Աշխատանքից ազատված մարդուն բերել՝ ավելի բարձր պաշտոն են տվել, ի՞նչ ասես

Աշխատանքից ազատված մարդուն բերել՝ ավելի բարձր պաշտոն են տվել, ի՞նչ ասես

Դեռ հունվարին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ բուհի հոգաբարձուների խորհուրդն իրեն անհիմն կերպով ազատել է աշխատանքից, ռեկտորի ԺՊ է նշանակվել բուհի նախկին դեկաններից մեկը` Տիգրան Սիմոնյանը, ում ամիսներ առաջ նկատողությամբ ազատել էին դեկանի պաշտոնից: 

2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը նիստ էր արել եւ իր որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանին անսպասելիորեն ազատել աշխատանքից: Ընդ որում` դա նրան ազատելու երկրորդ դեպքն էր: Նախորդը 2023-ի սեպտեմբերին էր եղել․ դադարեցրել էին նրա լիազորությունները՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: Խիթարյանը հայտարարել էր, որ դիմելու է դատարան, եւ իր ազատման պատճառը համարում էր այն, որ ինքը «պայքարում էր կոռուպցիայի դեմ»: 

Մեր հրապարակումից հետո բուհի հոգաբարձուների խորհուրդը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք են հանդիսացել աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, հոգաբարձուների խորհրդի հանձնարարականը պատշաճ չկատարելը եւ խորհրդին անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը, ինչի համար Դավիթ Խիթարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Մյուս պատճառն էլ այն է, որ Դավիթ Խիթարյանի կողմից Հայաստանի ֆիզկուլտինստիտուտի անշարժ եւ շարժական գույքի տնօրինումն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով է իրականացվել, ինչի պատճառով նախկին ռեկտորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։ Այսպիսով` նա ստացել է նկատողություն եւ խիստ նկատողություն, ապա այդ հիմքով հեռացվել աշխատանքից: 

Սակայն մեզ հետ զրույցում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը բոլորովին այլ պատճառ էր նշել` որ բուհում վատ մթնոլորտ է տիրում, եւ դա Խիթարյանի մեղքն է: Նաեւ ասել էր, որ Դավիթ Խիթարյանը չի տնտեսել բուհի գումարները` վարկով ծառայողական մեքենա է գնել: 

Մենք Դավիթ Խիթարյանից մեկնաբանություն խնդրեցինք, թե ինչ ընթացքում է այժմ գործը, ինչ պրոցեսներ են ընթանում: Նա նշեց, որ գործը դատարանում է, սակայն դեռեւս նոր բան չկա` դատական նիստ տեղի չի ունեցել: Փոխարենը նշեց, որ բուհում շիկացած մթնոլորտ է: Այն աստիճան լարված, որ որոշ աշխատակիցներ դիմում են գրել՝ հեռացել, իսկ պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանն արդեն երկու նկատողություն է ստացել, բանը հասել է նրան, որ անգամ դասախոսները վերջին շրջանում գնացել են ԿԳՄՍ նախարարություն` նախարարի հետ հանդիպելու, խնդրի մասին բարձրաձայնելու:

«Ինստիտուտում շատ լարված մթնոլորտ է, ովքեր չեն աջակցել ռեկտորի ԺՊ-ին, փորձում է նրանցից ազատվել: Մի քանիսին արդեն ազատել է, մի քանիսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից: Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանին արդեն երկու նկատողություն է տվել, տպավորություն է, թե վրեժ է լուծում: Անգամ իմ աշխատասենյակի մաքրուհուն է ազատել աշխատանքից, գործավարն է դուրս եկել: Ինչ-որ բաժնի ղեկավարների է կանչել ու ասել` աշխատանքից դուրս եկեք, դուք Խիթարյանի մարդիկ եք եւ այլն: Բայց այդ մարդիկ միշտ էլ ինստիտուտում աշխատել են, այնպես չէ, որ իմ կադրերն են, ուղղակի այն մարդիկ, ովքեր այս փոփոխություններին դեմ են եղել, կողմ են եղել իմ առաջարկած աշխատանքային նոր մոդելին, հայտնվել են թիրախում»,- ասում է նախկին ռեկտորը: 

Բայց Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում մեկ ամիս առաջ պնդել էր, թե այդ շրջանում բուհում արդեն խաղաղ մթնոլորտ է, իսկ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու, ԺՊ-ն հեռանալու է։ «Նույն Տիգրան Սիմոնյանին, երբ երեք նկատողությամբ ազատել էի աշխատանքից` դեկանի պաշտոնից, նա դիմել էր Գիլոյանին, փոխանակ դատարան դիմելու: ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել էր, որ աշխատանքային վեճերը քննարկվում են բացառապես դատարանում, բայց դրանից հետո, առանց դատարանի որոշման, նույն Գիլոյանը որոշում է, որ Սիմոնյանը պետք է դառնա ռեկտորի ԺՊ: Ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ Գիլոյան Կարենն է նրա հովանավորչությամբ զբաղվում: Հիմա նա վրեժ է լուծում` այն ժամանակ պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը հաճախ էր ասում, որ Տիգրան Սիմոնյանը գործից չի հասկանում, չի կարողանում աշխատել: Ի դեպ, նրան հենց Լուսինե Ստեփանյանն է նկատողությունները տվել: Հիմա էլ եկել է ու վրեժ է լուծում: Լուսինե Ստեփանյանը եւս դատարանում բողոքարկելու է: Երկակի ստանդարտներ են` ի՞նչ արած: Այն ժամանակ Կարեն Գիլոյանն ասում էր՝ ինչո՞ւ եք նկատողություններ տալիս Տիգրան Սիմոնյանին, նա առաջ դեկան էր, իսկ հիմա իրավիճակն այլ է: Աշխատանքից ազատված մարդուն բերել՝ ավելի բարձր պաշտոն են տվել, էլ ի՞նչ ասես: Բուհում խառնաշփոթ է: Իրավիճակն այն աստիճան է լարված, որ մի շարք աշխատողներ օրերս գնացել են ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հետ հանդիպելու, հարցեր են բարձրաձայնվել` իրավիճակի հետ կապված»,- նշում է նախկին ռեկտորը: