Թոշակդ ուշանո՞ւմ է՝ վարկ վերցրու

Թոշակդ ուշանո՞ւմ է՝ վարկ վերցրու

Բանկի աշխատակցուհու «բարեսիրտ-լիաբուռ» խորհուրդն է միայնակ, առողջական խնդիրներ ունեցող մարդուն, որի թոշակը հանգամանքների բերումով ուշանում է: Իսկ ապրել պետք է: Գոնե պետք է գոյատեւել… 
Միայնակ թոշակառուն վիրահատվել է, առողջական բարդ խնդիրները մեղմելու ֆիզիկական-ֆինանսական դժվարություններն է հաղթահարում, իսկ թոշակ այս ամիս չեն տվել՝ պատճառաբանությամբ, թե չի մասնակցել (հենց վիրահատության պատճառով) տարին մեկ կրկնվող «պերեկլիչկային»՝ ներկա-բացակային: Ավելի պարզ՝ թուղթ չի տարել այն մասին, որ… ապրում է դեռ:

Թոշակով հեշտ չէ ապրելը, իսկ առանց դրա ուղղակի անկարելի է: Մարդն էլ սկսել է զանգահարել: Սոցապից (ոչի՞նչ, որ ժողովրդական բառուբանով գրեցի) հայտնել են, թե կենդանի լինելուդ մասին զորավոր թուղթը՝ «բարաթը» բեր՝ կտանք երկու ամիսը միասին: Ինչպիսիիիիի մեծահոգություն, ասես հնարավոր է նաեւ, որ չտան: Իսկ գուցե հնարավո՞ր է: Չգիտեմ: Բայց այս պահին սա չէ կարեւորը:

Որպեսզի որեւէ հանգուցյալի կարողանան հուղարկավորել, հարազատներն առաջին հերթին տեղեկացնում են կենսաթոշակային հիմնադրամին, առանց դրա ոչ մի կերպ չենք հանձնվի հողին: Հիմա հարց՝ էլ ինչի՞ համար է ամեն տարի կրկնվող թղթակեր-նյարդակեր-ժամանակակեր բյուրոկրատական քաշքշուկը: Իսկ եթե սողանցք մնում է, ուրեմն պետք է համակարգի ներսում որոնեն, ոչ թե խոշտանգեն տարիքն առած մարդկանց:

Լավ, բանկի աշխատակցուհի, թոշակով մի կերպ գոյությունը պահող մարդուն ո՞նց ես խորհուրդ տալիս՝ արի վարկ վերցրու… Ինձ միշտ հետաքրքրում է՝ բանկերը, անմիջապես մարդկանց հետ շփվող այլ հաստատություններն ինչ հարցաշարով են այդքան անվրեպ ընտրում HR պաշարները համալրելիս, որ նման պատկեր է ստացվում: Գրեթե ամենուր: 

Էմանուիլ Կանտը համոզված էր՝ մեր մեջ ապրող օրենքը կոչվում է խիղճ: Ճիշտ է իմաստասերը, մեր ներսում է ինչ-որ բան խաթարվել: Յուրաքանչյուրիս ներսում: Երեւի՝ անդառնալիորեն:
Ինչո՞ւ քրիստոնեական դաստիարակություն, ազգային արժեհամակարգ բնութագրիչներն այդպես հեշտությամբ դուրս մղվեցին մեր կյանքից: Հռետորական հարցեր, որոնց պատասխանները հույս չունեմ, թե երբեւէ կստանամ...
Չեմ էլ ակնկալում…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Մշակութաբան