Զուգահեռ իրականությունն ու ՀՀ ղեկավարությունը

Զուգահեռ իրականությունն ու ՀՀ ղեկավարությունը

Անկեղծ ասած, հետեւելով վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ավելի ճիշտ` էն ամենին, ինչ կատարվում է մեր իսկ երկրում ու հենց մեզ հետ, սկսում ես մտածել, որ ներկա պաշտոնական որոշում կայացնողներն ու վերջում ստորագրություն եւ կնիք դնողները կա՛մ իրենք են մի ինչ-որ զուգահեռ իրականությունում ապրում, կա՛մ մեզ համար են ուզում ստեղծել այդ զուգահեռ իրականությունը, որտեղ թուրքը համեստ, խաղաղասեր ու ստեղծագործ ազգ է, որտեղ մենք՝ հայերս, անինքնասեր ու պատվազուրկ մի զանգված ենք՝ հորինված ու մեզ մանկուց պարտադրված պատմությամբ, որտեղ մեր Հայ առաքելական եկեղեցին ոչ թե աշխարհում առաջին կայացած քրիստոնեական կառույցն է, այլ մի ինչ-որ ապազգային նորաստեղծ հիմնարկ, որի գերնպատակը հայրենանվեր ու ազգասեր իշխանության, հզոր հայրենիքի կայացմանն ուղղված ծանր ու պատասխանատու առաքելությունը հիմնավոր քանդուքարափ անելն է։
Մեզ ոչ թե կոտորել են հայ լինելու համար, այլ մենք ենք գնացել ու կոտորվել թուրքին չենթարկվելու համար։ Արցախյան առաջին պատերազմից սկսած, մեր Տղերքն ու Աղջիկները ոչ թե կռվել ու նահատակվել են մեր ինքնությունը պահելու ու մեր նորանկախ պետությունը կայացնելու եւ հզորացնելու համար, այլ «հինավուրց (դեռեւս Տիգրան Մեծից տուժած) խեղճ ու կրակ» ադրբեջանցիների մայրենի ու հայրենի հողերի հաշվին մեզ համար հայրենիք հորինելու համար։ Եվ այլն, եւ այլն․․․

Տղե՛րք, աստված վկա, դուք ուղղակի անգին գտածո եք առանց բացառության բոլոր նրանց համար, ովքեր դարերով, ոմանք էլ՝ տարիներով, պայքարել ու պայքարում են հայոց պատմության ու մշակույթի դեմ, ովքեր իրենց չեղածն ու չունեցածը լրացնում են մեզնից գողացածով, ովքեր իրենց աշխարհաքաղաքական նկրտումների ու ցանկությունների ծարավը պատրաստ են հագեցնել մեր հողերի, մեր կյանքերի ու մեր ապագա սերունդների կամ մեր սերունդների ապագայի հաշվին։

Ամենասկզբից երբ եկաք իշխանության, երբ ամպագոռգոռ խոսքերից հիրավի հայրենանվեր գործի անցնելու տրամաբանության թելը սկսեց քրքրվել՝ չդիմանալով տարրական ներքին ու արտաքին դիվանագիտական ու կառավարման ոլորտի սխալներին, մենք (ասում եմ «մենք», որովհետեւ հույս ունեմ, որ միայն ես չեմ այդքան լավատես եղել) սկսեցինք ձեր իսկ թերացումները վերագրել փորձի պակասին՝ այդպիսով հույս ունենալով ու նաեւ ձեզ կամա թե ակամա հնարավորություն տալով՝ արագ կազմակերպվելու ու ճիշտ աշխատելու։ Բայց դուք այդպես էլ մնացիք պոպուլիզմի ու ինքնագովազդի տակ, առանց տարբերակելու, թե ինչ ասել է՝ դիվանագիտական հայտարարություն եւ ինչ ասել է՝ պրակտիկ, արդյունավետ ու իրական գործողություններ քաղաքական ու առավել եւս պատերազմի դաշտում։ Անվերջ ու անպատասխան հարցերի տարափը վերացրեց ցանկացած լավատեսություն՝ հանգեցնելով կանխամտածվածության վարկածին ու հետո՝ արդեն համոզմանը։

Իսկ գիտե՞ք, թե ինչ վիրավորական է ցանկացած իրեն հարգող քաղաքացու համար իր պետության ղեկավարի հասցեին այլ պետությունների ղեկավարների բերանից վայրահաչոցներ, վիրավորական արտահայտություններ կամ ուղղակի ծաղրանք լսելը, անկախ նրանից՝ այդ ղեկավարին դու ընդունում ես, թե ոչ։ Տվյալ դեպքում, ի գիտություն, եթե դեռ գլխի չեք ընկել, երկրից դուրս երկրի ղեկավարը մի ողջ ժողովրդի դեմքն է։ Դուք անընդհատ հակադարձում եք մի տեսակ արդեն անլուրջ հնչող «նախկիններով», ուշադրություն չդարձնելով, որ այդ նույն նախկիններին, չնայած ներքին անհամաձայնությանն ու ներքին ընդվզումներին, որը եղել է միշտ, կա ու կլինի, այլ երկրների ղեկավարների կողմից օգտագործվող բառապաշարն ու խոսելաոճը տեղավորվում էին դիվանագիտական էթիկայի կանոնների մեջ։ Սահակաշվիլին գնաց, երբ Աբխազիան ու Օսիան «փոխանակվեցին» Վրաստանում ռուսական ռազմական ներկայության վերացման հետ։

Ձեր դեպքում Արցախը վերջնականապես հայաթափվեց՝ դուք մնացիք, ՀՀ սուվերեն տարածքը կորցնում է ռազմավարական նշանակության տարածքներ, գյուղեր ու հողեր՝ դուք դեռ կաք․․․ Հրաժարվում եւ, ինչու ոչ, նաեւ վախենում եմ պատկերացնել, թե ինչից հետո եւ ինչ գնով դուք պատրաստ կլինեք հեռանալու․․․

Մհեր Բաղդասարյան
ՀՀ քաղաքացի