Թովիչ գեղեցկության ներկայացում՝ «Խատուտիկի գինի»

Թովիչ գեղեցկության ներկայացում՝ «Խատուտիկի գինի»

Համազգային թատրոնի ներկայացում ես գնում` գործին անծանոթ (հեղինակ՝ Ռեյ Բրեդբըրի, բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան), ուրեմն եւ պարտադիր չէ՝ կարդացած, ու հայտնվում սիմվոլների, ռոմանտիկայի գլխապտույտ հորձանուտում։ Եվ այդ ջրերը քեզ տանում են իրենց ուզած ուղղությամբ․ մի անծանոթ աշխարհ, առանց առանձնացնող պատերի, եւ 19 կերպար, որ մենակ են ու միասին՝ հարեւաններ են, ընկերներ, ընտանիք։

Վերացարկված իրադրության մեջ ուշադիր հանդիսականը սկզբում լուսարձակի տակ հայտնված հնամաշ թերթերի պատառիկների մեջ զանազանում է 1928 թվականը։ Տեղեկանում ես ու մոռանում, քանզի բեմի գործողությունները տեղի են ունենում ոչ միայն կանաչ տանիքներով ամերիկյան քաղաքում (բեմանկարիչ` Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան), այլեւ մանկության քաղաքում, եւ մանկության վերհուշը ժամանակային հուշում չունի։
«Խատուտիկի գինի» ներկայացման մեջ Սփոլդինգ ընտանիքի բանասացի՝ Դագլասի հուշերով ու փորձառությամբ վերապրում ենք մեր սեփական՝ երջանիկ, տխուր, կարեւոր ու անմոռաց մանկությունը, ու սա է ներկայացման ուրույն հմայքը։

Կերպարները սկզբում ներկայանում են Դագի մանկական-կարոտած հայացքով, հետո ինքնուրույն կյանք ստանում՝ ռոմանտիկ, ֆանտաստիկ, առօրեական, գամված են սայլակին, ապրում են խաղաղ, թե ճախրում են տանիքների վրա։ Իսկ բատուտն ուղղակի ուժգնացնում ու թատերային կերպ է տալիս մարմնի ու մտքի այդ ճախրանքին։ Յուրաքանչյուրն իր կարոտն է երգում առանց պատերի իր ամրոցում։ Կերպարները կոնկրետ են, սիմվոլներ ու բնավորություն ունեն, վերացարկված են։

Մանկության վայրի խոտերն առավել թանկ են պապիկի (Սերգեյ Թովմասյան) հետ հավաքչությամբ, տան, գոլորշու միջոցով տարածվող մանկության համերն ու բույրերը՝ տատիկի (Տաթեւ Ղազարյան) պատրաստած ընթրիքով, բաղադրատոմսը՝ փորձառություն ու սեր ընտանիքի հանդեպ․ կողակից, երեխա, թոռնիկներ։ Նրանք միշտ ոտքի վրա ու բեմի վրա են՝ իբրեւ բարի ոգիներ, աննկատ, համեստ, չպարտադրող ներկայությամբ։

Բեմի անկյունի բնակչին՝ սայլակին գամված գնդապետին, ոչ ոք չի զանգում, այցելում են Դագն ու ընկերները՝ լսելու նրա հախուռն կյանքի պատմությունները։ Գնդապետ Ֆրիլի-Դավիթ Հակոբյանն իր ֆանտաստիկ կյանքի հուշով ու անկրկնելի ձայնով գերում է երեխաներին ու հանդիսականին։ Պատումներից մեկը՝ անհասկանալի ու սարսափելի, հիշեցնում էր Սարոյանի «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծել-պոկել էր կրկեսի վագրը» պատմվածքը։ Կյանքի դրվածքին անհամաձայն, կյանքի հետ կռվի մեջ՝ գնդապետն ինքն է զանգում, լսափողի մեջ ունկնդրում-վերհիշում մեծ քաղաքի աղմուկն ու կյանքն ավարտում կառնավալային ուրախ ընկերակցությամբ։
Դագի լուսարձակն այս անգամ բեմի մյուս անկյունի աննկատ բնակչի վրա է։ Տիկին Բենթլի-Կարինե Ջանջուղազյանը՝ իր էքսցենտրիկ հագուկապով, խորհրդավոր հմայքով ու չորոշարկված սարկազմով, երեխաների հետ մրցության մեջ է անմիջականությամբ ու ապրած կյանքի հիշողությամբ, որը մերժվում է։
- Երբեք երիտասարդ չե՞ք եղել։
- Երբե՛ք։
- Միշտ 72 տարեկա՞ն։
- Մի՛շտ…

Ասես ասելիս լինի՝ ընդմիշտ։ Տիկին Բենթլին գտավ կյանքի հետ հարաբերվելու հաշտության իր կետը, սկսեց ապրել այս գեղեցիկ պահի մեջ, երեխաների ուրախ ընկերակցությամբ, առանց տասը տարեկանի ծամկալների ու հին սնդուկների։
Ներկայացման աուրան՝ պոետիկ, իմաստուն, ճշգրիտ, տխրեցնող-խոհական, մեկ անգամ տրված կյանքի գեղեցկության խորը գիտակցումով, առավել շեշտվում է Լեոյի եւ Լինայի բազմանդամ ընտանիքի պատմությամբ։ Լեո-Արման Նավասարդյանը սեւեռված է երջանկության մեքենա ստեղծելու վրա, գեղեցիկ կնոջն ու երեխաներին նկատում է այն ժամանակ, երբ կորցնելու իրական վտանգ կա։ Լինա-Ալլա Սահակյանի համար երջանկությունն այս պահի ամբողջությունն է։ Բազմանդամ, առողջ ընտանիքն է երջանկության մեքենան, մնացածը՝ պայթող հորինվածք, «շառաչ ու ցասում՝ իմաստը՝ ոչինչ»։ Կարեւորն այս պահին երկու մարդու հարաբերությունն է, որն աննկատ լինելու դեպքում հոսելու է ժամանակի մեջ՝ իբրեւ հուշ։

Երկարուձիգ երկուսուկես ժամ հնչում են հրաշալի տեքստ ու հորդուն հայերեն (շնորհակալություն թարգմանիչ Զավեն Բոյաջյանին, եւ կեցցե Դագ-Նարեկ Բաղդասարյանը)։ Ներկայացումը զուգահեռներ է բերում եւ թատերական ուսումնառության վերհիշություն։ Լեւոն Հախվերդյանը միշտ շեշտում էր, որ զարմանքի ու հարգանքի էին արժանի ոչ միայն հին հույն դերասանները՝ այդքան տեքստառատ պիեսները խաղալու համար, այլեւ հույն հանդիսականը՝ համբերատար ունկնդրելու համար։ Համազգայինի «Խատուտիկի գինի» ներկայացման հայ հանդիսականը նույնքան գովական էր։

Այս ներկայացմամբ մի տաբու էլ է վիճարկվում։ Ավանդաբար, եթե հայ թատրոնում մեծ կտավի արձակի բեմականացում է եղել, ապա՝ ծանոթ հայկական-հայրենասիրական․ «Մուսա լեռան 40 օրը», «Ռանչպարների կանչը» կամ Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան», Մալյանի «Կարոտը»։ Սակայն փիլիսոփայական-գեղարվեստական գործ՝ առաջին անգամ։

ՀԳ․ Երգեցիկ ու թովիչ «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ զարմանալիորեն անտեղի էր հայկական գորգերի հատվածը։ Մարդու ու կյանքի մասին խայտաբղետ կտավի վրա հազարամյակների ազգային սնապարծությունն անհարկի ու ներմուծված թվաց, թեեւ հեղինակի տեքստն էր։

Թատերագետ Գայանե Մկրտչյան
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ