Ձեր արշինով մի չափեք

Ձեր արշինով մի չափեք

Մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը փողոցում է։ Կարելի է ասել, որ 2018 թվականից ի վեր սա ամենամեծ շարժումն է եւ ամենակարեւորը՝ այն ո՛չ սոցիալական է, ո՛չ էլ հետընտրական, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, այլ ի պաշտպանություն Արցախի եւ Հայաստանի։ Իհարկե, դուք իրավունք ունեք չհավատալու շարժման մասնակիցների ազնվությանը եւ համարելու, որ սա հերթական պայքարն է՝ հանուն աթոռների, կամ, ավելի տգեղ պիտակավորմամբ՝ պայքար է սեփական ունեցվածքը պաշտպանելու համար, ինչպես փորձում է ներշնչել իշխանական քարոզչամեքենան։

Բայց մտավոր ունակություններից ոչ զուրկ մարդիկ կարող են սեփական վերլուծություններն անել եւ եզրակացնել, թե ովքեր են այսօր փողոցում, ու ինչ են նրանք ուզում։ Այո, երբեմն հրապարակում են հայտնվում նաեւ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, անգամ՝ Սաշիկի ու Լիսկայի տղաները, բայց նրանց կողքին են նաեւ Սեւակ Նազարյանն ու Էդիկ Անդրեասյանը, Արտակ Զաքարյանն ու Գուրգեն Մելիքյանը, Լիլիթ Մելքոնյանն ու Ձյունիկ Աղաջանյանը, շատ ուրիշներ, որոնց այստեղ է բերել հայրենիքի համար մտահոգությունը, եւ երբ մի քանի անհայրենիք սրիկաներ նրանց պիտակավորում են ու ասում, թե նրանք փողոց են ելել թալանը պաշտպանելու կամ իշխանությունը զավթելու համար, վիրավորում են մեծ թվով մարդկանց եւ նրանց նվիրական զգացումները։ Հասկանալի է, որ բանակից փախած եւ պատերազմից հետո Արցախ գնալ վախեցող այս զանգվածը երբ ասում է՝ գնացեք սահման, վերադարձեք ձեր Ղարաբաղ,  թալանածը հետ տվեք, որ զենք առնենք եւ այլն, իր ներքին վախերն ու կոմպլեքսներն է փորձում հաղթահարել։ Իրենց արշինով են չափում բոլորին։ Եվ, բնականաբար, փորձում են ոչ այնքան գրագետ մարդկանց ուղեղները լվանալ եւ պահել անտեղյակության ու մոլորության դաշտում։