«Հրապարակ». Ի՞նչ են արել հայրենիքիս համար, որ այսօր մեր նման ազգասերներին նվաստացնում են, երկիրը հանձնում թուրքին

«Հրապարակ». Ի՞նչ են արել հայրենիքիս համար, որ այսօր մեր նման ազգասերներին նվաստացնում են, երկիրը հանձնում թուրքին

Հարցազրույց «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի 
հետ։

- Համացանցում երեկ տարածվեց տեսանյութ, որտեղ երեւում է, թե կապանցի երիտասարդներն ինչպես են վնասազերծում ադրբեջանցի ռազմական հանցագործին։ Նրան հե՞տ են վերադարձնելու։

- Քանի անգամ վերցրին ու նույն վայրկյանին` վազելով հետ հանձնեց՝ իր մեծ եղբորն ասեմ, թե իր զույգ եղբորը, այսօրվա իշխանությանը։ Հանցագործներին էն կառուցողական, կրթված եղբորը հանձնեց` առանց որեւէ գերի հետ վերադարձնելու, որոնք եկան էստեղ, մորթեցին անչափահասին, մարդ սպանեցին: Նույնն էլ սրան են հանձնելու։ Ճիշտն ասած, ես զարմանում եմ մեր ժողովրդի անտարբերության վրա։ Այս դեպքերը շատ են լինելու, ադրբեջանցիները գալու են մտնեն Երեւան, գալու են բնակարանների դռները թակեն, մարդ սպանեն, վախացնեն: Իսկ մարդիկ անտարբեր են։ Խոսքերս հիշեք` գալու են, դա կլինի մեկ ամիս հետո, թե հինգ ամիս, մի տարի հետո՝ գալու են, ու որ շենքը դուրները եկավ, մտնելու են, դուռը ծեծեն, ու այդտեղ դիակ են գտնելու։ Անելու են, որովհետեւ նրանց մանկապարտեզից երեսուն տարի դաստիարակել են այդպես, որ ինչքան շատ հայ մորթես, դու երկնային արքայության մեջ շատ մեծ տեղ կունենաս։ Հայի արյուն խմելն ու թափելը թուրքի ու ադրբեջանցու համար դրախտում մեծ տեղ ունենալու խնդիր է։ Այդ մարդկանց հետ ո՞նց կարող է հայը խաղաղ ապրել` չկա նման բան: Սրանք մեզ խաբում են, մեր ժողովրդի ուղեղը բթացնում են, այն վիճակն է, որ մարդիկ սկսել են ոչ ոքի չհավատալ։ Էն մեկը հայտարարում է՝ Տեղ գյուղից այն կողմ Արցախն է, Տեղ գյուղը Հայաստանն ու Արցախը միմյանց կապող կետն է: Անցնում է 2 ամիս, ասում է՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, Արցախն Ադրբեջան է, եւ վերջ: Սա է էս մարդը, սրանք ու սրանց ծնողները պետք է պատասխան տան հայ ազգի առաջ։

- Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ պատրաստ ենք հետ քաշվել շփման գծի ողջ երկայնքով՝ ապահով հեռավորության վրա։

- Ես այդ հարցին անդրադարձել եմ, երբ Նիկոլը մի տարի, թե ամիսներ առաջ սկսեց պատրաստել ժողովրդին հայելային հետքաշմանը։ Սրանց գործելաոճն է այդպիսին, նախօրոք սկսում են խոսել մի բանի մասին եւ կամաց-կամաց իրագործում են։ Այսինքն՝ մեր տարածքների հաշվին տալ գոտի, որտեղ ապահով պետք է լինի։ Հետ քաշվեցիր՝ ադրբեջանցին առաջ է գալու։ Ինքը նկատի ունի՝ հանձնել մեր երկրի սահմանները թշնամուն։ Ի՞նչ գոտու մասին է խոսքը, մինչեւ ո՞ւր են հետ քաշվելու՝ մինչեւ Երեւա՞ն։ Էդ մարդիկ Երեւանի մասին էլ են հայտարարություններ անում, որ դա իրենց պատմական ադրբեջանական Էրիվանն է։ 

- Ալիեւը հայտարարում է, որ այս պահին կա պայմանական սահման Հայաստանի հետ, այսինքն` հստակ սահման չկա, Փաշինյանն այսօր ասում էր` մենք պատրաստ ենք դելիմիտացիայի։ Նա այդ իրավունքն ունի՞։

- Իրավունք չունի, որովհետեւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է՝ մեկ սանտիմետր տարածք զիջելը պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Նիկոլին ոչ ոք, ես՝ ինքս, չեմ լիազորել, որ իմ փոխարեն թուղթ ստորագրի՝ տարածքներ հանձնելու համար։ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ նա հայտարարեց, որ դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ պիտի նստի։ Այդ տեսագրությունները կան, ու ժողովուրդը սկսեց ծափահարել էդ նախադասությանը։ Նա խոսում էր այդ մասին ու ստացավ այդ մանդատը, որ մենք չորոշենք, թե թուրքը որտեղ նստի, այլ ինքը որոշի։ Ու այսօր այդ մարդը որոշում է, ես ուզում եմ իր շուրթերից լսել՝ որտե՞ղ է վերջանում Հայաստանի սահմանը։ Ինքն անգամ հայտարարում է, որ չգիտի, թե Ալիեւի ախորժակը որքան է, որտեղ են ավարտվելու պահանջները։ Այս մարդը լավ ծառայում է իր տերերին, ինչ ասում են՝ անում է։

- Ադրբեջանի կողմից Տեղ գյուղում ռազմական ագրեսիայից հետո ՊՆ-ն տեսանյութ տարածեց։ 

- Նախ, ինչի՞ պիտի թույլ տային, որ Արդբեջանը գար ու այդտեղ դիրքավորվեր, ինժեներական աշխատանքներ տաներ՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Մարդիկ փողը վճարել են, ու Գուգլ քարտեզը ցույց է տալիս, որ այդ տարածքն Ադրբեջան է, Նիկոլն էլ ասում է՝ սա Ադրբեջան է։ Նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ 29 800 քառակուսի կիլոմետր պատրաստ է պահելու, անցան շաբաթներ՝ խոսեց Ալիեւն այդ մասին, եթե ուզում եք ձեր այդ 29 000 քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ ապրեք, մեր պայմանները պիտի ընդունեք։ Այս մարդն ընդունել է։ Այն 29 000 քառակուսի կիլոմետրի մասին․ որ խոսում է, դրանից ինքը նաեւ հետ է քաշվելու 1 կիլոմետր, 2 կամ 5՝ ամբողջ սահմանով մեկ։ Տեսեք, ինչ է մնում տակը՝ 25-26 000 քառակուսի կիլոմետր։ Այսինքն՝ այն 29 000-ից ինքը տալու է բուֆերային գոտի։ Երկու տարի առաջ ես խոսեցի բանակաքանդման մասին, որ այս մարդիկ ընդունել են, որ Հայաստանը բանակ չպիտի ունենա, ահա թե ինչի համար են ավելացնում պարեկային ծառայությունը։ Ընդամենը պետք է ունենա պարեկային ծառայություն: Ծանր տեխնիկա Հայաստանը չպետք է ունենա, միայն ավտոմատներով իրականացվող հսկողություն, որն արվում է հիմա։ Կիլոմետրերով սահմաններին քայլում ես՝ մի սահմանապահի չես հանդիպում, դրա համար էլ անարխիա է։ Դրա համար էլ ադրբեջանցին գալիս մտնում է քո երկրի մեջ, ում ուզում է` սպանում է։ Ես նաեւ տեսա այդ ադրբեջանցու լայվը․ նա ասում է՝ 400-500 հայի գլուխ եմ կտրել, դեռ ողջ եմ, Հայաստանի մեջ եմ ես, այդ նույն ադրբեջանցին, ում որ բռնել են, եթե կմեռնեմ՝ իմ համար աղոթեք, որ ես դրախտում տեղ ունենամ։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում։ Եվ այս ֆոնի վրա մարդիկ ծառ են հատում, կառավարության նիստում ինչ-որ հարց են քննում։ Անվտանգության ոլորտը թողած՝ ինչ-որ այլ թեմաներից են խոսում։ Բոլոր ոլորտները քանդեցին՝ կրթությունից, մշակույթից, բանակից, տնտեսությունից սկսած, նայեք` ովքեր են կարեւորագույն պաշտոններ զբաղեցնում։ Նայեք դրանց ապրած կյանքերին, անցյալին, ի՞նչ են արել հայրենիքիս համար, որ այսօր իմ նման, մեր նման ազգասերներին նվաստացնում են, հանձնում են թուրքին։ Սկուտեղի վրա մեր երեխաներին մատուցում են թուրքին, մի ամբողջ սերունդ ոչնչացրին, քանի հարյուրամյակ է պետք, որ վերականգնվի մեր կորուստը։