«Հրապարակ». Եթե փորձեն խնդիրներ ստեղծել, ապա ոտքի ենք հանելու բոլոր արցախցիներին

«Հրապարակ». Եթե փորձեն խնդիրներ ստեղծել, ապա ոտքի ենք հանելու բոլոր արցախցիներին

Արցախի խորհրդարանի 4 խմբակցությունների ղեկավարները փետրվարի սկզբին հանդիպել են հայաստանյան գործընկերների հետ, պայմանավորվել, որ հանդիպումները կանոնավոր եւ շարունակական բնույթ են կրելու, բայց ուշագրավ է, որ հանդիպման  փաստն արցախցիները գաղտնի են պահում, հաղորդագրություն չեն տարածում՝ թերեւս խուսափելով ՀՀ իշխանությունների հալածանքներից։ Հանդիպումը կայացել է Հայաստանում Արցախի տեղեկատվական շտաբում, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն առանձին-առանձին հանդիպել են արցախցիների հետ, ապաեւ՝ նախագահ Սամվել Շահրամանյանի։ Չնայած Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի ցանկացել մասնակցել այդ հանդիպումներին, բայց Բաբայանի կուսակից Գագիկ Բաղունցը, ով նաեւ ԱԺ նախագահի պարտականություններն է կատարում, ներկա է գտնվել։ Ի դեպ, Բաղունցը, ըստ մեր աղբյուրների, համաձայն չէ Բաբայանի որդեգրած քաղաքական կուրսին եւ տարբեր շրջանակներում չի թաքցնում այդ մասին։

Այդուհանդերձ, ի՞նչ նպատակով են այդ հանդիպումները, դրանք մարդկային ու ընկերակա՞ն, թե՞ նաեւ քաղաքական բնույթի են։ Մեր այս հարցադրումներին ի պատասխան, հանդիպման մասնակից՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ դրանք աշխատանքային հանդիպումներ են՝ քննարկման օրակարգում ունենալով բռնի տեղահանված արցախցիների խնդիրները։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ականջալուր չեն լինում մեր խնդիրներին, մեր բարձրաձայնած հարցերին, քաղաքական ինչ-ինչ նկատառումներով չեն շփվում մեզ հետ, մենք հայաստանյան մեր գործընկերների հետ փորձելու ենք այդ խնդիրները բարձրաձայնել իրենց միջոցով, որոնց հետ այս իշխանությունները չեն կարող հաշվի չնստել եւ կտան սպառիչ պատասխաններ, այլ ոչ թե կլղոզեն, ինչպես անում են այսօր մեր կողմից բարձրաձայնված խնդիրների դեպքում»,- ասաց Գալստյանը՝ շեշտելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում կդասակարգեն առաջնային խնդիրները եւ կփորձեն հասնել դրանց լուծմանը։
Դիցուք, խնդիրներից մեկն արցախցիների կենսաթոշակային գումարների տնօրինման հարցն է: Շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանը փոփոխություն է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, համաձայն որի՝ Արցախի քաղաքացիները կարող են իրենց հայեցողությամբ տնօրինել կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները: Այսինքն՝ ովքեր ուզում են կուտակել, կկուտակեն, ովքեր ոչ` կարող են հիմա ստանալ այդ գումարները, մանավանդ որ ՀՀ իշխանությունները նրանց չեն համարում ՀՀ քաղաքացի, եւ կուտակելու համար պարտադիր պետք է քաղաքացիություն ստանալ։

Դավիթ Գալստյանը շեշտում է, որ խոսքն օրենքի մասին է, որը պարտադիր կիրառման ենթակա է, եւ ՀՀ իշխանությունները, ի դեմս Կենտրոնական բանկի, որը զբաղվում է կուտակային ֆոնդերի վերահսկմամբ, պարտավոր են կիրառել օրենքը եւ արցախցիներին վերադարձնել իրենց կուտակային գումարները․ «Արդյոք օրվա իշխանությունները որոշե՞լ են խոչընդոտներ ստեղծել այս գործընթացում՝ ես հստակ ինֆորմացիա չունեմ, բայց եթե փորձեն խնդիրներ ստեղծել, ապա թույլ չենք տալու եւ ոտքի ենք հանելու ողջ արցախցիներին, որպեսզի իրենց քրտինքով կուտակած գումարները կոպեկ առ կոպեկ ստանան եւ ինչ-որ մարդկանց քմահաճույքների պատճառով չզրկվեն այդ գումարներից»:

Ընդդիմադիր գործընկերների հետ հանդիպման ընթացքում հանուն Արցախի համատեղ փողոցային պայքարի հարց չի քննարկվել․ «Համատեղ պայքարը` հանուն Արցախի, իհարկե, մեր բոլոր հանդիպումների կիզակետում գտնվող հարցն է՝ Արցախ վերադարձի, արցախցիների իրավունքների ճանաչման, Արցախի հարցը բաց պահել, չփակել, մինչեւ կարողանանք համախմբվել, համատեղ գործողությունների անցնել, հուսով եմ նաեւ, որ բոլոր առողջ ուժերը միանալու են այս պայքարին։ Ինչ վերաբերում է կոնկրետ փողոցային պայքարին, ապա այդ մասին դեռեւս քննարկում չենք ունեցել, եթե անհրաժեշտություն լինի, փողոցային պայքարով էլ ենք շարունակելու մեր պայքարը, որովհետեւ հայրենիքն այն սրբությունն է, որի համար բոլոր միջոցներն ընդունելի են»։

Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանականները հանդիպել են նաեւ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ: Հանդիպմանը մասնակցած ՀՅԴ-ական Վահրամ Բալայանն էլ մեզ տեղեկացրեց, որ քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծվի անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման եւ անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար։ Վահրամ Բալայանը, որ հանձնախմբի ձեւավորման նախագծի զեկուցողն է եղել, նշեց, թե որոնք են լինելու Արցախի հարցով ձեւավորված հանձնախմբի գործունեության հիմնական երեք ուղղությունները․ «Առաջինն ամբողջական վերադարձի հարցն է, որը կարելի է նաեւ գերխնդիր անվանել, երկրորդն արցախցիների գույքային վնասների  փոխհատուցման հարցն է: Փաստորեն, եթե մենք այստեղ ենք, մեր գույքն Արցախում անտերության է մատնված, փչանում է։ Իսկ երրորդը մշակութային ժառանգության պահպանման հարցն է, որը բխում է մեր ամբողջական վերադարձից` այն առումով, որ հազարամյակներով ստեղծված հայկական-քրիստոնեական արժեքները պետք է պահպանվեն եւ աշխարհին ներկայացվեն, թե ովքեր են դրանք ստեղծել, ովքեր են դրանց տերերը, միջազգային կառույցների միջոցով պետք է այդ ամենը փորձել պահպանել»։
Բալայանի խոսքով՝ արդեն գործնական որոշ քայլեր հանձնախմբի կողմից արվել են, որոնց մասին նա չցանկացավ բարձրաձայնել, իր խոսքով՝ չթիրախավորելու համար․ «Մտածել, որ մեկ ամսից մենք հետ ենք վերադառնալու Արցախ, այդ կարծիքին չեմ, բայց արդյունավետ աշխատանքներ կատարելու դեպքում մենք դուռը չենք փակում, չպիտի մոռանանք, որ աշխարհն արագ վերափոխվում է, քաղաքական այնպիսի գործընթացներ են լինում, որ պետք է արագ հիմքեր պատրաստել, նաեւ, ինչու ոչ` գերտերությունների  համար էլ որոշակի հարթակ է պետք ձեւավորել, այսինքն՝ այդ ամենի համար պետք է իրավական-քաղաքական պաշար ձեւավորել»։