350 միլիոնը ոչինչ է, եթե, օրինակ, Ռուսաստանը որոշի գազի գին բարձրացնել

350 միլիոնը ոչինչ է, եթե, օրինակ, Ռուսաստանը որոշի գազի գին բարձրացնել

Մինչ բրյուսելյան հանդիպումը իշխանական քարոզչամեքենան մեկ միլիարդ եվրոյի օգնության մասին էր խոսում։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այդ մեկ միլիարդի մասին խոսակցությունները պատահական չեն հայտնվել։ 

«Այդ լուրերը ոչ թե պտտում էին օդից, այլ իմ ունեցած ստույգ ինֆորմացիայի համաձայն, Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջում հանդիպում էր ունեցել, այսպես կոչված, պսևդո-արևմտական սեգմենտի փորձագետների հետ և այդ թիվը ինքն էր շրջանառել այդ հանդիպման ժամանակ։ Համանայնդեպս, առանց անուններ նշելու այդ հանդիպման երկու մասնակից է ինձ այդ ինֆորմացիան փոխանցել։ Մեկ միլիարդի լեգենդը իշխանության օգնությամբ փչվեց, և գերդոզավորված սպասումներ առաջացրեց»,-ասաց Սուրենյանցը։ 

Քաղաքագետը նշեց, որ եթե այլ ժամանակահատվածում ապրեինք, երբ Հայաստանի և Արևմուտքի մերձեցումը տեղի ունենար ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին, այլ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի դրսևորում լիներ, թերևս դա ողջունելի կլիներ։ 

Փաստորեն հավաքական Արևուտքն այսքան է գնահատում ՀՀ-ի՝ Ռուսաստանից անջատման քայլը հարցին, Սուրենյանցը պատասխանեց․

«Շատ կատեգորիկ գնահատական տվեցիք, բայց շատ մոտ է իրականությանը։ Տեսեք, Բրյուսելում իրոք բարձրացվում է դիմադրողականություն, բայց ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի։ Այսինքն, նա իքս գումար է ստանում իր ռեժիմի իշխանության կայունությունն ապահովելու համար, որովհետև առջևում շատ ծանր որոշումներ պիտի կայացնի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում և Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում։ Այո, կարող ենք ասել, որ Հայաստանի պոտենցիալը այդ երկու ուղղություններում այդքան է գնահատվում»։ 

Հետևանքները շատ ծանր կարող են լինել, որովհետև տարածաշրջանի բոլոր ազդեցիկ պետությունները՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, իրենց հրապարակային հայտարարություններով կոշտ հակադարձում են Հայաստանի իշխանության փորձերին՝ փոխել երկրի արտաքին քաղաքականության ստրատեգիական կողմնորոշումը։

«Հայաստանը կարող անցնել շատ ծանր գործընթացների միջով։ Չմոռանանք, որ մի քանի օր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսում էր այն մասին, որ փորձարարություն է սպասվում Հայաստանին Արևմուտքի կողմից, հիմա չգիտեմ դա Արևմուտքի կողմից է լինելու, թե ռուսական հակազդեցության հետևանքով է առաջ գալու, դրանից առանձնապես մեզ համար բան չի փոխվելու՝ այդ փորձարարության վտանգի ռիսկը չի նվազելու»։ 

«Ամեն պարագայում կարող է ստեղծվել շատ լուրջ մարտահրավեր՝ ընդհուպ մինչև պետականության կոլապս Հայաստանի համար։ 350 միլիոնը ոչինչ է, եթե օրինակ Ռուսաստանը որոշի գազի գին բարձրացնել՝ անմիջապես այդ 350 միլիոնի էֆեկտը կվերանա։ Ես մի դրսևորումն ասացի։ Դա կարող է և տնտեսական միջավայրի վատթարացման տեսքով լինել, և կարող է աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելու հետևանքով լինել, և կարող է երրորդ երկրի ագրեսիայի միջոցով լինել։ Այսինքն, այդ արյունոտ սցենարները շատ են, աշխարհի տարբեր երկրներում մենք դա տեսել ենք՝ Ուկրաինայում ինչպես է եղել, Վրաստանում ոնց է եղել, նախկին Հարավսլավիայում կամ Սերբիայում ոնց է եղել։ Շատ հարուստ զինանոց կա այդտեղ»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։