Ե՛վ նախկին իշխանությունները, եւ սրանք ունեն իրենց մեղքերը

Ե՛վ նախկին իշխանությունները, եւ սրանք ունեն իրենց մեղքերը

«Ե՛վ Գեւորգ Գյոզալյանը, ե՛ւ Սիմոն Բաբայանը փաստաբանական գործունեության արտոնագրի համար քննություններին մասնակցել են 2007 թվականին, եւ այդ ժամանակ ես որակավորման հանձնաժողովի առաջին  նախագահն էի։ Ես նրանց երկուսին էլ ճանաչում եմ, նրանք երկուսն էլ շատ խոստումնալից փաստաբաններ են, երկուսի մասին էլ շատ դրական կարծիք ունեմ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ենոք Ազարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կայանալիք  Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին, որտեղ հիմնական մրցակցությունը ընթանում է Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի եւ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Գեւորգ Գյոզալյանի միջեւ։

Ըստ Ազարյանի՝ առաջադրված երրորդ թեկնածուն՝ Թամարա Պողոսյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել․ «Հիմա կա երկու թեկնածու։ Իսկ ծանոթանալով ծրագրերի հետ՝ կարծես Գեւորգ Գյոզալյանը նորից անդրադառնում է նախկին փաստաբանությանը, որ կան թերություններ։ Դրական միտում  կա Սիմոն Բաբայանի մոտ, գնահատում է, որ պալատում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել։ Երկու թեկնածուներն էլ հետագայում կարող են համագործակցել, չեմ կարծում, որ այս դեպքում իշխանությունը կարող է որոշակի հաջողություններ գրանցել»։

- Տեղեկություններ կան, որ Գյոզալյանն իշխանության թեկնածուն է։

- Ես այդպես չեմ ուզում մտածել, ես իրավաբան եմ, ինձ համար հիմքերն են կարեւոր։ Գյոզալյանն էլ շատ ակտիվ փաստաբան է։

- Այդ նույն տեղեկություններով՝ եթե Գեւորգ Գյոզալյանը չընտրվի,  կփորձեն Փաստաբանական դպրոցը տեղափոխել արդարադատության ակադեմիա, այլընտրանքային պալատ ստեղծել։

- Մենք դա տեսել ենք տարիներ առաջ, բայց մենք ունենք փաստաբանության հետ կապված այլ խնդիրներ, քանի որ պետությունն ունի իր բնակչության իրավական սպասարկման հարցերը լուծելու խնդիր։ Ամեն դեպքում, անվճարունակների քրեական գործերով պաշտպանությունն իրականացվում է բյուջեի հաշվին՝ հանրային պաշտպանի միջոցով։ Այս դեպքում եթե մենք պատկերացնենք, որ մի քանի միություն կա, ապա մեկ կառույցին պետք է մնա հանրային պաշտպանությունը։

- Պարոն Ազարյան, խնդրում եմ գնահատեք դատական համակարգի ներկայիս վիճակը։

- Ընդհանրապես, ես տարիներ շարունակ անդրադառնում էի այդ հարցին, բայց ե՛ւ նախկին իշխանությունները, ե՛ւ սրանք ունեն իրենց մեղքերը։ Փաստաբանությունը բոլոր իշխանությունների ժամանակ փորձել է ենթարկվել միջամտությունների։ Անդրադառնանք հարցին․ նախկինում դատավորը փորձում էր կալանավորել Փաշինյանին, եւ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդ նույն դատավորն էլի աշխատում էր եւ այլ գործչի  կալանավորում։ Իմ վերաբերմունքը դեպի դատական իշխանությունը երբեք դրական չի եղել։ Ամեն տեղ էլ կան դրական մարդիկ, բայց մենք անձանց մասին չենք խոսում։ Դատական համակարգն ամբողջությամբ վիրահատական միջամտության կարիք ուներ՝ օրենսդրական վիրահատման միջոցով, բայց, կարծես թե, վարչապետը գործնական ոչինչ չարեց։ Նաեւ՝ կրթական ընդհանուր ցենզը, երբ նայում ենք, ապա մարդիկ կան, որ աշխատել են դատական նիստերի քարտուղարուհի, ֆունդամենտալ կրթություն չեն ստացել, մի քիչ էլ շատ հետաքրքրվես, կտեսնես, որ ինչ-որ մեկի միջոցով են եկել եւ դարձել դատավոր, եւ մենք ուզո՞ւմ ենք ակնկալենք այս անձանցից ոչ սուբյեկտիվ մոտեցում։

- Գագիկ Ջհանգիրյանը տեւական ժամանակ է, ինչ փոխարինում է Ռուբեն Վարդազարյանին։ Առաջինի դեպքում ինչպիսի՞ կարծիք ունեք, կարողանո՞ւմ է ղեկավարել ԲԴԽ-ն։

- Կոնկրետ պարոն Ջհանգիրյանն ինձ դասավանդել է․ նա՝ որպես իրավաբան, պրոֆեսիոնալ է, լուրջ ճանապարհ է անցել, ժամանակը կարճ է, որպեսզի մենք արդյունքները տեսնենք։ Չդիտարկենք, որ Վարդազարյանի նկատմամբ հետապնդումներ են, մի կամակատար էլ Վարդազարյանն է եղել, եկենք խոսենք արդար եւ ազնիվ, ես օբյեկտիվ եմ, քանի որ կախում չունեմ։

- Նորանշանակ արդարադատության նախարար ունենք՝ ի դեմս Կարեն Անդրեասյանի, կարծես նա եւ ԲԴԽ-ն ոչ հրաշալի հարաբերություններ ունեն։ Նրա նշանակմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

- Նրան ճանաչում եմ ավելի քան 20-25 տարի, ինչ վերաբերում է նրան, թե Պետրոս Ղազարյանի մոտ ինչ խոսեց, առանց դա էլ հիմա բացասական քննարկումներ կան իր հասցեին, որ սխալ է արտահայտվում։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ճիշտ չի անում նման հայտարարություններ անելով, առավել եւս, որ ԲԴԽ նիստերին դիտմամբ չի գնում, նա դեռ շատ երիտասարդ է, որ կարողանա Ջհանգիրյանի հետ ոտք գցել եւ չի էլ կարողանա։