Ինչ միտումներ կան համաշխարհային տնտեսության մեջ՝ 2024-ին
Ըստ մասնագիտական կանխատեսումների, 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպը կդանդաղի վերջին տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ։ Ըստ տնտեսագետների, գլոբալ տնտեսական ընթացքի ներկայիս միտումները ցույց են տալիս, որ, սկսած 1990-ական թվականներից, կունենանք հնգամյակի ամենացածր ցուցանիշները։ Ու թեեւ հնարավոր է եղել հասնել ինֆլյացիայի նվազման` առանց խոր ֆինանսական ճգնաժամի, սակայն գլոբալ առումով տնտեսական ցուցանիշները բավականին համեստ կլինեն։ Ինֆլյացիայի նվազումը հնարավոր է եղել առանցքային պետությունների կենտրոնական դրամատների իրականացրած դրամավարկային քաղաքականության շնորհիվ, մասնավորապես` մեկնարկային տոկոսադրույքների բարձրացման։ 2023 թվականին այն կազմել է 5,3 տոկոս։ Ընթացիկ տարում ինֆլյացիան կկազմի 3,7 տոկոս։ Սակայն գնաճը շարունակվում է։
Ներկա իրավիճակը, ըստ վերլուծաբանների, ցույց է տալիս, որ աշխարհի առաջատար երկրները չեն կարողանա հասնել տնտեսական առումով այն նպատակների իրականացմանը, որոնք իրենց առաջ դրել էին մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար։ Խոսքը նաեւ ՄԱԿ-ի կողմից արձանագրված առաջնահերթությունների մասին է, ինչպիսիք են՝ աշխարհում ծայրահեղ աղքատության հաղթահարումը, ջերմոցային գազերի արտանետման կրճատումը եւ այլ հավակնոտ խնդիրներ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհի զարգացող երկրների 25 տոկոսի մոտ բնակչության բարեկեցությունն ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում, քան նախապանդեմիական շրջանում էր, ինչը նշանակում է, որ, գլոբալ առումով, պանդեմիայի տնտեսական հետեւանքները դեռեւս հաղթահարված չեն, եւ այս տարի, համաշխարհային տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված տենդենցները հաշվի առնելիս, դժվար թե հաղթահարվի։ Միաժամանակ նաեւ կանխատեսվում է, որ ԱՄՆ-ում աճը կկազմի 1,6, Չինաստանում` 4,5 տոկոս։ Եվրոպայում եւ Ճապոնիայում աճը կլինի ավելի քիչ, քան Միացյալ Նահանգներում։
Կարծիքներ