրվել որակական փոփոխությունների՝ տեսնի մի մասը, թե չտեսնի։ Երկրում այսօր ռեալ բաներ են սկսել կատարվել։ Կախված նրանից, թե որքան մեծ կլինի Դաշնակցության ներկայությունն ապագա պառլամենտում, այդ փոփոխությունները կխորանան, որակ կստանան, կդառնան ամեն քաղաքացու համար տեսանելի։



- Դաշնակցությունն այսօր կոալիցիա է կազմել Հանրապետականի հետ։ Արդյոք ընտրություններից հետո կշարունակե՞ք ՀՀԿ-ի հետ ձեր կոալիցիոն համագործակցությունը։



- Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից։ Կանխատեսել ընտրությունների արդյունքները՝ անշնորհակալ գործ է։ Մեր համագործակցությունն անժամկետ է։ Մենք դրա հիմքում դրել ենք խնդիրներ, որոնք այսօր ընթացքի մեջ են։ Եթե մենք կկարողանանք համատեղ ունենալ մեծամասնություն, բնականաբար, կշարունակենք։ Ընտրություններն ավարտվելու են, թղթի վրա գրվելու է, թե որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Տրվելու է ժամանակ՝ կոալիցիա կազմելու։



- Դուք այսօր այն իշխանության մեջ եք, որից դժգոհ է ժողովուրդը։ Կոալիցիայում լինելը չի՞ ազդի ՀՅԴ-ի ձայների քանակի վրա։



- Իհարկե, չի ազդի։ Մենք երբեք բողոքավոր, դժգոհ, որ ինչ էլ անես՝ դժգոհելու է, մենք էդ ձայների հետ գործ չունենք։ Մենք գործ չունենք նաեւ այն ձայների հետ, որոնք վաճառվում են ընտրակաշառքով։ Մենք գործ ունենք հասարակության այն հատվածի հետ, որը, իմ կարծիքով, շատ մեծ է, որը մտածում է, գիտակցում է, համեմատում է քաղաքական ուժերին, տեսնում է, թե ով ինչ է արել եւ ինչ է անում, ով սկզբունքային է եղել եւ ով է շաբաթը մեկ տեսակետ փոխել։ Հասարակության մեջ կա նաեւ մարդկանց մի մեծ զանգված՝ առնվազն 20 տոկոս, որոնք ինքնուրույն են։



- Բայց հասարակության մի ստվար հատված էլ ցանկանում է նոր, թարմ դեմքեր տեսնել, շատերը հոգնել են նույն դեմքերից՝ թե՛ Դաշնակցությունից, թե՛ Հանրապետականից։



- Դուք ինձ ասեք՝ այսօրվա ձեւավորվող դաշինքներում ովքե՞ր են այդ նոր դեմքերը, ովքե՞ր են, որ ավելին կարող են անել։



- Լավ, Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն, Սեյրան Օհանյանը մտավ ակտիվ քաղաքականության մեջ, Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ իշխանությունից։ Այս ամենի շուրջ ի՞նչ եք մտածում։



- Հովիկ Աբրահամյանի մասով ասեմ՝ դա իմ խնդիրը չէ, դա ՀՀԿ-ի ներքին խնդիրն ու Հովիկ Աբրահամյանի անձնական խնդիրն է։ Ես մի բան կարող եմ ասել, որ մրցակցությունն ավելի թեժ կլինի, ավելի հետաքրքիր կլինի։ Վերջերս հրապարակային դաշտում մեր գործիչներից մեկը հայտարարում է, որ քառօրյա պատերազմը հաղթել է Սեյրան Օհանյանը։ Այդ նույն գործիչն ու իր նմանները քառօրյա պատերազմից հետո ինչ ասես ասում էին բանակի վիճակի եւ այլնի մասին։



- Ի դեպ, Ձեր նախընտրական ցուցակում կարծես թե սկսում են ավելանալ բժիշկները, սա ինչո՞վ է պայմանավորված, գուցե ՀՅԴ-ն ցանկանում է ապավինել բժիշկների՞ հեղինակությանը, համարում եք, որ նրանք մաքուր, սպիտակ խալաթով կմտնեն քաղաքականություն, կբուժեն հիվանդներից․․․



- Գիտե՞ք, շատ պարզունակ մոտեցում է։ Եթե մենք հանրապետության 13 ընտրատարածքներում բոլոր հնարավոր տեղերում առաջադրենք թեկնածուներ, պիտի ունենանք մոտ 165 թեկնածու։ Եթե դրանց մեջ երեք կամ հինգ հոգի կլինեն բժիշկներ, դա մեր սոցիալական շերտերից մեկն է։ Անտրամաբանակա՞ն կլինի, եթե 165 հոգու մեջ 5 հոգին էլ բժիշկ լինի։ Երբ որ մեր ցանկերը պարզ կլինեն, Դուք ինքներդ կդատեք։ Մեզ հետ գալիս են մարդիկ, ովքեր կիսում են մեր մոտեցումները։



- ՀՅԴ սփյուռքի կառույցներն ի՞նչ մասնակցություն կունենան ընտրություններին, եւ արդյոք սփյուռքահայեր կլինե՞ն ՀՅԴ ցուցակում։



- Չեմ բացառում, որ կլինեն նաեւ սփյուռքահայեր ցուցակում, որոնք կբավարարեն պահանջներին։ Այո, Սփյուռքում մեր կառույցները փորձելու են, բնականաբար, աջակցել մեզ իրենց կապերով, իրենց հարաբերություններով, իրենց ներդրումներով։ Բայց դա չի նշանակում, թե Սփյուռքից պետք է գան այստեղ քվեարկելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ