«Շնորհավորանքնե՜րս» հայաստանյան տարեցներին եւ քպկական «ազգընտիրներին»

«Շնորհավորանքնե՜րս» հայաստանյան տարեցներին եւ քպկական «ազգընտիրներին»

Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների հետազոտության կենտրոնի հայաստանյան գործընկեր «ԲՐԵՎԻՍ» ընկերության («Այ Փի Էս Սի») ղեկավարին եթե անձամբ չճանաչեի, ապա կմտածեի, թե որպես սոցհարցման արդյունքներ մեզ դեմ են տվել ուղեղի լվացման հերթական չափաբաժինը: Այլապես ինչպես համակերպվել այն հանգամանքի հետ, որ հայաստանցի մեծահասակների 50%-ի կարծիքով ՀՀ-ն շարժվում է ճիշտ ուղղությամբ: Կամ էլ պիտի ընդունեմ, որ իմ տարեկիցների (65+) կեսը խնդիրներ ունի ուղեղի հետ: Կամ մի փոքր ավելի կոնկրետ՝ ուղեղի այն բաժինների հետ, որ պատասխանատու են իրականության ադեկվատ ընկալման համար: Ուրիշ ինչպես է հնարավոր հիմնավորել այսօրվա պայմաններում ճիշտ ուղղությամբ գնալու տեսլականը: Փաստորեն, Արցախի կորուստը, ՀՀ սահմանային տարածքների կորուստները, թշնամու նորանոր պահանջներն ու ընդհանրապես պատերազմի ամենօրյա վտանգը ճիշտ ուղղությամբ շարժվելու չափանիշներ են:

Բայց այդ տվյալը համադրելով Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքի՝ մեկ տարում 19 տոկոսային կետի աճին (հասել է 66%-ի), հասկանում ես, որ այս դեպքում ևս գործ ունենք հանրային հեռուսատատեսությամբ տարեցների մտածողության մշակման հետ: Իսկ թե «ինչու հենց հանրային հեռուսատատեսությամբ» հարցի պատասխանն ակնհայտ է. տարեցների մեծամասնության համար ինֆորմացիայի գլխավոր աղբյուրը եղել և մնում է հանրայինը: Ինչը և հեշտացնում է հասակն առած մեր համաերկրացիների ուղեղները լվանալու գործընթացը: Այս երևույթը հենց այն դեպքն է, երբ ժամանակին քպկական «ազգընտիրներից» մեկը հրապարակավ բողոքում էր ընտրություններին և նմանատիպ այլ միջոցառումներին «գրագետ ու անգրագետ»  ձայների հավասարությունից: Այնպես որ հենց իր շրջապատի համար հերթական անգամ վկայվեց այն խոսքը, որ չկա չարիք առանց բարիքի:  
Սոցհարցման արդյունքների հրապարակման համատեքստում հիշեցի մեկ շաբաթ առաջ քպկական մեկ այլ «ազգընտիրի»՝ Հայաստանի արտաքին կողմնորոշման վերաբերյալ «մտորումները»: Վերջին բառը չակերտավոր, քանի որ «մտորումներին» սազական է մտքի խորությունն ու հիմնավորվածությունը, և ոչ թե դրանց բացակայությունը: Որպեսզի անհիմն չթվա ասածս՝ բերեմ ավարտուն «մտքի» մի օրինակ: Ահա այն. «Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է»:

Իսկ հիմա մի քանի հարց. նա ճշտե՞լ է, նախ, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարությունից Հայաստանին ռուս-բելառուս կազմի մեջ ընդունելու ցանկության մասին: Երկրորդ, եթե նույնիսկ առկա է այդպիսի ցանկություն, ինքը տեղյա՞կ է, արդյոք, այդ միջպետական միավորի էության վերաբերյալ: Իրականությունն այն է, որ դրան տեղյակ մարդը չէր կարող պնդել, որ այդ կազմի մեջ ներառվելը նշանակում է Հայաստանի վերջ: Որովհետև այդ միավորը գոյություն ունի արդեն երկուսուկես տասնամյակ, և ինչպես տեսնում ենք, աշխարհի քաղաքական քարտեզից դեռևս չի վերացել Բելառուս պետությունը: Եվ ոչ միայն չի վերացել, այլև զերծ է բոլոր այն անվտանգային խնդիրներից, որ այսօր ունի քպկականների միջոցով կառավարվող «անկախ» (բնականաբար` չակերտավոր) Հայաստանը: Երրորդ, ինքը պետք է իմանար, որ դեպի Արևմուտք շարժվող Հայաստանը Ռուսաստանից վախ ունենալու խնդիր չի ունենա, քանի որ արդեն հայտնվում է Թուրքիայի գերիշխանության ներքո: Իրենք են, չէ՞, անընդհատ խոսում Ռուսաստան-Թուրքիա դաշինքից: Ինչևէ, ինչպես երևում է, հենց թուրքական վիլայեթացումն է «ռուս-բելառուս կազմի» քպկական այլընտրանքը: Ինչի համար «շնորհավորում» եմ թե՛ հայաստանյան տարեցներին և թե՛ քպկական «ազգընտիրներին»: