Պայթյու՜ն է պետք․․․

Պայթյու՜ն է պետք․․․

Երբ շատ է ամեն ինչ պղտորվում, երբ խտանում է սևը, պայթյուն է պետք։ Պայթյուն՝ մաքրվելու, զուլալվելու համար։ Ամպը երբ թանձարանում, երկինքը սևով է պատում, պայթյուն է պետք՝ երկրը աղտոտումից փրկելու համար։ Համատարած ողբի, անեծքի, հուսահատության,  հայհոյանքի, ատելության բորբոսը պատել է երկիրը՝ պայթյուն է պետք։ Պայթյու՜ն է պետք, այլ ելք չկա, որովհետև երկրի հունը իր ձեռքն է առել մեկը, ով մեր երկիրը լույսով ցողելու փոխարեն մրով է պատում։ Լույսն էլ,  որ երբեմն ծիկ է անում,  քի՜չ է,  անդրադա՜րձ  է։ Այդ լույսը մերան չի դառնում լույսը մրոտվում է նույն մրագործի ձեռքով ու համատարած խավարի մեջ ընդգրկում Հայոց աշխարհը։ Ո՞վ չի հասել այն վիճակին, որ էլ ոչ մեկին լսել չի ուզում, որ էլ ոչ մեկին չի հավատում, որ էլ ոչ մեկի հետ հույս չի կապում։

Մենք ապրում ենք մրի թագավորությունում, ուր լույսն անգամ ակնթարթորեն փոխվում է մթի։ Ժողովուրդ, մեզ ոչինչ չի փրկի, որովհետև մենք մեր շղթաների, գերության մեջ մեզ լավ ենք զգում, մենք հայհոյանքների տարափի տակ անձրևաջրի տեղ լվացվում ենք։  Մենք հեռացել ենք մեզնի՜ց, մեր արմատների՜ց, մեր հողից, մեր նահատակների արյունից, մեր ծառ ու ծաղկից, մենք ցեմենտել ենք Եռաբլուրում մեր գարունները, որ հայրենասիրության ծիլ չտան, մենք թաղված ենք ավելի խորը, քան Եռաբլուրում պառկածները։ Պայթյու՜ն է պետք։ Բնության մեջ ամեն ինչ ներսից է պայթում ու բացվում, ամեն ինչ ներսի՜ց է փոխվում։ Այդ պայթյունն ուշանալու դեպքում մենք ցեցի կեր ենք դառնալու։ Մենք հումք ենք, ընդամենը հու՜մք, որոնց կարելի է կարտոֆիլի պարկերի պես մի օրում բարձել մեքենաների մեջ և ուղարկել գրողի ծոցը։