Պատերազմից վախեցող ժողովուրդը ոչնչանում է

Պատերազմից վախեցող ժողովուրդը ոչնչանում է

Բազմաթիվ դիտարկումներ են արվում, թե ինչու հայ հանրության ամենաստվար զանգվածը հայեցողական կամ անտարբեր կեցվածքով է հարաբերվում սկիզբ առած Դիմադրության շարժմանը, որ հանդես է գալիս բացառապես ազգային-հայրենապահական օրակարգով: Շատերը, իրոք, չեն հավատում այդ օրակարգին, կատարվողը դիտում են որպես քաղաքական պայքար հանուն իշխանության, մյուս զանգվածն իսկապես անտարբեր է՝ իր քաղքենի-մորթապաշտական հակումներով: Ու թերեւս ամենամեծ թվաքանակն ունի այն «չեզոք» հատվածը, որ, ենթարկվելով պարտված-վախեցած (սարսափած) իշխանության քարոզչական մանիպուլյացիային, կարծում է, թե ազգային ուժերը, պետության գլուխ անցնելով, կսանձազերծեն նոր պատերազմ:

Վախենալով պատերազմից՝ այդ զանգվածը չի միանում դիմադրական շարժմանը, լռելյայն նախընտրում է խայտառակված ու օտարամետ իշխանության գոյությունը՝ թաքուն հավատալով, որ կապիտուլյանտները երկիրը զերծ կպահեն նոր աղետից: Անցած մեկուկես տարում, ամենատարբեր ձեւակերպումներով ու հիմնավորումներով, հազարավոր անգամ տեղին հերքվել է այդ տեսակետի տրամաբանականությունը, ի ցույց հանվել դրա ամբողջ սնանկությունն ու հոռին: Ուստի հիմա մի կողմ թողնեմ նոր հիմնավորումներ ներկայացնելու պահանջը եւ կարճառոտ անդրադառնամ պատերազմին, որի միտքն իսկ ահաբեկում է հազարավոր մարդկանց, նրանց զրկում ողջամտությունից ու տոկունությունից:

Պատերազմները բռնկվում են հազար ու մի պատճառով եւ առիթով: 2020 թվականի 44-օրյա պատերազմի առիթն այն էր, որ Հայաստանում ձեւավորվել էր մի իշխանություն, որն ապազգային էր (եւ՝ է) իր բնույթով ու գործելակերպով, պառակտել ու կամազրկել էր հանրությունը, խարխլել անվտանգային համակարգը, ինչից եւ հապճեպ օգտվեց ադրբեջանա-թուրքական տանդեմը: Սա աքսիոմին հավասարազոր ճշմարտություն է այլեւս:

Պատերազմը, այո, մահ ու արյուն է, ավեր ու տանջանք, իսկական փորձություն, որ կարող է համազգային ողբերգության վերածվել, եթե համազգային պայքար չկա: Պատերազմը նաեւ ուսուցանում ու դաստիարակում է, բուժում շատ տկար հոգիներ, եթե այն վարում են հմուտ ու հայրենանվեր մարդիկ:

Պատերազմը հաճախ նմանեցնում են Մեծ պահքին. այդ շրջանում պետք է զուսպ ու ժուժկալ լինել, զբաղվել գերազանցապես պաշտպանական հոգսերով, չտրվել զեխության ու ուրախությունների, լինել անվերապահ հայրենասեր եւ անել կարելվույնը՝ հաղթանակի համար: Այդպիսի՞ն էինք 44-օրյայի ընթացքում…

Պատերազմի ժամանակ պետք է արագորեն մեկուսացնել դավաճաններին ու պացիֆիստներին, նրանք բարոյալքում են մարտնչող հասարակությունը: Պատերազմի ժամանակ կան միայն յուրայիններ ու օտարներ, թող ոմանք իրենց համար այլ «կարգավիճակ» չփնտրեն: Այսօր հայկական մեր փոքրիկ երկիրը (Արցախի հետ) դեռեւս պատերազմի մեջ է, թեեւ չեն թնդում հրանոթները: Դեռ երկար պետք է գործի պատերազմական սույն օրենքը Հայաստանում:

Այս «խաղաղ» պատերազմի ժամանակ մարդկանց վրայից պետք է թափ տալ խաղաղության արհեստական թեփը: Անթույլատրելի է՝ երկրին պարտադրել մի հեռանկար, որը հղի է արյունալի կամ անարյուն վերացմամբ: Խաղաղությունը չի գալիս խաղաղություն գոչելով: Ակնբախ դավաճանություն է՝ երկիրը տանել մահացու խաղաղության ճանապարհով: Խաղաղ է ապրում այն երկիրը, ով պատրաստ է մտնել վերահաս պատերազմի մեջ եւ մարտնչել: Պատերազմից վախեցող ժողովուրդը պարտվում, ապա եւ ոչնչանում է: Մեզ նորից հաղթորեն պատերազմելու ունակ հանրություն է պետք: Եվ ո՞վ կպատրաստի նման հանրություն, եթե ո՛չ ազգային ուժերը: Հայաստանը պարտավոր է լինել ազգային, ավելին՝ ազգայնական երկիր, դա նրա գոյության հուսալի գրավականն է:

Հայերիս համար ամեն մի պատերազմ ակամա հայրենական բնույթ է կրում: Ուստի պատերազմելու մեր կարողությունն ու պատրաստակամությունը պետք է բազմապատկվեն եւ տաղանդավոր կեցության հավասարվեն: Որքան ռազմաշունչ եղանք, այնքան երկար է ձգվելու մեր վաստակած խաղաղությունը: Աշխարհի կյանքն այսուհետ եւս լի է լինելու պատերազմներով՝ անկախ մեր կամքից ու նկրտումներից: Պետք է հարատեւել պատերազմելով…

Բայց ես նոր մտքեր չեմ արտահայտում պատերազմի վերաբերյալ, դրանք հավերժական ճշմարտություններ են, ես ստիպված եղա վերաձայնել դրանք՝ ճակատագրական ներկա օրերի ընթացքը տեսնելով: Երկրի պահապանն ազգն է, ազգին տիրություն են անում ազգային-ցեղային միտք, ոգի եւ կոփվածք ունեցող մարդիկ: Նրանց կողքին չկանգնելը եւ չսատարելն ինքնին հավասարվում են ուրացության ու դավաճանության՝ առ Երկիր, ազգ ու Հայրենիք:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս