«Հրապարակ»․ Ինձ ազատել են, որովհետեւ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ

«Հրապարակ»․ Ինձ ազատել են, որովհետեւ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ

2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունը փորձում է ռեկտորին ազատել աշխատանքից: Նախորդ անգամ 2023-ի սեպտեմբերին էին դադարեցրել նրա լիազորությունները` Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: Զրուցել ենք Դավիթ Խիթարյանի հետ` պարզելու, թե որն է պաշտոնանկության պատճառը:

- Ինչո՞ւ է բուհի հոգաբարձուների խորհուրդը որոշել հեռացնել Ձեզ ռեկտորի պաշտոնից: Ո՞րն է պատճառը:

- Պատճառն այն է, որ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ: Գործիքակազմերն ու ամեն բան այնպես էին դրված, որ քննությունների 60 տոկոսը ծածկագրված էին` փակ եւ գաղտնի: Կային մարդիկ, որոնց դա, փաստորեն, ձեռք չէր տալիս, քանի որ եթե փոփոխություններ լինեին, պետք է նրանք ուղղակի զուտ աշխատավարձով աշխատեին, իսկ իրենք երեւի սովոր էին երկար տարիներ կոռուպցիոն համակարգով… բայց վատն այն է, որ իրենց հովանավոր կանգնեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ նույն խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանը:

- Դատարա՞ն եք դիմելու` վերականգնվելու հարցով:

- Շուտով: Դեռ ժամանակ ունենք: Այդ փուլի մեջ ենք: Նախորդ տարվա սեպտեմբերին իմ լիազորությունները կասեցվել էին` քրեական գործի շրջանակներում, սակայն այդ գործը, իմ կարծիքով, էլի կազմակերպված էր այս ուժերի կողմից, բայց դատարանի որոշմամբ ես կարողացա իմ լիազորությունները վերականգնել:

- Դուք ռեկտոր եք դարձել 2019-ին` այս իշխանությունների օրոք, ի՞նչն է Ձեր հանդեպ այս վերաբերմունքի պատճառը:

- Ես ընտրված ռեկտոր եմ եղել, այլ ոչ թե նշանակված: Խնդիրը հենց դա է, որ ընտրված ռեկտորին առանց պատճառի անվստահություն են հայտնում: Ի դեպ` հոգաբարձուների խորհրդի օրակարգում չի էլ եղել այդ հարցը, սակայն առանց դրա լսել են հարցը եւ անվստահություն հայտնել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու չեմ զբաղվել ոչ մի անգամ: Ես այստեղ քաղաքական տարրեր չեմ տեսնում, այստեղ առկա են միջանձնային խնդիրներ: Բոլորս էլ համակարծիք ենք, որ կրթության ոլորտում բարեփոխումներ են պետք: Նոր կառավարման մոդելներ են հարկավոր, սակայն դրանց կիրառումից որոշ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են ընկնում, որովհետեւ իրենք սովոր չեն դրան: 

- Կոռուպցիոն դրսեւորումների մասին խոսենք: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կոռուպցիայով զբաղվում, եւ ինչպե՞ս եք դրա դեմ պայքարել Դուք:

- Եթե հստակ տվյալներ լինեին, կասեի, դա իրավապահ մարմինների գործառույթն է, մի բան կարող եմ ասել` իմ բարեփոխումների շնորհիվ բուհում ռոտացիայի ձեւը փոխվել է: Ունեցել ենք 55 պետպատվերի տեղ, 5 ուսանող է ուսման առաջադիմությամբ կարողացել փոխվել անվճարից վճարովի եւ հակառակը: Սակայն իմ բարեփոխումների շնորհիվ այդ 5 տոկոսը դարձել է 63: Այսինքն` 55 ուսանողից 27-ն ամեն տարի փոխատեղվում է: Սա ինչի՞ մասին է խոսում, որ ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, որ եթե պետպատվերով ընդունվում ես, պետք է այդպես էլ սովորես միշտ: Հիմա այս մարդիկ պայքարում են նաեւ սրա դեմ, ինչո՞ւ` ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ ոչ մեկին չեն կարողանում երաշխիք տալ: Որ շատ ցանկանան, ամեն ինչ էլ կբացահայտեն:

- Այսինքն` իշխանությունները խրախուսո՞ւմ են կոռուպցիան:

- Դե, իշխանություններ ասվածը չգիտեմ, Գիլոյանը փոխնախարար է… բայց նախարարի հետ հանդիպման ժամանակ նա ինձ վստահեցրեց, որ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ անձնական հարց չկա, զուտ իրավական պրոցես է: Ի դեպ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հակակոռուպցիոն դատարանը գործ է հարուցել իմ դեմ, իբր թե պաշտոնական փաստաթղթի կեղծիք եմ արել:

Մենք զրուցեցինք նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ, ով նաեւ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ ինքն է վարել ռեկտորին անվստահություն հայտնելու նիստը:

- Ռեկտորն ասում է, որ Դուք խրախուսել եք այն անձանց, ովքեր բուհում կոռուպցիոն դրսեւորումների կողմնակից են: Ո՞րն է Դավիթ Խիթարյանին անվստահություն հայտնելու պատճառը:

- Մերկապարանոց հայտարարություն: Ես ոչինչ չեմ խրախուսում եւ ոչ մեկի կողմից էլ չեմ: Ես տեսնում եմ, որ այնտեղ բոլորն իրար թշնամի են դարձել, իսկ ո՞վ է դրա մեղավորը` ե՞ս:

- Այսինքն` ռեկտորին անվստահություն եք հայտնել, որ մթնոլորտը փոխվի՞, չկա՞ այլ պատճառ:

- Անվստահություն եմ հայտնել նրա համար, որ իրականացվում է մի քաղաքականություն, որը բուհում ստեղծել է շատ վատ միջավայր: Անվստահություն եմ հայտնել, որ խախտվել է օրենք: Հոգաբարձուների խորհրդի կողմից առաջ քաշված հարցերը չեն ստացել պատշաճ պատասխաններ: Շատ հարցեր ստացել են հանպատրաստից լուծումներ:

- Ավելի կոնկրետ` ինչի՞ մասին է խոսքը:

- Օրինակ` բուհն ունի 20 միլիոնի վարկ, իսկ ես դրանից տեղյակ չեմ, առհասարակ, հոգաբարձուների խորհուրդը տեղյակ չէ: Գալիս են, մեզ ասում են, որ էլի պետք է վարկ վերցնեն, որպեսզի այդ 20 միլիոն վարկը փակեն, ես կանգնում եմ փաստի առաջ: Դա՝ այն դեպքում, երբ ռեկտորը մեքենա է գնել ծառայողական: Կարելի էր, չէ՞, այդ գումարները ճիշտ տնօրինել ու լինել տնտեսվար: Ես, իհարկե, իրավապահ չեմ, հարգում եմ մարդու անմեղության կանխավարկածը, բայց մի քանի քրեական գործեր կան նրա դեմ հարուցված: Իրավապահներն այդ դրվագներով աշխատում են:

- Բայց դատարանը վերականգնել էր նույն ռեկտորի լիազորությունները: Այսինքն` հարուցված գործը դատարանը խոչընդոտ չի համարել:

- Դատարանը բայց ոչինչ չի արդարացրել` զուտ լիազորություններն է վերականգնել, բայց դատն ավարտված չէ, հարցերը դեռ պատասխան չեն ստացել: Ես նորից եմ կրկնում` ես որեւէ մեկին ո՛չ սատարել եմ, ո՛չ էլ ընդվզել: Տեւական ժամանակ առաջ էլ, երբ ես իրեն անվստահություն չէի հայտնում՝ հուսալով, որ իրավիճակը կշտկվի, ինձ էլ մյուս կողմից մեղադրում էին, որ սատարում եմ Դավիթ Խիթարյանին, հիմա Խիթարյանն ասում է, որ ես այլոց եմ սատարում: Դա իր անձնական կարծիքն է, ես ոչ մեկին չեմ սատարել ու չեմ սատարելու:

- Խիթարյանը նաեւ նշեց, որ ռեկտորի ԺՊ Սիմոնյանը նախորդ տարի հեռացվել էր դեկանի պաշտոնից:

- Այո, բայց բուհում դասախոս է եղել:

- Իսկ ինչո՞ւ է հենց նա ԺՊ նշանակվել:

- Հեռացվել էր մի հիմքով, որն անհիմն է համարել հոգաբարձուների խորհրդի հանձնաժողովը: 3 անգամ անհիմն զգուշացում էին տվել եւ այդ հիմքով էին հեռացրել աշխատանքից:

- Ինչի՞ համար:

- Ինչքանով հիշում եմ, ինչ-որ նախաձեռնությամբ էր հանդես եկել, նիստ էր արել, նիստը հաստատել էր այդ առաջարկը, եւ նա տարել էր գիտխորհուրդ, իրեն ասում են, որ վատ առաջարկ է արել, ու դրա հիմքով հեռացնում են աշխատանքից: Ոնց որ հիմա Դուք ասեք՝ եկեք գնանք կինո, Ձեզ դրա համար ծեծեն, ասեն` չէ, վատ առաջարկ է:

- Իսկ ԺՊ-ն իրեն արդարացնո՞ւմ է, մթնոլորտը փոխվե՞լ է:

- Դեռ մի 10 օր է, որ ԺՊ է: Իմ տեղեկություններով՝ բուհում հիմա լավ, խաղաղ մթնոլորտ է, բայց ինքը շատ արագ փոխվելու է, շուտով հայտարարելու ենք ռեկտորի ընտրություն: