Դատապարտյալների համար հիվանդանոցներում բաժանմունքներ չստեղծվեցին

Դատապարտյալների համար հիվանդանոցներում բաժանմունքներ չստեղծվեցին

Մեկ տարի առաջ՝ 2018-ի հուլիսին, հայտարարվեց, որ մինչեւ 2019-ը խոշոր բուժհիմնարկները սեփական միջոցներով բաժանմունքներ կստեղծեն դատապարտյալների բուժման համար, իսկ բժշկական լուրջ ծառայությունների կարիք ունեցող դատապարտյալները հնարավորություն կունենան բուժվելու քաղաքացիական հիվանդանոցներում։ Հեղափոխությունից անմիջապես հետո, հենց կառավարության նիստում սույն քաղաքական հայտարարությունն արվեց՝ բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնական խնդիրն այն էր, որ իշխանափոխությունից հետո, երբ սկսեցին մտածել դատապարտյալներին քաղաքացիական հիվանդանոցներում բուժելու մասին, լիազոր մարմինը մշտապես բախվում էր այն ռիսկի հետ, որ ընդհանուր հիվանդասենյակներում այնքան էլ անվտանգ չէ, եւ նաեւ փախուստի ռիսկեր էր պարունակում կալանավորների եւ «սովորական» հիվանդների՝ կողք կողքի բուժումը։
Կառավարության նիստում համապատասխան որոշման նախագիծ ներկայացրել էին ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը եւ Արսեն Թորոսյանը, Նիկոլ Փաշինյանն էլ ոգեւորվել եւ գովել էլ իր կաբինետի անդամներին։ Այդ նպատակի համար ընտրվել էին եւ պարտավորվել էին իրենց մոտ այդ բաժանմունքները բացել մայրաքաղաքի այն հիվանդանոցները, որոնք Երեւանում 500 եւ ավելի մահճակալներ ունեն․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Արմենիա» բժշկական կենտրոնները եւ Ուռուցքաբանության կենտրոնը։ Ընդ որում, «Սբ Գրիգոր Լուսավորիչ»-ում՝ որպես պետական բուժհաստատություն, դա պետք է աներ պետությունը, մյուսներում՝ մասնավորը։ 

Անցել է մեկ տարի, բայց այս ծառայությունը դեռ ներդրված չէ։ Մենք դիմեցինք արդարադատության նախարարություն, որտեղից ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ «N 2 հավելվածի պարզաբանում» բաժնի վերջին նախադասությունն ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 880-Ն որոշման պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո՝ Երեւան քաղաքի բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 500 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար։ Այսինքն՝ որոշման այս կետն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ, եւ «ներկայում ՀՀ արդարադատության նախարարության եւ առողջապահության նախարարության կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում՝ Որոշման պահանջները փաստացի ապահովելու եւ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով»։ Ծառայությունը փուլային է եւ երկու տարի անց պետք է ներդրվի նաեւ մարզերում՝ մարզերի բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 եւ ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար։

Մենք զրուցեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արտակ Մանուկյանի հետ, ով հայտնեց, որ այս պահին 7 դատապարտյալներ իրենց մոտ բուժում են ստանում։ «Այդ դատապարտյալները բուժումը ստանում են համապատասխան նեղ մասնագիտական բաժանմունքներում։ Մենք միշտ ընդունել ենք եւ միշտ ընդունելու ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ քանի դատապարտյալ բուժօգնության կարիք ունի, այնքան մահճակալ էլ իրենց մոտ կտրամադրեն։ Մեխանիզմն էլ՝ ՔԿՀ-ն կապվում է բուժհիմնարկի հետ, ուղեգրում, եւ դատապարտյալները ստանում են բուժօգնություն։ Ինչ վերաբերում է հարցերի հարցին՝ ո՞վ է վճարում՝ պետությո՞ւնը, թե՞ դատապարտյալ ու կալանավոր հիվանդներն իրենք, փոխտնօրենն ասաց․ «Դեպքեր լինում են, երբ հիվանդը հրաժարվում է պետության տված գումարից եւ գրում է գրավոր, որ ես իմ կամքով ուզում եմ իմ բուժօգնությունը ստանալ վճարովի հիմունքներով։ Ես չգիտեմ՝ ինքը նեղացած է պետությունից կամ ինչ-որ մի խնդիր ունի»։ Որոշ դեպքերում էլ կիրառվում է համավճար։ Այսուհանդերձ նշենք, որ բուժօգնության նշված տեսակն այն ծառայության շրջանում չէ, որի վերաբերյալ հարցում էինք ուղարկել արդարադատության նախարարություն։