«Բ․..ի տղա»-«Սորոսի վաստակ»․ հենց էսպես էլ ապրում ենք

«Բ․..ի տղա»-«Սորոսի վաստակ»․ հենց էսպես էլ ապրում ենք

Լիլիթ Մակունցը խորհրդարանում հայտարարել է, որ իրենց կողմից ատելության խոսք չկա, ոչ էլ` հայհոյանք։ Նիկոլ Փաշինյանի աջակիցների 34 հազար անդամ ունեցող «Ամեն ինչ լավ է լինելու․ կեցցե Հայաստանի Հանրապետությունը» ֆեյսբուքյան էջը երկուշաբթի առավոտյան շուտ «թեմա է գցել»։ Ով համաձայն է, տարածի, որ «Պահանջում ենք քաղաքական վարակակիր բջածին պոռնիկ Անժիկին պատասխանատվության ենթարկել համատարած ատելություն տարածելու և հակապետական գործունեության համար»։ Միակ մխիթարությունն այն է, որ այս եղկելիությունն ունի ընդամենը 6 «լայք» ու 4 մեկնաբանություն։ 

Արթուր Դանիելյան,  Էդմոն Մարուքյան, Արփինե Հովհաննիսյան, Միքայել Մինասյան, Նարեկ Սամսոնյան․ այս մարդկանց նկարները գցում են էջին՝ նյութով կամ առանց, ու առաջարկում արտահայտվել։ 

Խաժակ Մաթևոսյանն առաջակում է դեկտեմբերի 9-ի ժողովրդավարական ճանաչված ընտրություններով ընտրված Էդմոն Մարուքյանին մաքրել Ազգային ժողովից։ Բնագիրը․ «Էս քաղաքական դիվերսանտի հարցը պետք է շտապ լուծել, ժամանակն է տականքը մաքրել երկրի Ազգային ժողովից»։ Սալբի Ջարեզյան․ «Հլը էս խլեզի վաստակին։ Մարուքյա՛ն, շատ ծախված տականք ես։ Քո մեյմուններով»։ Լիպարիտ Գևորգյան․ «Մարուքյանը ոչ թե կլասիկ պատգամավոր ա, այլ կլասիկ ԲՏ ա»։ Մարգարիտա Սարգսյան օգտատերը կիրիլիցայով դիմում է․ «Լսի, այ չբավարարված կլասիկ։ Г7 (Ֆեյսբուքում հայտնի բառը գրելու տարածված ձև է), բավական է, ամաչիր, խի՞ ես վիզ դրել ամեն ձևի վարկաբեկես այս կառավարությանը, այ չ...ախ, բ․․․ի վաստակ։ Ուզում ես կինոյի լավ տղա խաղաս, քո մոտ շանտաժով ոչ մի բան դուրս չի գա, ժողովուրդը զզվում ա քեզնից»։ Այստեղից ընդհատել ենք, որովհետև այս կնոջ գրառման մյուս հատվածը անգամ կետերով ու բազմակետերով ենթակա չէ թերթում տպագրելու համար։

Մեկ այլ գրառում․ «Մարուքյան, ասենք սիկտիր»։ Էջի մյուս թեման՝ Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան։ Սամվել Գևորգյան․ «Ալեն ջան, արթնացեք, փակեք, սատկացրեք այդ վիժվածքներին»։ Լիզա Չաթալբաշյան․ «Լավ ես արել, ես կնիգ տեղով դրան կսատկացնեի»։ Մեկ այլ կին՝ Աննա Սարգսյան․ «Երբ կենդանիներն ագրեսիվ են դառնում՝ խոսքերս փռչոտ կենդանիներին է վերաբերում, սատկացնում են կամ մեկուսացնում»։

Դավիթ Խաժակյանի մասին գրածներին անդրադարձել էինք․ «Բա որ էս նեղ մաջալին գրում են՝ «կառավարությունը թերանում է», ուզում ես դրանց հարցնել՝ էսօր ձեռքերդ լվացել ե՞ս, այ բ․․․-ի տղա»։ Սա ոմն Հրաչյա Հարությունյանի գրածն էր, որի տակ «լայքել» են իմքայլական Հովիկ Աղազարյանը և այլ իշխանականներ։

Այս էջում շատ հաճախ են լինում Նիկոլ Փաշինյանի խունվեբիններրի՝ հեղափոխության պահապանների սպառնալիքներ։ Եթե չեմ սխալվում՝ նրանք վերջին անգամ Արթուր Դանիելյանին տվել էին 24 ժամ, իսկ ոստիկանությունն էլ «խոստացել էր» զբաղվել։ Մեջբերվածն  ընդամենը սոցիալական ցանցի մեկ՝ թեկուզ 34 հազար անդամ ունեցող էջի մեկ-երկու օրվա մոնիթորինգն է: Տանգոն, ինչպես և հայհոյանքը, երկու մասնակից ունի, և բնական է, որ ամեն ինչ փոխադարձ է։ Յութուբում էլ ավելի հատընտիր հայհոյանքներ են, գաղափարական ընդդիմադիրների ճամբարներում՝ մի փոքր «քաղաքակիրթ», բայց, ըստ էության, նույն արյունոտ բերաններով փոխանակվող հայհոյանքն ու անեծքը` «լափաման»-«սոռոսի վաստակ», «ենիչերիներ»,-«նախիր», «պիցայակեր»-«պիցառաստ», «ստորաքարշ»- «սուտասան», «թալանչի»- «հայվան», «վիժվածք»-ԼԳՏԲ-«հետույքաբնակ»։ Հենց էսպես էլ ապրում ենք։