Հեղինակին հանձնարարել են՝ դասագիրքը համապատասխանեցնել բոլոր կողմերի դիտարկումներին

Հեղինակին հանձնարարել են՝ դասագիրքը համապատասխանեցնել բոլոր կողմերի դիտարկումներին

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի ճակատագիրը վերջնականապես պարզ չէ` դուրս կգա՞ կիրառությունից, թե՞ կշարունակի որոշակի խմբագրումներով դասավանդվել հանրակրթական դպրոցներում: 
Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը ներկայացրեց իր պարզաբանումները՝ ի պատասխան մասնագիտական խմբերի կողմից արված դիտողությունների եւ առաջարկությունների: Ս․ Հովհաննիսյանը 121 կետով արձագանքել էր «Բնօրրան» ՀԿ-ի ներկայացրած մասնագիտական եզրակացությանը, 129 կետով պատասխանել էր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի եւ 13 կետով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիտարկումներին։

Հաջորդիվ, հեղինակի դիտարկումները, առկա պարզաբանումներով հանդերձ, ներկայացվել էին այս գործընթացում չներգրավված  3-րդ կողմի անկախ փորձագետներին` մասնագիտական կարծիք ստանալու համար: 

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ 3-րդ կողմի փորձագիտական կարծիքները ստացել եւ արդեն ուղարկել են հեղինակին, «որպեսզի այդ դիտարկումների ու կարծիքի հիման վրա իրականացվեն դասագրքի փոփոխություններ: Դրանից հետո կունենանք համաձայնեցված, վերջնական պատկեր, այսինքն՝ այն իրավիճակը, երբ բոլոր դիտարկումներն արված են եւ այդ բոլոր դիտարկումները դասագրքում ներառված են ու արդեն փոփոխված: Դրանից հետո կհասկանանք, թե ինչպիսին է լինելու դասագրքի ճակատագիրը հետագայում»:

Կարուսել չի՞ ստացվում, դասագրքի հեղինակը հիմա էլ 133 էջանոց ամփոփաթերթով անկախ փորձագետների դիտարկումների՞ն է պատասխանելու։ «Ոչ, այս անգամ նա արդեն ներկայացնելու է կատարված դիտարկումները, շտկումներն այն ձեւով, որ անելու է ու դասագրքում ներառի»: Ի դեպ, ԿԳՄՍՆ-ից հրաժարվեցին ասել, թե ովքեր են 3-րդ կողմի փորձագետները՝ նշելով, որ դա հրապարակման ենթակա չէ, այն էլ՝ այս փուլում:

Բայցեւայնպես, գուցե այս դեպքո՞ւմ էլ հեղինակն առարկություններ ունենա անկախ փորձագետների որոշ դիտարկումների առնչությամբ, ի՞նչ են անելու։ «Եթե ինքն առարկություններ ունենա, իհարկե, կարող է ներկայացնել, բայց դա մեր պահանջն է, ու մեր հանձնարարականն այնպես է եղել, որ կատարված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է դասագիրքը համապատասխանեցնել բոլոր դիտարկումներին` թե՛ հեղինակի կողմից նկատված խնդիրներին, թե՛ մեր մասնագիտական խմբի, թե՛ անկախ փորձագետների եւ թե՛ անհատապես արված դիտարկումներին, որովհետեւ հեղինակը բազմաթիվ առաջարկներ, դիտարկումներ է ստացել, ու դրանց համապատասխան փոփոխություններ պետք է արվեն դասագրքում»: 

Ինչ վերաբերում է ժամկետներին, մասնավորապես` գործընթացն ամբողջովին ե՞րբ ավարտին կհասցվի, ապա դրա համար, Թ. Սարգսյանի կարծիքով, եւս մեկ ամիս կպահանջվի, եւ նոր ապրիլին պարզ կլինի դասագրքի ճակատագիրը: