Եթե Ադրբեջանի զինծառայողները հայտնվեն Տավուշում, ապա մարդկանց կյանքը կվերածեն անհնարինության․ Թաթոյան

Եթե Ադրբեջանի զինծառայողները հայտնվեն Տավուշում, ապա մարդկանց կյանքը կվերածեն անհնարինության․ Թաթոյան

Ադրբեջանի՝ Հայաստանից ունեցած տարածքային պահանջների, սահմանային իրավիճակի, Տավուշի մարզի գյուղերի հանձնման վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշման վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ։

- Պարոն Թաթոյան, Հայաստանի կառավարությունը հայտարարում  է, որ 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը Հայաստանից պահանջում է, երբեք Հայաստանի տարածքում չեն եղել, հետևաբար՝ պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, արդյոք այդ գյուղերը հայկական չե՞ն։

- Այս հարցերը քննարկելիս անչափ կարևոր է մոտեցումների հիմքում դնել մի շարք սկզբունքային հարցեր։ Նախ՝ շատ կարևոր է յուրաքանչյուր որոշման կայացման հիմքում դնել անվտանգության հարցերը և մարդու իրավունքների հարցերը։ Տավուշի այս գյուղերի հետ կապված հարցը, որը միշտ քննարկվում է, այդտեղ մենք ունենք անվտանգության լրջագույն խնդիրներ։ Եթե մենք նույնիսկ մի փոքր դիմում ենք պատմական փաստերին, ապա այդ փաստերն ինքնին ապացուցում են, որ Ադրբեջանը մշտապես նպատակ է հետապնդել սեպի նման խրվելու մեր բնակավայրերի միջև, ինչ գնով էլ լինի՝ ապօրինի, հանցավոր եղանակներով հայտնվելու ճանապարհներին, որպեսզի կարողանա վերահսկողություն իրականացնել։ Եկեք Ոսկեպարի օրինակը քննարկենք․ երբ ուսումնասիրում ենք փաստաթղթեր, օրինակ՝ 1923 թվականի մարտի 21-ի՝ ներքին գործերի ժողկոմատի արձանագրությունը, ապա տեսնում ենք, որ այնտեղ էլ է գրված, որ Ադրբեջանը պահանջում է Իջևանի գավառի Բարանայի շրջանի, որը Նոյեմբերյանն է, այսպես կոչված Ասկիպարայի անտառային մասը, որը բաժանված է եղել 2 մասի։ Երբ այդ և այլ փաստաթղթեր ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ գոյություն ունի հայկական Ոսկեպարից աղավաղված 2 գյուղական բնակավայր, որոնք նախկինում նույնիսկ անտառային մասեր են կոչվել՝ Ներքին Ասկիպարա, և Վերին Ասկիպարա, որոնցից մեկը հայկական Ոսկեպարից արևմուտքում է գտնվում, մյուսը՝ արևելքում։ Ադրբեջանական իշխանությունը այդ ժամանակ անգամ բախումներ է հրահրել, Ադրբեջանը մշտապես տարել է քաղաքականություն, որ զավթողական ճանապարհով վերահսկողություն իրականացնի հայկական անցուդարձի, տեղաշարժի վրա, մեր անվտանգությունը խաթարող արարքներ թույլ տա։ Հիմա եթե մենք ուսումնասիրում ենք այս տեսանկյունից՝ որևէ կերպ չմոռանալով պատմական փաստերը, ակնհայտ է դառնում, որ այդ գյուղերի հարցը ուղիղ վերաբերում է մարդկանց անվտանգության հարցին։ Այդ գյուղերի հարևանությամբ,  որոշ դեպքերում այդ գյուղերի միջով են անցնում ճանապարհներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, անգամ միջպետական ճանապարհը, և եթե մենք թույլ տանք, որ ադրբեջանական զինծառայողները մոտենան մեր գյուղերին, դա նշանակում է, որ մենք ադրբեջանական թիրախի տակ ենք դնում մեր գյուղերը, արոտավայրերը, այգիները, ջրային ակունքները, գազատարը, որն անչափ մեծ նշանակություն ունի։ Ռազմավարական տեսանկյունից վտանգվում է հայ- վրացական սահմանի հետ կապված անչափ կարևոր հաղորդակցությունը, և, բնականաբար, եթե Ադրբեջանը հայտնվի այնտեղ, ապա ինչպես Սյունիքում, Գեղարքունիքում, ամեն ինչ անելու են, որ մարդկանց կյանքը ուղղակի վերածեն անհնարինության և ունենա իր վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ։ Ես ուղղակի հավատացած եմ՝ որպես տարածք Ադրբեջանին այդ գյուղերը ընդհանրապես անհրաժեշտ էլ չեն, որովհետև դրանք տարածքային առումով այնքան փոքր են, բայց ինչո՞ւ է Ադրբեջանը դրանք պահանջում․ որպեսզի կարողանա անվտանգության առումով լրջագույն առավելություններ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այնտեղ, մեր մյուս սահմանային հատվածների հետ համեմատած, մենք ունենք ամենաբարձր պաշտպանությունն ունեցող սահմանային գիծը։ Եթե գյուղերը հանձնվեն, ապա նշանակում է, որ մենք այդ հատվածն ամբողջությամբ կազմաքանդում ենք, թույլ ենք տալիս ադրբեջանական զինծառայողներին մտնել, և ոչ միայն պետության անվտանգության համար հարցեր ենք ստեղծում, այլև մարդկանց անվտանգության համար լրջագույն սպառնալիքներ։ Սահմանանազատումը չի կարող որևէ կերպ ընդունելի լինել, եթե դրա հետևանքով մարդկանց ազատ ու անվտանգ տեղաշարժը, կյանքը վտանգվում են․․․։

Մանրամասն՝ տեսանյութում