Չստացված ոչինչ Արայիկ Հարությունյանը որոշել է անդրադառնալ ինձ. Նաիրա Զոհրաբյան

Չստացված ոչինչ Արայիկ Հարությունյանը որոշել է անդրադառնալ ինձ. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ հիշիր՝ ուղիղ ժամը 12-ին կառքը կվերածվի դդումի

Եվ ուրեմն՝ չստացված հպարտ քաղաքացի, չստացված նախարար, չստացված ոչինչ Արայիկ Հարությունյանը, ով ապականեց Հայաստանի գիտությունն ու կրթությունը, ով հայ մշակույթն իջեցրեց դալանային հակաէսթետիկ պերֆորմանսների մակարդակի, ով տրանսգենդեր Մելի մասին ֆիլմը ֆինանսավորեց զոհված զինվորի ընտանիքի հարկերի հաշվին, որոշել է անդրադառնալ ինձ։

Ես առանձնապես չեմ սիրում մտնել բանջարաբոստանային դաշտ, հատկապես, որ իմ սիրած բանջարեղենը բրոկոլին է, բայց այս անգամ, հատուկ սույն միչուրինյան սելեկցիոն տեսակի համար, կանեմ բացառություն։

Եվ այսպես՝ ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի՝ ես որևէ ցուցակային հրմշտոցի չեմ մասնակցում և չեմ մասնացկելու, որովհետև ես իմ քաղաքական կշիռը շատ լավ գիտեմ։ Ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի՝ ես Արցախ չեմ ծախել թուրքին ու պատասխանատուն և մեղավորը չեմ հազարավոր զոհերի, հազարավոր անհետ կորածների և իրենց կիրթ բարեկամ Ալիևի բանտերում պահվող հարյուրավոր հայ ռազմագերիների համար։

Ի տարբերություն սույն սելեկցիոն տեսակի, ով իր քաղաքական սեկտայի առաջնորդի անհետացումից հետո սամալյոտի մի տոմսին երանի է տալու, որ փախնի իր կարգավիճակին հարիր նիդեռլանդական որևէ երկիր, ես մնալու եմ իմ հայրենիքում ու ամեն ինչ անելու եմ սույն սելեկցիոն մուտացիաներից Հայաստանն ու Արցախը վերջնականապես մաքրելու համար։

Ինչ վեաբերում է երկու թաղապետերի կեսգիշերային գերեզմանոցային զբոսանքներին, ապա մեր երկիրը դիզինֆեկցիա անելուց հետո խոստանում եմ մի պասկվիլ գրել այն մասին, թե ինչպե՞ս էին երկու անմեղ ու ամլիկ թաղապետ ավտոմատներով զինված զբոսնում Թոխմախի գերեզմանոցում ու թե ինչպես մի տապանաքարի տակից լսվեց աղեկտուր օգնության մի ճիչ։

Դե, տիպա Մունկի «Ճիչի» դեմքով։

Եվ հետագայի համար՝ հանգստ նստեք տեղներդ ու ինձ մի խառնեք ձեր ներտեսակային բանսարկություններին»։

Նշենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը գրել էր.

«Նաիրա Զոհրաբյանին ու Լիլիթ Գալստյանին իրենց ֆեյքերն էլ բավարար չեն, անձամբ են ստեղծում կեղծ լուրեր 

Երբ դեղին տաբլոիդները, անանուն տելեգրամ ալիքները կամ ֆեյքերը կեղծ տեղեկություն են տարածում, դա որքան էլ որ անընդունելի է, նույնքան էլ հասկանալի է, քանի որ այդ ֆեյք աղբյուրները ֆեյք լուրեր ստեղծելու համար են: Սակայն երբ իրական մարդիկ, այն էլ՝ նախկինում հարգելի քաղաքական գործիչներն են ձգտում ֆեյքային գրառումներ կատարել, ա՛յ դա արդեն անընդունելի է:

ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը,  ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու, և դաշնակցական Լիլիթ Գալստյանը, որն ամեն ինչ անում է «Սիմբա» դաշինքում ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար, երեք օր առաջ ֆեյսբուքյան իրենց էջերում կեղծ տեղեկություն են տարածել, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներ Ռազմիկ Մկրտչյանը և Դավիթ Կարապետյանը մասնակցել են արյունալի «ռազբոռկայի»: Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, թե՛ Մկրտչյանը և թե՛ Կարապետյանը տիկնանց ստահոդ ստատուսներից առաջ հայտարարություններ էին տարածել այդ ֆեյք լուրի մասին: Բայց՝ ո՛չ, տիկնանց արգելակման խողովակները ծակվել են, զսպման «հեղուկը» արտահոսել, և նրանք այլևս ի վիճակի չեն իրավիճակին համապատասխան արձագանք տալ: Ավելին, Զոհրաբյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, կարող էր կապվել ոստիկանապետի հետ և առնվազն իմանար եղելության մասին: Ու այսքանից հետո նրանք պայքարում են «за звание дома высокой культуры и быта»...

Հ.Գ.1. Հակադարձելիս կլինեք ավելի ստեղծարար, խնդրում եմ չօգտագործել և չխոսել Գյուլնազ տատի հին հեքիաթներից՝ կրթությունը «քանդելուց» (սրանից ընդհանրապես մի խոսեք, ձեր խելքի բանը չէ), սորոսականությունից, Թումանյանի քառյակն անգիր չանելուց, Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելուց, հայերենի դասերը կրճատելուց և այլն: Դրանք հնացած երգեր են: 
Հ.Գ.2. Մեկնաբանության տողում կդնեմ նաև տեսանյութ, թե ինչպես են թաղապետերն օգնում ճանապարհին հայտնված վիրավոր տղամարդուն: Հուսով եմ՝ տիկնայք ներողություն կխնդրեն հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար: