Երանի մեր տղերքին, որ չտեսան էս օրը
«Որդիների կանչ» ՀԿ նախագահ, կապիտան Իշխան Պետրոսյանի այրին` Արուս Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում արցունքները հազիվ է զսպում ու ասում է. «Երանի մեր տղերքին, որ էս օրը չտեսան»: Նա կարծում է, որ այսօր գրվում է հայոց պատմության ամենախայտառակ էջը, հանձնվում է մեր տղերքի արյամբ պահպանված ու պաշտպանված Արցախը, իսկ բանակում ավանդ ունեցող զինվորականներն ադրբեջանցիների կողմից ձերբակալվում են: Մեր զրուցակցի խոսքով` հայ ժողովուրդն իսկական ողբերգություն է ապրում և չկա այն կարող ուժը, որը մեզ կազատագրի փաշինյանական ռեժիմից:
Մեր զրուցակիցը նաև ասում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր մասնակցել է ընդդիմության բոլոր բողոքի ակցիաներին, հույսով, որ մի բան կփոխվի. «Պայքար պետք է, մենք հանձնվող ազգ չենք, արիացի ենք, պետք է ընդվզել, ուղղակի, չգիտեմ կգտնվե՞ն այնպիսի ուժեր, որոնք Հայաստանն այս վիճակից դուրս կբերեն: Ես մշտապես մասնակցել եմ ընդդիմության պայքարին` 2020 թվականից սկսած, քայլել եմ, ոչ մի րոպե չեմ վարանում վաղը ևս փողոց դուրս գալ», - նշում է նա:
Զոհվածի այրին ասում է, որ չի պատկերացնում, թե ինչ տեսակ ուժեղ ղեկավար պետք է իշխանության գա, որը Հայաստանն այս վիճակից դուրս կբերի. «Բարդ վիճակ է՝ ահավոր, չեմ պատկերացնում մեկին, ով կկարողանա այս վիճակից մեզ դուրս բերել: Ամեն վայրկյան Ալիևը հիշեցնում է Սյունիքի, Գեղարքունիքի մասին, հիմա այս իշխանություններն ինչո՞ւ են արցախցիներին հենց այդ մարզերում տեղավորում, ի՞նչ նպատակով: Լավ ո՞նց կարելի է: Երաշխիք կա՞, որ վաղն էլ այնտեղ այդ վիճակը չի լինելու: Այդ ժողովուրդը մեղք չե՞ն: Թեպետ չգիտենք վաղը մեզ հետ ինչ է լինելու, եթե սրանք մնան իշխանության ղեկը ձեռքներին», - ասում է Արուս Հարությունյանը:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեք հոկտեմբերի 5-ին կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումից, զոհվածի այրին ասաց. «Չգիտեմ ո՞նց խնդրեմ, ո՞ւմ իմ խոսքն ուղղեմ, ո՞նց գտնեմ այն հզոր ուժին, ով կարող է գտնվել մեր ներսում ու այդ վիճակից մեզ դուրս բերել: Վայրկյան առաջ պետք է դադարեցնել այս ամենը, չի կարող այլևս այս մղձավանջը շարունակվել: Ես անգամ իմ ամենավատ երազում չէի կարող նման բան տեսնել: Հայ ազգն էս ի՞նչ օրն ընկավ: Նայում ես այսօր էնպիսի մարդիկ են արցախցիների մասին խոսում, որոնք մի տարի առաջ ասում էին՝ արցախցի մեր ու մանուկ պետք է մորթել: Սա ի՞նչ խայտառակություն է: Նայում ես այսօր ինչ է կատարվում, ոնց են գեներալիտետին ձերբակալում ադրբեջանցիները, ուղղակի մեռնելու բան է, ո՞նց կարող էր էսպիսի բան լինել: Էդ մարդիկ իրենց կյանքն են բանակին տվել: Մեծագույն ցավ եմ ապրում, հիմա էլ ինձ մի կերպ եմ զսպում, որ բարձրաձայն լաց չլինեմ: Ահավորություն ուղղակի: Հիշում եմ, թե տարիներ առաջ ՊՆ-ի ժողովներից մեկի ժամանակ ամուսինս ոնց էր էդ նույն տղերքի կողքին նստած ու հիմա էսպես…. երանի մեր տղերքին, որ չտեսան էս օրը», - խոսքը եզրափակեց կապիտան Իշխան Պետրոսյանի այրին` Արուս Հարությունյանը:
Կարծիքներ