Զգուշացեք «դավադիտ» անող անչափահասից, կամ` ո՞րն էր բնակարանիս ապակիները ջարդելու նպատակը

Զգուշացեք «դավադիտ» անող անչափահասից, կամ` ո՞րն էր բնակարանիս ապակիները ջարդելու նպատակը

Ես հաղորդում էի տարածել հանցագործության մասին, որտեղ հայտնել էի, որ երբ քննադատական հոդվածներ եմ գրում, մեր բակում գտնվող խաղահրապարակում խաղալու պատրվակով քաղաքի այլ վայրերից գալիս են ինչ-որ անչափահասներ եւ կոտրում իմ բնակարանի ապակիները: Իմ հանդեպ կիրառվել են պատժի այլ տեսակներ եւս, որոնցից մեկի մասին հայտնել եմ «Հրապարակ» օրաթերթում 2022-ին տպագրված «Ինչպես «պատժել» 100 տարի առաջ վախճանված հայ դասականին» հոդվածում: Այն է, Օղակաձեւ այգում գտնվող պապիկիս՝ Վահան Տերյանի արձանի տեսանելիությունը խաթարելու նպատակով, հուշարձանի շուրջ խիտ ծառատունկ են կատարել եւ արձանը լուսավորող լուսարձակը մշտապես անսարք վիճակում են պահում: Մինչդեռ այդ այգում գտնվող եւ ոչ մի հուշարձանի կողքին գեթ մեկ ծառ չեք տեսնի: Վերը նշված հաղորդումի մեջ հնարավոր չէր բացատրել, որ ապակիներ ջարդելու գլխավոր նպատակը ոչ թե ինձ անախորժություն պատճառելն ու ծախսի տակ գցելն էր, այլ վարկաբեկելը, եւ եթե հաջողվի սադրել, նաեւ՝ դատապարտելը անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու համար: 

Լինում է, որ բակերում ֆուտբոլ խաղացող երեխաներն անզգուշաբար կոտրում են բնակիչներից մեկի տան ապակին: Բայց այդ դեպքում նրանք կա՛մ սուսուփուս եւ արագ հեռանում են, կա՛մ էլ իրենց մեղավոր եւ համեստ են պահում: Իմ պարագայում տեղի է ունենում հակառակը: Նրանցից որեւիցե մեկը՝ տարիքով համեմատաբար փոքրը, գալիս կանգնում է պատուհանիս տակ եւ սկսում է սադրել՝  նպատակ ունենալով, որ ես իջնեմ բակ ու ֆիզիկապես պատժեմ կամ գոնե հայհոյեմ նրան, ինչը վկայում է, որ այդ պատահարը պատահականություն չէր:
Իշխանությունների կամ հանցագործների կողմից թիրախավորված անձին անչափահասների միջոցով պատժելու ձեւը նոր չէ 

Եվ դրա ամենասարսափելի տարբերակը, ըստ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, կիրառվել է Բրազիլիայում: Երբ Սարգսյանը դեռ վարչապետի աթոռը չէր զբաղեցրել եւ Կենտրոնական բանկի ղեկավարն էր, հաճախ էր հրավիրում մամլո ասուլիսներ: Բայց երբեք չէր պատասխանում ԿԲ-ին չվերաբերող լրագրողների հարցերին: Այդ ասուլիսի ժամանակ նա շատ անհանգստացած եւ նույնիսկ վախեցած էր թվում: Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ նոր է վերադարձել Բրազիլիայից, որը, ըստ նրա, պաշտոնատար անձանց համար չափազանց վտանգավոր երկիր է: Բանն այն է, որ այդ երկրում չափազանց շատ են անտուն-անընտանիք թափառող անչափահաս տղաները, որոնց իրենց հանցավոր նպատակների համար օգտագործում են տեղի հանցավոր խմբերը: Քանի որ այդ անչափահասներին դատ չի հասնում, հանցագործները նրանց օգտագործում են պատվերով սպանություններ կատարելու համար: Նրանք զենք են տալիս անչափահասին եւ ասում են, թե ում է պետք գնդակահարել: Եվ թափառաշրջիկ անչափահասն անպատիժ իրականացնում է պատվերով սպանությունը: 

Հայաստանում մոտավորապես նույն բանն է տեղի ունենում: Բայց քանի որ մեր երկրում ծնողները չեն լքում իրենց երեխաներին, եւ չկան թափառաշրջիկ անչափահասներ, գործը չի հասնում սպանություններին, որոնց համար կարող են պատասխանատվության կանչել նաեւ անչափահասի ծնողներին: Հայ անչափահաս տղաներն օգտագործվում են թիրախ հանդիսացող չափահասներին սադրելու համար: Բայց երբ անչափահասն իր լկտի եւ խուլիգանական վարքով ու պահվածքով այնքան է զզվեցնում թիրախ հանդիսացող մարդուն, որ վերջինն այլեւս չի կարողանում իրեն զսպել ու ծեծում, ապտակում կամ էլ հայհոյում է իրեն «դավադիտ» անողին, պարզվում է, որ նրա այդ բռնարարքը տեսաձայնագրվել է եւ ներկայացվել է համապատասխան մարմիններ: Արդյունքում, ինքնատիրապետումը կորցրած անձը պատժվում է կա՛մ աշխատանքից հեռացվելով, կա՛մ էլ նույնիսկ՝ Քրօր․-ի հոդվածով:

Երեւի կհիշեք տարիներ առաջ ինտերնետում հայտնված եւ մեծ աղմուկ հանած տեսահոլովակը, որտեղ այն օրերին կրիմինալ համբավ ունեցող ՀՀ մարզերից մեկի իրավապահ ղեկավարներից մեկն առանց որեւիցե տեսանելի պատճառի հանկարծ հարձակվում ու սկսում է հարվածներ հասցնել սպասարկման ոլորտի ինչ-որ անչափահասի: Վերջինն էլ, փոխանակ միանգամից փախչի ու փրկվի, մի քիչ հեռանում ու կանգնում է՝ ստանալով նոր հարվածներ: Հետո նորից է մի փոքր հեռանում ու կանգնում եւ … ստանում նոր հարվածներ: Եվ դա կրկնվում է մի քանի անգամ: Ենթադրում եմ, որ տեղի հանցագործներին չի հաջողվել «լեզու գտնել» այդ իրավապահի հետ, եւ նրան պատժելու համար ընտրվել է անչափահասի կողմից նրան «դավադիտ» անելու միջոցը: Չեմ կարծում, որ այդ իրավապահ պաշտոնյան այնքան խելագար էր, որ հարձակվում էր իրեն սպասարկող բոլոր անչափահասների վրա:    

Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցները հայտնում են դասատուների մասին, որոնք բռնություն են կիրառել իրենց աշակերտի հանդեպ: Կարծում եմ, որ նման դեպքերում պետք չէ մեխանիկորեն ուսուցչին համարել սադիստ, իսկ աշակերտին՝ զոհ: Չի բացառվում, որ այդ  «զոհն» իր խուլիգանական, հանդուգն, ուսուցչի ինքնասիրությունը եւ հեղինակությունը ոտնահարող վարքով երկար ժամանակ այնքան է զզվեցրել վերջինին, որ նա կորցրել է ինքնատիրապետումը: Որից հետո պարզվել է, որ այդ պատահարը տեսաձայնագրված է:

Ի դեպ, սովետական տարիներին եւս կար այդ փորձը, երբ բակի մեծահասակ խուլիգանները որեւիցե ցածր դասարանցու ուղարկում էին իրենից շատ ավելի մեծ տարիք ունեցողի մոտ, որպեսզի սադրի նրան: Եվ երբ վերջինը չէր դիմանում ու պատասխան էր տալիս, իսկույն հայտնվում էր խուլիգանների խումբը եւ ծեծում նրան:
Իմ բնակարանի պատուհանները ջարդելու սադրանքի կազմակերպիչների նպատակը հենց դա է: Որ ես էլ կորցնեմ ինքնատիրապետումը, իջնեմ բակ ու բռնություն կիրառեմ անչափահասի նկատմամբ: Իրենք էլ տեսագրեն դա ու պատժեն կամ գոնե վարկաբեկեն լրագրող Գրիգոր Էմին-Տերյանին:

Ի դեպ, մեր բակում կան տեսաձայնագրող սարքեր: Նրանց օգնությամբ կարելի է համոզվել, որ երբ ես պատուհանից լուսանկարում եմ «ֆուտբոլիստներին», անչափահասներից մեկն ինչ-որ տեղ է զանգում, հետո, երեւի ստանալով ցուցում, գալիս կանգնում է պատուհանիս տակ ու սկսում այնքան ժամանակ սադրել ինձ, մինչեւ ես չեմ հեռանում պատուհանից:

Գրիգոր Էմին-Տերյան