Պարտադիր պայման

Պարտադիր պայման

Ցանկացած նորմալ մարդ, որը մտածելու ունակություն ունի, պետք է կողմնակից լինի, որ երկրում քաղաքական պայքար լինի, ընդդիմությունը գործունեություն ծավալի, իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացվի, որպեսզի նրանք չհղփանան եւ երկրի հոգսերը մոռացած՝ չտրվեն իշխանական վայելքներին։ Սրանք տարրական ճշմարտություններ են՝ աքսիոմատիկ, որոնք նորմալ երկրներում ապացուցման կարիք չունեն։ Միայն հիվանդ՝ անառողջ հասարակության մեջ կարող են ասել՝ թող ընդդիմությունը վերանա, քաղաքական ընդվզում չլինի, իշխանությունն էլ տրվի վայելքներին ու դառնա անվերահսկելի։ Իհարկե, կարող եք վերապահումներ ունենալ այս կամ այն ուժի հանդեպ՝ մեկին համարել իրական ընդդիմադիր, մյուսին՝ կեղծ ու իշխանության կողմից կառավարվող եւ չվստահել։ Կարող եք նաեւ իշխանության այս կամ այն քայլը ողջունել եւ կոնկրետ քայլին ուղղված քննադատությունը համարել սխալ։

 

Բայց ընդդիմությանն ավելորդ, իշխանություններին՝ սուրբ, քաղաքական պայքարը՝ վնասակար եւ հանրային ապատիան օգտակար համարելու համար առնվազն պետք է խեղաթյուրված հոգեբանություն ունենաս եւ քաղաքացիական գիտակցությունից զուրկ լինես։ Հակառակը՝ ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ իշխանությունն ինքնին այլասերող բնույթ ունի եւ յուրաքանչյուր մարդու, անգամ ամենաազնիվին ու պարկեշտին, կարող է փչացնել, ուստի հանրային վերահսկողությունն ու ընդդիմության գոյությունը պարտադիր անհրաժեշտություն են, որպեսզի երկիրը բնականոն գործի, եւ ընտրությունից ընտրություն ընկած 5-ամյա ժամանակամիջոցում իշխանության գլխին հայտնված մարդիկ երկիրը չավերեն՝ վերածեն անապատի, որպեսզի ընտրվելուց հետո չհայտարարեն, թե՝ մենք պողպատե մանդատ ենք ստացել՝ ինչ ուզենք, կանենք։ Որպեսզի չթալանեն ու անպատիժ մնան։