Դեմարկացիան Սյունիքի հատվածում ավարտվա՞ծ է

Դեմարկացիան Սյունիքի հատվածում ավարտվա՞ծ է

Հայաստանի իշխանությունները մեկ տարուց ավելի է՝ շարունակաբար խոսում են Հայաստան-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի-դեմարկացիայի մասին: Ուզում են տպավորություն ստեղծել, թե այս ուղղությամբ բուռն աշխատանքներ են ընթանում, հանձնաժողով է գործում, որի հանդիպումների մասին հանրությունը տեղեկացվում է: Այ, շուտով սահմանազատումը կանենք, եւ ադրբեջանցիները կհեռանան զավթած տարածքներից` Սեւ լճից, Վարդենիսից, Սյունիքից: 
Հունիսի 6-ին անգամ հաղորդվեց, որ Փաշինյանն այս հանձնաժողովի գործունեության մասին խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում: Իսկ օրեր առաջ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Կարեւոր է, որ սահմանը լինի հանդարտ` մինչեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, ինչին հիմա ուղղված են մեր բոլոր ջանքերը»:

Իրականում` այս գործընթացից տեղեկացված անձինք ասում են, որ Սյունիքի սահմանն Ադրբեջանի հետ վաղուց գծված է, դելիմիտացիա-դեմարկացիան էլ՝ բոլոր կոորդինատների նշումով, ավարտված: Իսկ եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ Փաշինյանը, երբ անգամ խոսում է սահմանազատման գործընթացի մասին, Սյունիքի անունը չի տալիս: Այս մասին դեռ 2021 թվականի նոյեմբերին հայտարարել է նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սահմանազատումն ու սահմանագծումն արված են` Գորիսից մինչեւ Իրանի սահման, այդ արձանագրությունը, որը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիս-Կապան, Կապան-Շվանիձոր սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից»,- ասել էր նախկին վարչապետը: Այդ փաստաթուղթը, որի վերնագիրն է՝ «Հուշագիր Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին», հրապարակվեց նաեւ մեր թերթում` 2021 թվականին: 

Հուշագրով սահմանված էր, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններից հանում է իր զինված խմբավորումները»։ Նշված են Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների կոնկրետ հատվածներ՝ աշխարհագրական հստակ կոորդինատներով, սահմանվում է, որ մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու նպատակով ճանապարհներից որոշ հեռավորության վրա վիզուալ եւ տեխնիկական դիտարկում են կատարում ՀՀ-ի կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ ԱՀ-ի կողմից՝ պետական սահմանապահ ծառայությունը, որոնք տեղակայում են սահմանապահ վերակարգեր: Հաջորդ 3 կետերով էլ սահմանվում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը երաշխավորում են նշված ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը, իսկ ճանապարհների եւ սահմանապահ վերակարգերի միջակայքում՝ կողմերի այլ զինված խմբավորումների բացակայությունը, իրենց տարածքներում՝ տեղի բնակչության եւ սահմանային ենթակառուցվածքների անվտանգությունը: ՌԴ սահմանապահ մարմիններն էլ ապահովում են ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխման վերահսկողությունը եւ այլն: 

Հուշագրի գործողության ժամկետը 5 տարի է՝ եւս 5 տարի երկարաձգմամբ, եթե դրա ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին: Այս փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախկին նախարար, ներկայում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Որոշ շրջանակներում արդարացնում են, թե նա պարտադրված է ստորագրել փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից պահանջ է եղել, որ փաստաթուղթը պետք է արագ ստորագրվի, հակառակ դեպքում «Գորիսը կվերցնեն»: Այսինքն՝ վաղը եթե սպառնան, որ Սեւանը կվերցնեն՝ Վարդենիսը զիջեք, դա էլ պետք է տանք նրանց: 

Կառավարությունը մինչ օրս հստակ պատասխան չի տվել, թե իրակա՞ն է արդյոք համացանցում հայտնված փաստաթուղթը, բայց հերքում էլ չի եղել: Դրանում ամրագրված բոլոր կետերն իրականություն են դարձել, իսկ Վաղարշակ Հարությունյանն իր հարցազրույցներում հաստատել է դրանք: Անցյալ տարվա դեկտեմբերին «Զինուժ մեդիա» իշխանական ռեսուրսին տված հարցազրույցում նա ասել է. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է… Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը»։

Հրանտ Բագրատյանին հարցրինք, թե սահմանազատման ինչ գործընթաց է ներկայում տեղի ունենում Սյունիքում, եթե արդեն կա այդ փաստաթուղթը, եւ ինքը դրա մասին մեկ տարի առաջ խոսել է: «Դելիմիտացիա անում են, որ աշխարհագրական կոորդինատներ լինեն, բայց այդ փաստաթղթում կոորդինատներն արդեն նշված են»: 

Այսպիսով, կարող ենք ասել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանը Սյունիքի հատվածում դելիմիտացված եւ դեմարկացված է, քանի որ, փաստորեն, երկու պետությունների ներկայացուցիչների կողմից ճշտվել են սահմանները՝ փոխադարձ համաձայնությամբ, նշվել են կոորդինատներ, ապա ստորագրվել է փաստաթուղթ՝ սույն հուշագիրը: 

Սա նշանակում է, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի աշխատանքները Գորիսից Մեղրի Google Maps հավելվածով արված են, համապատասխան հանձնաժողովն այս հարցում անելիք չունի, որ սահմանի գիծը համաձայնեցվել է Google Maps -ի գծի հետ եւ ֆիքսվել է Google Maps-ի կետերով: Սյունիքի մասով դեմարկացիայի հարցը փակված է, իսկ սահմանազատման ներկայում ընթացող պրոցեսները վերաբերում են Վարդենիսի հատվածին եւ Ջերմուկի սարերին, այսինքն՝ մոտ 150 կիլոմետրի: 

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ 40 քառակուսի կմ հանձնել ենք Վարդենիսում, սակայն թե Սյունիքից ինչ տարածք է անցել թշնամու վերահսկողության տակ, նա լռում է՝ արդարանալով, թե Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, այնտեղ Էյվազլի եւ Չայզամ գյուղերն են եղել, ինչը մասնագետները բազմիցս հերքել են: