Հերիք չի՞ ինչքան տվեցին

Հերիք չի՞ ինչքան տվեցին

Արդեն 9-րդ օրն է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Մինչ ոմանք Հայաստանում պատրաստվում են Ամանորին, մտածում, թե ամանորյա սեղանին ինչ ուտեստներ են դնելու, արցախցիները մտածում են, թե ճանապարհը երբ է բացվելու, երբ են սովորականի պես ապրելու, երեխաները երբ են դպրոց հաճախելու, երբ է այս մղձավանջն ավարտվելու: Արցախցի Գյուլնարա Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ինչ գնով էլ լինի, դիմանալու են, ինչ էլ լինի, պայքարելու են։ Գյուլնարան արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրել է երկու եղբայրներին, իսկ որդին` Աշոտը, 44-օրյա պատերազմի մասնակից է: 

«Զուգահեռները շատ են էսօրվա ու 90-ականների միջեւ, բայց էսօր ամեն ինչ ուրիշ ա, մարդկանց մեջ շատ բան ա փոխվալ, մարդիկ էլ առաջվանը չեն, ավելի հարմարվող են, ավելի նյութապաշտ, բայց կան նաեւ շատ մարդիկ, որոնք ամեն գնով պայքարելու են, թուրք շանը ոչ մի թիզ հող չեն հանձնելու, հերիք չի՞ ինչքան տվեցին: Երկու եղբայրներս զոհվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երեք երեխա էինք, երկու տղա` մի աղջիկ, ծնողներս էլ դեռ կան, հիմա մենք ո՞նց կարանք մեր հողը, մեր տունը, մեր տղաների գերեզմանները թողենք ու գանք Երեւան կամ այլ տեղ գնանք: Կարծիքներ են հնչում, որ հենց ճանապարհը բացվի, Ղարաբաղում մարդ չի մնալու։ Ես բոլորովին համաձայն չեմ դրա հետ, ամեն տեղ էլ թույլ մարդիկ կան, բայց մենք տհենց չենք մտածում, մնալու ենք մինչեւ վերջ, ու վստահ եմ՝ մեր Շուշին, մեր Հադրութը հետ ենք բերելու: Տումի գյուղից են պապերս, ես վտսահ եմ, որ նորից իմ պապական գյուղ եմ գնալու»,- ասում է նա:

Մենք հետաքրքրվեցինք, թե այժմ ինչի պակաս կա Արցախում, խանութներում որ ապրանքներն են սպառվում։

Տիկին Գյուլնարան ասաց. «Պատկերացրեք՝ ամեն ինչ էլ կա, մարդիկ մեշոկներով ալիր են առալ ու հաց են թխում ամեն օր: Շաքարավազ, մակարոն, ալյուր, սրանք ամենաշատ վաճառվող ապրանքներն են, հիմնականում մարդիկ էդ ապրանքներն են առնում: Մնացած ամեն ինչը բոլ-բոլ կա խանութներում: Դեղեր չկան, ու մեկ էլ մոմեր են շատ առնում, էն օրը շուխուր ընկավ, թե նորից գազերն անջատում են, ասեցին, որ դաժե հոսանքը կարող են անջատել, մարդիկ մոմեր են առնում, որ հանկարծ լույսերն անջատեն, մոմ ունենան»: Նրա խոսքով` արցախահայությունը վստահ է, որ թշնամին ճանապարհը բացելու է, սակայն թե ինչ է լինելու հետո, անորոշ է: