Դադարեցրեք այդ ծրագիրը, Արևմուտքին են նմանվում․ փողոցներում կիլոմետրերով անօթևաններ են ապրում

Դադարեցրեք այդ ծրագիրը, Արևմուտքին են նմանվում․ փողոցներում կիլոմետրերով անօթևաններ են ապրում

Շիրակի մարզում ձմեռը խստաշունչ է, եւ նահանջելու մտադրություն էլ չունի։ «Տնակներում բնակվողներից երեւի շատ եմ սպասում գարնան գալուն»։ Hraparak.am-ի հետ զրույցում ասում է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ով գրեթե ամենօրյա ռեժիմով մարզի գյուղական համայնքներում է, տնակներում ապրողներին վառելափայտի աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակում՝ կենտրոնի նախագահի խոսքով այս վերջին 2 ամսում հասցրել են մոտ 700-800 ընտանիքի բաժանել շուրջ 40-50 խորանարդ մետր փայտ։ Հիմա ամբողջ մտահոգությունն այն է, որ ողջ վառելափայտն սպառվել է, իսկ դիմողներն անսպառ են։

«Ասում էի՝ մնալու ենք մենք ու շահառուները, հովանավորներ այլևս չկան, իսկ իշխանությունը․․․․․։Հիմա 3 օրվա վառելափայտ է մնացել, Արտենիում մի ծիրանի այգի են քանդել, ծիրանը լավ է վառվում, դա ենք վերցրել, ամենածայրահեղներին ենք բաժանում ։ Եթե հրաշք չլինի, 2 օրից դա էլ կվերջանա, ծրագիրը կդադարեցնենք։ Վերջին խմբաքանակը հրաշքի նման մի բան էր՝ Բոստոնից օգնեցին։Անցյալ տարի գոնե հովանավորներ կային, հիմա իրենք ուրիշ ծրագրեր են իրականացնում, ես էլ  հո չեմ կարող պարտադրել մարդկանց, մանավանդ՝ վառելափայտը աշխատատար եւ թանկ ծրագիր է»,- Hraparak.am-ին պատմում է Վահան Թումասյանը։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ինչպես են Շիրակի մարզի գյուղերում ապաստանած արցախցիները։« Մեծ  մասը հեռացել է, մնացել է եկածների 30-40 տոկոսը։Հիմա տնակներում հիմնականում մնացել են տարեցներ, հաշմանդամներ, միայնակ մայրեր, այլևս բազմազավակ ընտանիքներ էլ չկան, էնքան կռռացինք դրա գլուխն էլ կերանք, գոնե օգնում էինք, երեխաները մեծանում էին ։ Ու ամենավատը․ մաքրում են քաղաքը  տնակներից, մարդկանց հանում, դուրս են գցում՝ երխան գիրկը,  կացարան չեն տալիս, տնակն են քանդում ։Գալիս են, արտասվելով պատմում են, որ ծանուցագիր են ստացել, մինչև ամսվա վերջ տնակը պիտի քանդեն ։Մարդկանց սթրեսի մեջ են պահում, հոգեկան խանգարման են հասցնում, ես խորհուրդ եմ տալիս՝ պարտադիր  դադարեցնել այդ ծրագիրը, թե չէ՝  իրենց ասած՝  աղքատության կարմիր գիծը հատելու ենք ։Քաղաքի ծայրում մի տնակ կա, որ թուրքն ուզի գտնել, չի գտնի, մայր ու որդի են ապրում, լավ սովորող երեխա, ասել են՝ պատրաստվեք լքել, քանդելու են ։ Ուզում են՝ երեխաները ձեռքներին փողոցներում ապրեն ։ Արևմուտքին են նմանվում․ ընկերներս էլ ասում են՝ էստեղ՝ եվրոպաներում,  փողոցներում կիլոմետրերով  անօթևաններ են ապրում »,-խոսքն ավարտեց  մեր զրուցակիցը։