Ինչ է սպասվում խորհրդարանում

Ինչ է սպասվում խորհրդարանում

Սեպտեմբերի 13-ին կմեկնարկի ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ՝ աշնանային նստաշրջանը։ Համաձայն ընթացակարգի՝ այս շաբաթվա սկզբից պետք է նիստեր գումարեն խորհրդարանի մշտական հանձնաժողովները եւ քննարկեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում։ Բայց շաբաթը կիսվել է, իսկ հանձնաժողովներում նիստեր դեռ չեն գումարվել։ Այսօր տնտեսական հանձնաժողովում է նիստ նշանակված, առաջիկայում թերեւս մյուս հանձնաժողովները եւս գործի կանցնեն։ Այդուհանդերձ, խորհրդարանի պաշտոնական կայքից տեսանելի է, որ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր պատգամավորները եւ ո՛չ էլ կառավարությունն առանձնապես իրենց նեղություն չեն տվել հետպատերազմական երկրում առկա հրատապ խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու։

«Օրակարգում դեռեւս չընդգրկված» նախագծերի բաժնում երեկվա դրությամբ առկա էր 22 օրենսդրական նախագիծ, որպես կանոն՝ հենց այդ նախագծերն են բերվում առաջիկա նստաշրջանի օրակարգ։ Դրանցից մեկը «Հայաստան» դաշինքի հեղինակածն է՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվանափոխության հետ կապված։ Աղվան Վարդանյանի հեղինակած նախագծով առաջարկվում է սույն հանձնաժողովն անվանել արտաքին եւ Արցախի հարցով զբաղվող հանձնաժողով։ Մեկ նախագիծ էլ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է ներկայացրել՝ առաջարկելով զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում։ Դժվար չէ կռահել, որ իշխանությունը կմերժի այս նախագիծը, քանի որ օրերս պարզ դարձավ, որ օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին եւ հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Այսինքն՝ պետպատվերով բուժումների համար հատկացվող գումարները վերջացել են, եւ պետպատվերները սառեցվել են մինչեւ 2022 թվականը: 

Օրակարգային հարցերից մեկն էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումն է, որը պետք է քննարկվեր դեռեւս նախորդ խորհրդարանի կողմից, բայց հետպատերազմական քաոսում այդ հարցն էլ անտեսվեց եւ օրակարգ կբերվի հիմա։ Կքննարկվեն նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցերը, մնացած բոլոր նախագծերը խորհրդարան է ուղարկել կառավարությունը։

Նշենք, որ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի տեղը մի քանի ամիս է, ինչ թափուր է․ դեռեւս այս տարվա մայիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Սակայն արտահերթ ընտրություններով տարված խորհրդարանը ժամանակ չգտավ դատավոր ընտրելու, բացը կլրացնի նոր խորհրդարանը, իսկ իշխանության սրտի թեկնածուն Հովսեփ Բեդեւյանն է, որը Գագիկ Ջհանգիրյանի «զեմլյակն» է՝ մտերիմը։

Ինչ վերաբերում է մյուս նախագծերին, ապա դրանցից մեկ-երկուսն են ներկա մարտահրավերների թելադրանքով գրված։ Մասնավորապես, կառավարությունը փոփոխություններ է առաջարկում  «Պետական սահմանի մասին» օրենքում: Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված եւ 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի եւ համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին: Եվ քանի որ հստակեցված չէ հակաօդային միջոցների օգտագործումը, որոշում է կայացվել այսպիսի փոփոխություն կատարել եւ օրենքով ամրագրել, որ օգտագործման իրավունքը ՀՀ կառավարությանն է, այլ ոչ թե ՌԴ-ի։

Արդյոք Նիկոլ Փաշինյանն այս քայլով ուզո՞ւմ է ցույց տալ իր անկախությունը, ինչ-որ առումով անվստահությունը ՌԴ-ի նկատմամբ, թե՞ ճիշտ հակառակը՝ մեր ռազմավարական դաշնակիցն է պահանջել նման կոնկրետացման գնալ, որպեսզի, եթե առաջիկայում նման խնդիր առաջանա, Փաշինյանը, սովորության համաձայն, այլ տեղում այլ մեղավորներ չփնտրի՝ դժվար է ասել։ Նախագծի քննարկման ընթացքում թերեւս այս հարցերը կարծարծվեն եւ կստանան պատասխաններ։

Մնացած նախագծերը մեծամասամբ տնտեսական ոլորտին են վերաբերում՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մի քանի նախագիծ, որոնցից մեկը հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության փոփոխությունն է։ Ըստ հիմնավորման՝ նպատակն է․ «Դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաեւ՝ կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն»։ Իրականում՝ երիտասարդ ընտանիքներին զրկելու են արտոնյալ պայմաններով բնակարան ունենալու հնարավորությունից: Առաջարկվում է նաեւ փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին», «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում։