Ես մի ամբողջ օր անցկացրել եմ Չարենցավանի քննչականում․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)

Ես մի ամբողջ օր անցկացրել եմ Չարենցավանի քննչականում․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստի ընթացքում ցանկացավ «մի բառով ցիտել», թե ինչու է ինքը մի ամբողջ օր կտրվել աշխատանքից և առօրյայից ու հրավիրվել Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու։

Ապա ցիտեց իրեն ուղարկված ծանուցագրից մի հատված․ «2022 թվականի հունիսի 21-ի տեսագրությամբ պարզվել է, որ Դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը, մյուս օրը նորից կլորացած աչքերով գալու եք նիստին և ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում»։

Ապա դիմեց Անտոնյանին․ «Հիմա, պարոն Անտոնյան, շատ կարճ ասեմ՝ եթե Ձեր աչքերը եռանկյունի են, ուղղանկյունի կամ քառակուսի, խնդրում եմ՝ ինձ դրա մասին տեղյակ պահեք։ Դրա համար պետք չի ինձ հասցնել Չարենցավանի քննչական կոմիտե, ես, ի տարբերություն Ձեզ, պարապության սինդրոմով չեմ տառապում, ունեմ անձնական կյանք, ունեմ գործնական կյանք, աշխատանքային և այլն, և, ի տարբերությոն Ձեզ, ունեմ տարբեր տիպի զբաղմուքներ, Ձեզ էլ խորհուրդ  եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվել, չգիտեմ՝ որևէ զբաղմունք գտեք Ձեզ համար, գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, գնացեք ասեղնագործության, գոբելենագործության, ինչ-որ զբաղմունք գտեք Ձեզ՝ զբաղվեք։ Նորմալ չի, որ ավագանու անդամը՝ շուրջ 40 տարեկան մի տղամարդ․․․»: Նրա խոսքն ընդհատեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հորդորելով անձնական փոխհարաբերություններ չպարզել այս դահլիճում։

Թեհմինա Վարդանյանն էլ առաջարկեց չընդհատել իրեն, քանի որ դա իր ելույթն է։

«Պարոն քաղաքապետ, խնդրում եմ՝ չընդհատել իմ ելույթը, ես ավարտում եմ, խնդրում եմ համբերատար լինել, որովհետև ես համբերատար մի ամբողջ օր անցկացրել եմ Չարենցավանի քննչականում»,- հակադարձեց Թեհմինա Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում