«ՀԱՅԼՈՒՐԸ»՝ ԵՐԿՆԱՄԵՐՁՈՒՄ

«ՀԱՅԼՈՒՐԸ»՝ ԵՐԿՆԱՄԵՐՁՈՒՄ

Բարձր գյուղ է Երկնամերձը, ամպերին կպած, ոտքերը՝ ջրերի մեջ: Ջրերը՝ զրնգուն, վճիտ, արագահոս: Առուները՝ միշտ ծաղկած, բուրավետ: Գարնանը մի քիչ ուշ է ծաղկում գյուղը, բայց ծաղիկն աննման է: Ուրիշ ոչ մի տեղ նման ծաղիկ չես հանդիպի՝ վառվռուն, ընդգծված գույներով: Աղջիկները, կանայք Երկնամերձում դարձյալ վառվռուն թշեր ունեն:



Թվում է, թե համբուրես՝ թշերից կակաչ կկաթի: Տղաները, տղամարդիկ հպարտ են, բարձրահասակ, սլացիկ, ինչպես իրենց լեռները: Երկնամերձը քաղաքականությունից հեռու է, քաղաքակրթությանը՝ մոտ: Երկնամերձի քաղաքականությունը տարվա եղանակներն են, որ գարնանը քամիներ չլինեն, ամռանը՝ կարկուտ, աշնունը տաք լինի, որ ձմռանն առատությունը հոսի: Բոլոր տների տանիքներին արբանյակային ալեհավաքներ կան, բոլորը համակարգիչներ ունեն՝ ինտերնետ կապով, ու մոլորակը փոքրացել, մի բուռ է դարձել, եկել-տեղավորվել է երկնամերձցու տանիքի տակ. մի բուռ աշխարհ՝ սեղմիր ու Ամերիկայում ես, Եվրոպայում, Ավստրալիայում, ուր կուզես: Առաջ էր կտրված, լքված, բարձիթողի: Մի նամակ ուղարկելու համար պիտի շրջկենտրոն հասնեիր, իսկ պատասխանը շաբաթներով ուշանում էր: Գրում էին՝ նախքան նամակիս բուն իմաստը, ընդունիր իմ սրտից բխած ջերմ ու կարոտալի բարեւները: Հիմա գրում ես՝ բարեւ, ու Ամերիկայում ապրող հարազատդ անմիջապես պատասխանում է՝ բարի երեկո, մեզ մոտ արդեն պատրաստվում ենք քնելու: Սա դեռ մի կողմ. հետն էլ տեսնում ես, թե հարազատդ տանն ինչով է զբաղված: Խեղճ մոլորակ, էս ինչպե՞ս փոքրացար, մի բուռ դարձար, ու հիմա Երկնամերձն ավելի մեծ է, քան դու, ավելի հզոր, քան դու, ավելի հպարտ, քան դու:



Երկնամերձում ընտրությունը տոն է: Ընտրում են գյուղապետ ու երեք օր քեֆ անում, ինչպես իրենց հարսանիքներում: Անցնող ու չանցնող գյուղապետի թեկնածուները հարազատի պես ուրախանում են, գյուղը պար է բռնում, սեղանները՝ առատ, առանց դրսից եկած պաշտոնական, քեֆ հարամող կուսակցական հյուրերի: Զարմանալի է, բայց այսպես է ապրում Երկնամերձն ու ծիծաղում աշխարհի վրա, տխրում աշխարհի համար, Երկնամերձից դուրս ապրող մարդու համար, որ իրար կոկորդ են կրծում, իբր ընտրություն անում ու բոլոր միջոցներով իրար վարկաբեկում, հայհոյում, նվաստացնում ու, մեկ էլ տեսար՝ ընկերանում: Էս աննամուսության դեմ հազար կողպեք ու հազար սահման է դրել երկնամերձցին, որ չմտնի, չապականի գյուղը: Իր աննամուսությունը գյուղ մտցնելու համար հազար բանալի է կռել իշխանավորը, հազար քստմնելի միջոցի դիմել, սակայն ոչ մի բանալի չի բացել երկնամերձցու թե՛ դռան, թե՛ սրտի կողպեքը: Սակայն իշխանավորի միտքը միշտ ճկուն է եղել, ու եթե հազար միջոցը չի օգնել, հազարմեկերորդն են մտահղացել, հազարերկուսը, այնքան, մինչեւ հասնեն նպատակին:



Այս անգամ էլ միջոց գտան՝ «Հայլուրի» թղթակցին գործուղել Երկնամերձ: Թղթակիցը Երկնամերձի ծնունդ էր, ճանաչված լրագրող: Հրավիրեցին նախագահական՝ ռեպորտաժի սցենարը նախօրոք գրված: Ասացին՝ հանձնարարությունը պատշաճ կերպով կկատարես, ու վաստակավորի կոչումը՝ քեզ նվեր: Հանձնարարությունն էլ ինչ էր՝ հասարակ բան. երկնամերձցին պետք է գովեստի խոսքեր ասեր գործող նախագահի հասցեին: Թղթակիցն այդքան էլ միամիտ չէր: Դուրս եկավ նախագահականից ու իշխանության մտահղացման մասին տեղեկացրեց Երկնամերձին, որ հանկարծակիի չգան, որ իրենք էլ սցենար մշակեն, այնպես, որ համ տակից դուրս գան, համ էլ թղթակիցը չոր դուրս գա իշխանական պղտոր ջրից: Դե, արյուն էր, Երկնամերձի վճիտ աղբյուրներից հոսող արյուն:



Գյուղը տեղը տեղին պատրաստվեց: Մուտքին շլացող կարմրով, ճերմակ, մեծ տառերով ցուցանակ փակցրեց. «Երկնամերձում նախագահական ընտրությունը տոն է»: Թղթակիցը հրահանգեց, որ օպերատորը խոշոր պլանով նկարի ցուցանակը: Նկարեց: Խմբված գյուղացիները ծափահարեցին: Հանդիսավորությամբ հայլուրականներին ուղեկցեցին գյուղ: Ամենատարեցը Մովսեսն էր՝ գյուղի պատմության երկարամյա ուսուցիչը, ով իր դրախտային այգու մեջտեղում բազմած՝ պետք է հիմնավորեր, թե այս ու այն կատարած լավ գործերի համար Երկնամերձը սատարում է գործող նախագահին:



- Պատրա՞ստ ես,- հարցրեց թղթակիցը Մովսես Ապրեսյանին:



- Պատրաստ եմ, լաո, պատրաստ եմ,-պատասխանեց պատմության ուսուցիչը:



- Դե, գիտես, ընկեր Ապրեսյան, թե ինչպես է նախագահ Քոչարյանի օրոք ծաղկել Երկնամերձը, քանի աշխատատեղ է բացվել, ինչքան է բարձրացել երկնամերձցու կենսամակարդակը, արտագաղթ չի եղել, ընդհակառակը՝ վերադարձել են, իսկ ապագան խոստումնալից է: Եթե պարոն Քոչարյանը կրկին վերընտրվի ՀՀ նախագահ, այս գործընթացը շարունակական կլինի:



- Գիտեմ, լաո, գիտեմ, կասեմ, ինչի՞ չեմ ասի, մեկառմեկ կասեմ: Բա նախագահ ենք ընտրում, չասե՞մ,- խորհրդավորությամբ ասաց Մովսեսը եւ կոշտ ձեռքերի մեջ զգուշորեն ճմրթեց այն թուղթը, որ տվել էին նախօրոք՝ տեքստը սերտելու համար:



- Բանավոր կասեմ, լաո: Ծերացել եմ, բայց միտքս դեռ ջահել է, բանավոր կասեմ, ինչի՞ համար չասեմ, բա նախագահ ենք ընտրում, լաո:



- Հիմա մտքերդ հավաքիր, որ նկարահանումն սկսենք,- մեղմ ժպտալով՝ դիմեց թղթակիցն ուսուցչին:



- Հավաքեմ, լաո, հավաքեմ, ինչի՞ չհավաքեմ,- ասաց, նայեց իր այգու ծառերին, որոնց սաղարթներին քամի չէր խաղում, ու իրենք էլ կարծես սսկվել էին հոգատար տիրոջը լսելու համար: Մովսեսն ուղղվեց աթոռին, որը կամաց-կամաց խրվում էր նոր ջրված այգու թաց հողի մեջ ու խուտուտ տալիս հողագործի բազմաչարչար մարմինը, ընդարմացնում:



- Օխա՜յ, մեռնիմ քո զորության, հող ու ջուր,- երանությամբ կիսաձայն արտասանեց Մովսեսն ու շարունակեց՝ սկսե՞մ, լաո:



- Սկսիր, ընկեր Ապրեսյան, սկսիր,- ասաց թղթակիցը եւ օպերատորին հրահանգեց նկարել:



- Ուրեմն, լաո, մենք էլ սիրով նախագահ պիտի ընտրենք, երկրի նախագահ: Հայոց անկախ պետականության նախագահ: Քանի հարյուր տարի թագավոր չենք ունեցել, նախագահ չենք ունեցել: Էս իմ ծերությունն ինձ թույլ չի տալիս, թե չէ՝ ասես նախագահ ու ոտքի չկանգնես՝ սրբապղծություն է:



Հետո ուսուցիչը դադար տվեց, կարծես խղճահարությամբ նայեց թղթակցին, հայացքն ուղղեց օպերատորի գործիքին ու շարունակեց.



- Ասում ես՝ գովե՞մ Քոչարյանին, գովեմ, համամիտ եմ, հիմա գովեմ,- ձայնին հռետորական երանգ տալով՝ ասաց ուսուցիչն ու շարունակեց.



- Այն Քոչարյանին, որի իշխանության օրոք Նաիրին ավտոմատը ձեռքին մտավ Ազգային ժողովի շենք ու վերացրեց Դեմիրճյանին, կոտորած արեց: Հիմա գովե՞մ Քոչարյանին, թե՞ չգովեմ:



Հայլուրականները մի պահ քարացան, նայեցին թղթակցի խեղճացած դեմքին, ով ելք էր որոնում իրադրությունը փոխելու, սակայն ուսուցիչը տոնը խստացրել էր, ու ավտոմատի կրակահերթի նման դրվատանքի խոսքերը թռչում էին նրա բերանից:



- Հա, ընկեր Ապրեսյան, համաձայն եմ՝ բացթողումներ եղել են, բայց նոր երկիր է, նոր համակարգ, ո՞վ չէր սխալվի: Արի լավ կատարած գործերից խոսենք, չէ՞ որ պայմանավորվել ենք, ինչի՞ համար մեր գյուղին թարս աչքով նայեն:



- Թարս աչքո՞վ, ինչի՞ համար թարս աչքով, որ մեր քրտինքով այս հողը պահո՞ւմ ենք, չե՞նք արտագաղթում, զինվոր ենք տալիս բանակին: Պետությունից ոչինչ չենք պահանջում, դեռ մի բան էլ տալիս ենք:



- Թարս աչքո՜վ,- կրկնեց ուսուցիչը, նորից ուղղվեց աթոռին, կարծես հրահանգելով, որ նկարահանող սարքը միացնեն:



- Պայմանավորվեցի՞նք, ընկեր Ապրեսյան,- հարցրեց թղթակիցը:



- Պայմանավորվեցինք,- վստահ պատասխանեց ուսուցիչը:



- Գովելո՞ւ ես,- հարցրեց թղթակիցը:



- Գովելու եմ, լաո, գովելու եմ, ինչի՞ համար չգովեմ, բա նախագահ ենք ընտրում,- ասաց եւ նորից նայեց օպերատորին:



- Սկսում ենք,- հրահանգեց թղթակիցը:



- Գովեմ, լաո, գովեմ Քոչարյանին: Քոչարյանի՞ն,- նորից ձայնին հռետորական երանգ տալով՝ շարունակեց պատմության ուսուցիչը,- այն Քոչարյանին, որի ղեկավարման տարիներին Ազգային ժողովում կոտորած եղավ: Քոչարյանը չէ՞ր նախագահը: Թող չթողներ, բա էլ ի՞նչ նախագահ, որ չիմանա իր երկրի հունն ու բունը: Չեմ գովի, ես նախագահ չունեմ, իմ նախագահն էս գյուղի քար ու ծաղիկն է, կուզե՞ս մինչեւ իրիկուն գովեմ:



«Հայլուրը» շվարած դուրս եկավ Երկնամերձից: Բայց թղթակիցը հնարամիտ էր: Էլ ինչի՞ համար էր թղթակից, այն էլ՝ ծնունդով Երկնամերձից: Թողարկման ժամանակ ռեպորտաժն առաջինը եթեր գնաց. «Երկնամերձում նախագահական ընտրությունը տոն է»: Խոշոր պլանով ցուցադրվեց մուտքը զարդարող կարմիր պաստառը, որի վրա պսպղում էին ճերմակ, խոշոր տառերը: Ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրեց. «Երկնամերձ-Ռոբերտ Քոչարյան՝ 100 տոկոս»: Պատմության ուսուցիչ Մովսես Ապրեսյանն էլ Քոչարյանին էր ընտրել:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ