Հոգաբարձուների խորհուրդը երբվանի՞ց է դատարան դարձել

Հոգաբարձուների խորհուրդը երբվանի՞ց է դատարան դարձել

Օրեր առաջ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ բուհի հոգաբարձուների խորհուրդն իրեն անհիմն կերպով ազատել է աշխատանքից, փոխարենը ռեկտորի ԺՊ նշանակել բուհի նախկին դեկաններից մեկին, ում ամիսներ առաջ նկատողությամբ ազատել էին դեկանի պաշտոնից: 

2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանն անսպասելիորեն ազատվել է աշխատանքից: Սա երկրորդ դեպքն է, որ իշխանությունը փորձում է ռեկտորին ազատել աշխատանքից: Նախորդը 2023-ի սեպտեմբերին էր` դադարեցրել էին նրա լիազորությունները, Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: Սա երկրորդ փորձն է` Խիթարյանը հայտարարում է, որ դիմելու է դատարան եւ իր ազատման պատճառը համարում է այն, որ ինքը «պայքարում էր կոռուպցիայի դեմ»:

Մեր հրապարակումից հետո բուհի հոգաբարձուների խորհուրդը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք են հանդիսացել՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, Հոգաբարձուների խորհրդի հանձնարարականը պատշաճ չկատարելը և խորհրդին անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը, ինչի համար Դավիթ Խիթարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն, մյուս պատճառն էլ այն է, որ Դավիթ Խիթարյանի կողմից Հայաստանի ֆիզկուլտինստիտուտի անշարժ և շարժական գույքի տնօրինումը օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով է իրականացվել, ինչի պատճառով նախկին ռեկտորի նկատմամբ կրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։ Այսպիսով` նա ստացել է նկատողություն և խիստ նկատողություն և աշխատանքից հեռացվել է այդ հիմքով: Սակայն մեզ հետ զրույցում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը բոլորովին այլ պատճառ էր նշել` որ բուհում վատ մթնոլորտ էր տիրում եւ դա Խիթարյանի մեղքն էր: Նա անեւ ասել էր, որ Դավիթ Խիթարյանը չի տնտեսել բուհի գումարները` վարկով ծառայողական մեքենա է գնել: 

Մենք Դավիթ Խիթարյանից մեկնաբանություն խնդրեցինք հոգաբարձուների խորհրդի հայտարարության հետ կապված: Նա «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով բուհի տարածած հաղորդագրությանը, նշեց. «Ես չեմ կարող հիմա մանրամասներ ասել, որովհետև ասել մանրամասներ այդ մասին, կնշանակի նրանց դատարանում պաշտպանվելու հնարավորություն տալ: Այդ անօրինությունները հենց նրանց նշած կետերում են, որոնց մասին ես կխոսեմ դատարանում: Ինչպե՞ս կարող է հոգաբարձուների խորհուրդը որոշել ես ճի՞շտ պայմանագիր եմ կնքել, թե ոչ: Ի՞նչ իրավունքով` իրավապա՞հ է, թե՞ հարկային մարմին», - ասում է նա: 

Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ավտոմեքենա եք գնել, բուհի գումարները չեք տնտեսել, նկատեցինք մենք. «Սխալ էի արել` թող հաղորդում տային, այսինքն` տվել են, հենց ինքը տվել է: Իրենք ինչ ասում են, դրա համար դիմել են Հակակոռուպցիոն դատարան: Խախտումներ են տեսել, դիմել են դատարան, Դուք որպես լրագրող ի՞նչ կասեք, ո՞նց կարելի է մարդուն մեղադրել, եթե դատարանը վճիռ չի կայացրել, մարդն այնքան ժամանակ է անմեղ, քանի դեռ դատարանը չի վճռել: Ութ ամիս շարունակ քննում են այդ գործը և ոչ մի անգամ ինձ անգամ վկայի կարգավիճակով չեն կանչել, էլ ինչի՞ մասին է խոսել: Հոգաբարձուների խորհուրդը երբվանի՞ց է դատարան դարձել», - ասում է նախկին ռեկտորը: