Հանձնվող գյուղերի մասին խոսելն անգամ ամոթ է

Հանձնվող գյուղերի մասին խոսելն անգամ ամոթ է

«Հրապարակի» զրուցակիցը «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանն է:

- Վաղը` ապրիլի 13-ին տեղի կունենա «Շանթ դաշինք» կուսակցության համագումարը: Ի՞նչ հարցեր են օրակարգում: Ովքե՞ր են ներկա գտնվելու:

- Տեղի է ունենալու «Շանթ դաշինք» կուսակցության հերթական համագումարը: Նախորդը 2021 թվականին է եղել: Պետք է մեր կուսակցության գործունեության երեք տարիներն ամփոփենք, որոշակի ակտիվություն ունեցել ենք: Հաղթանակներ ենք ունեցել Տաթև համայնքում, Կապանում: Ընդհանուր առմամբ որոշակի ակտիվությամբ աչքի ենք ընկել, իսկ վաղը պետք է մեր գործունեությունն ամփոփենք: Հետո արդեն մեր հաջորդ անելիքների մասին կնախանշենք: Իհարկե, կարևոր ելույթներով նույնպես հանդես կգանք: Ելույթով հանդես կգա նաև Շանթ Հարությունյանը, ով այս ընթացքում հարցազրույցներ չի տալիս: Սյունիքից էլ հյուրեր ունենք: Սա ներկուսակցական հանդիպում չէ, գաղափարական է: Մենք միշտ ասել ենք, որ «Շանթ դաշինք» կուսակցությունը գաղափարական թիմ է և մեզ համար կուսակցությունը չէ, որ կարևոր է, այն պարզապես որպես ֆորմալ լծակ է` ընտրություններին մասնակցելու համար: Առաջիկայում էլ` պառլամենտական ընտրություններին մասնակցելու ենք: Մարդիկ, ովքեր մեր գաղափարական դաշտից են, կարող են ներկա գտնվել մեր համագումարին:

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմ է առաջիկայում սպասվում, պետք է գյուղեր հանձնենք Տավուշից, որ Ադրբեջանը Երևան չհասնի: Ըստ Փաշինյանի` մենք կարող ենք հաջորդ պառլամենտական ընտրություններին չհասնել:

- Առնվազն մեր մասով ասեմ, Շանթ Հարությունյանի գլխավորությամբ` այնպիսի ճանապարհ ենք անցել, փորձել ենք պայքարի տարբեր ձևեր իրականացնել: Շանթ Հարությունյանն անգամ բանտ է նստել` պայքարի համար: Մեզանից ինչ հնարավոր է, արել ենք` հանուն մեր գաղափարների իրականացման:

- Իսկ հիմա: Այժմ ավելի վճռորոշ շրջան է: Խոսեցիք Ձեր հոր` Շանթ Հարությունյանի պայքարի մասին, իսկ Դո՞ւք:

- Անգամ հանձնվող գյուղերի մասին խոսելն ամոթ է: Ամոթ է, որովհետև ձևավորվել է մի իշխանություն, որն անդադար սպառնում է իր ժողովրդին, ասում է` կամ գյուղեր հանձնենք, կամ պատերազմ կլինի: Սա շատ աննորմալ երևույթ է, չի կարելի, պարզապես ամոթ է, սա դավաճանական իշխանություն է, որին մեկնաբանելն անգամ ամոթալի է: Մենք որպես ազգայնական կուսակցություն չենք կարող այս ամենը նորմալ ընդունել: Դժվար է անգամ հարցազրույցի ժամանակ հողեր հանձնելու մասին խոսել: Ինձ համար ավելի ընդունելի կլիներ, եթե ժողովուրդը դուրս գար փողոց, արտահայտեր իր ցասումը, սակայն, ցավոք, մեր ժողովուրդն անհաղորդ է այս իրավիճակին, կա մեծ անտարբերության ալիք: Սա դժվարացնում է քաղաքական ուժերի աշխատանքը, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել: Այդպես պայքարի գործիքակազմը փոքրանում է:

- Համագումարի օրակարգում ի՞նչ հարցեր եք քննարկելու:

- Շատ մանրամասն չնշեմ, բայց ասեմ, որ պետք է ամփոփենք մեր անցած ճանապարհը: Հյուրեր ունենք` Պարույր Հայրիկյան, Ազատ Արշակյան, Վարդան Հարությունյան, մարդիկ, ովքեր անկախության ակունքներում են կանգնած:

- Բայց Ազատ Արշակյանը որոշակիորեն իշխանական հայացքներ ունի:

- Չեմ կարծում, ամեն դեպքում նա մարդ է, ով Հայաստանի անկախության համար իր կյանքն է ներդրել: Նույնը Հայրիկյանը:

- Բայց հիմա մեր պետականության դեմ պայքարող իշխանություններին երբեմն արդարացնում է:

- Նա մեր կուսակցության անդամը չէ: Ես վստահ եմ, որ Արշակյանի համար ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է: Իհարկե, կարող են տարաձայնություններ էլ լինել, բայց մեզ համար գերագույն խնդիրն անկախությունն է: