Ծաղկաձորը նորից դարձել է խաղատնային կենտրոն

Ծաղկաձորը նորից դարձել է խաղատնային կենտրոն

Դեռեւս 2020 թվականի հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին զրկել էր խաղատան կազմակերպման լիցենզիայից։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, շահագործում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը։ Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ խաղատունը չէր վճարել տվյալ տարվա երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։ Այդ օրվանից մինչ օրս «Շանգրի Լա»-ն փակ է՝ չի գործում։

Այսինքն, երկու տարի է՝ պետությունը զրկվել է Ծառուկյանին պատկանող այդ ամենախոշոր խաղատան վճարած հարկերից։ Իսկ դրանք հսկայական էին։ Մասնավորապես, կառավարությունը Երեւանում խաղատների համար սահմանել էր տարեկան շուրջ 11 մլն դոլարի կամ 5 մլրդ դրամի հարկ, իսկ մարզերում՝ ավելի պակաս, օրինակ, Ծաղկաձորում՝ տարեկան 180 մլն դրամ է, իսկ Ջերմուկում՝ ավելի պակաս։ Դրանք վճարվում են եռամսյակային կտրվածքով։ Եվ անկում ապրող տնտեսությամբ մեր երկրի իշխանությունը կամովին կամ, ավելի ճիշտ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, իր երկրի բյուջեն նվազեցնում է միլիոնավոր դոլարներով, որպեսզի քաղաքական հակառակորդին պատժի։ Սա շատ նման է այն պատմությանը, երբ նախանձ մարդուն Աստված հարցնում է՝ ի՞նչ տամ քեզ, դրա կրկնակին հարեւանիդ եմ տալու, եւ նա ասում է՝ մի աչքս հանիր։

Ծառուկյանին պատկանող խաղատան գործունեության կասեցումն այն ժամանակ կապվում էր Ծառուկյանի ընդդիմադիր գործունեության, կառավարությանը դեմ դուրս գալու հետ, այսինքն՝ քաղաքական ենթատեքստ կար դրանում։ Ի դեպ, Ծառուկյանը կարողացավ մայրաքաղաքում խաղատուն կառուցել եւ մոնոպոլ գործունեություն ծավալել հենց Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում, քանզի նախորդ իշխանությունները խաղային բիզնեսի դեմ պայքարի անվան տակ օրենսդրությունն այնպես փոխեցին, որ մայրաքաղաքում գործող խաղատները փակվեցին, եւ մարդիկ ստիպված տեղափոխվեցին մարզեր՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, իսկ Ծառուկյանը, որն ունի անհամեմատ ավելի խոշոր ֆինանսական միջոցներ, կարողացավ բավարարել օրենքով սահմանված նվազագույնի՝ 100 մլն դոլարի ներդրում կատարելու պահանջը եւ մայրաքաղաքին մոտ խաղատուն կառուցեց։ Այսօր «Շանգրի Լա»-ն չի գործում, բայց այնպես չէ, թե Ծառուկյանն ամբողջովին զրկվել է խաղատնային բիզնեսից։ Մենք տեղեկացանք, որ խաղատունն այժմ տեղափոխվել է Ծաղկաձոր եւ գործունեություն է ծավալում Ծառուկյանին պատկանող «Մուլտի ռեսթ հաուս» հյուրանոցային համալիրում։ Իհարկե, նույն ծավալի հարկ չի վճարում, ինչ «Շանգրի լա»-ի դեպքում էր։

Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոփոխված օրենքի հետեւանքով Ծաղկաձոր էր տեղափոխվել եւ «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրում էր գործունեություն ծավալում նաեւ Հայաստանի ամենահայտնի եւ խոշոր խաղատներից մեկը՝ «Սենատորը»։ Այն, սակայն, դադարեցրեց գործունեությունը, երբ հարկայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը, տրվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ճնշումներին կամ շանտաժին, որոշեց իրեն պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրաբերել պետությանը՝ փակեց ե՛ւ հյուրանոցը, ե՛ւ խաղատունը, ինքն էլ հեռացավ երկրից։ Սակայն պետությանը մինչ օրս չի հաջողվում ո՛չ կառավարել այդ թանկ շենքը, ո՛չ վաճառել։ Դրանից հետո «Սենատորն» էլ ավտոմատ դադարեցրեց գործունեությունը։ Բայց, ինչպես «Շանգրի Լա»-ն, «Սենատորն» էլ նորից սկսել է աշխատել, այս անգամ արդեն Ծաղկաձորի մեկ այլ՝ «Ոսկու աշխարհ» հյուրանոցում։

Ծաղկաձորի մյուս խոշոր խաղատունը «Ռոյալն» է, որը գործում է «Մարիոթ» հյուրանոցի տարածքում։ Այն կապվում է «Գազպրոմի» ղեկավարության ու ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անվան հետ։ Ի դեպ, Վարդան Հարությունյանի նկատմամբ էլ կա հարուցված քրեական գործ, եւ նա նույնպես Հայաստան չի կարողանում այցելել, քանզի մեծ է վտանգը, որ հենց օդանավակայանում կձերբակալվի։ «Ռոյալ» կազինոն, մինչեւ «Սենատորի» եւ «Շանգրի Լա»-ի՝ Ծաղկաձորում «վերակենդանացումը», Ծաղկաձորում ու հանրապետության մասշտաբով, կարելի է ասել, մոնոպոլ դիրք էր զբաղեցնում խաղատնային բիզնեսում, մինչեւ որ նրա հիմնական մրցակիցները նորից վերադարձան ասպարեզ։

Ի դեպ, 2020 թվականի մարտ ամսին՝ կորոնավիրուսի տարածման ամենապիկ շրջանում, «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ տնօրեն Արման Հարությունյանը բաց նամակ էր հղել «մեծարգո պարոն Փաշինյանին»՝ խնդրելով արտոնություն տրամադրել իրենց խաղատանը։ Կորոնավիրուսի սահմանափակումների դանդաղ վերացումը եւ պատերազմի հետեւանքները «մոռացության» տալը նպաստում են, որ Հայաստանում խաղատնային բիզնեսը նորից թափ հավաքի․ խաղամոլներն ու պարզապես զվարճության սիրահարները, բացի «on line» կազինոներում զվարճանալուց, հիմա նաեւ հնարավորություն ունեն հաճախելու իրական խաղատներ եւ իրենց փողերը հանգիստ խղճով քամուն տալ։