Պուտինն ունի նպատակ եւ արդեն 6-րդ օրն է աշխարհին ցույց է տալիս, թե ինչ միջոցներով է դրան հասնելու

Պուտինն ունի նպատակ եւ արդեն 6-րդ օրն է աշխարհին ցույց է տալիս, թե ինչ միջոցներով է դրան հասնելու

Ռուսաստանցի տասնյակ արտիստներ, արվեստագետներ, մտավորականներ, հեռուսահաղորդավարներ և այլ հայտնիներ սոցիալական ցանցերում հանդես են եկել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ։ Ոմանք տեսաուղերձներն են հրապարակել, մյուսներ սև ֆոնով լուսանկարներ` #ոչպատերազմին հեշթեգով։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ արտահայտվողների թվում են հեռուստահաղորդավարներ Իվան Ուրգանտը, Անաստասիա Իվլեևան, Քսենիա Սոբչակը, երգիչներ Յուրի Շևչուկը, Սերգեյ Լազարևը, Վալերի Մելաձեն, Իվան Դորնը, Մանիժան, Վերա Բրեժնեւան, ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը, շախմատիստ Յան Նեպոմյաշին, դերասաններ Դանիլա Կոզլովսկին, Մարինա Զոդնինան, գրողներ Ալեքսանդր Ցիպկինը, Բորիս Ակունինը, կատակերգուներ Ալեքսանդր Դոլոգոպոլվը, Դենիս Չուժոյը և այլք։ Երգիչ Վալերի Մելաձեն, մասնավորապես, տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ «այսօր տեղի է ունեցել այն, ինչ չպետք է երբեք տեղի ունենար»։

Ռուս արվեստագետների դիրքորոշման և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ:

- Ռուս որոշ արվեստագետներ ըստ էության ընդդիմանում են Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի դեմ համարում անընդունելի: Վտանգավոր չէ՞ ընդդիմանալ մի ղեկավարի, որն աշխարհում բռնակալի համբավ է ձեռք բերել:

- Պուտինի բռնակալ լինելու հանգամանքը ռուս ազգի մոտ միանշանակ չէ: Մենք շատ լավ գիտենք, որ ռուսների մեծ մասը Վլադիմիր Պուտինին բռնակալ չի համարում: Ավելին` շատ էլ գոհ են, որ նման ղեկավար ունեն: Հայաստանում էլ կա մի զգալի հատված, որը Պուտինին վերաբերվում է ռուսներից ոչ պակաս լավ: Ռուս հայտնիների վերաբերմունքը ևս միատարր չէ : Կան թե դրական, թե բացասական դիրքորոշումներ: Այնպես որ իրենց ազգի վտանգներով թող իրենք էլ մտահոգվեն: Ինձ առավել շատ մտահոգում են մեր ազգին սպառնացող արտաքին և ներքին վտանգները:

- Դուք ինչ եք կարծում` Ռուսաստան-Ուկրաինա բախումը մեզ վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել:

- Այդ ամենն առհասարակ երկիր մոլորակի վրա է ազդելու և արդեն ազդում է: Մենք ինչպե՞ս կարող ենք դրանից խուսափել:

- Ռուսաստան-Ուկրաինա բախման մասին տարատեսակ կարծիքներ են հնչում: Ի վերջո Ձեր կարծիքով` ո՞ր կողմն առավել շատ հրահրեց այս բախումը:

- Շատ կարևոր է հասկանալ գաղափարախոսությունը: Ռուսաստանի գաղափարախոսությունը մեկ բառով կարելի է ասել նեոիմպերիալիզմ: Այդտեղ մեղավոր փնտրելն իմաստ չունի, որովհետև Պուտինը բաց տեքստով արտահայտել է, որ իր նպատակը ռուսական կայսրության վերականգնումն է: Այսինքն` կա հստակ նպատակ և արդեն 6-րդ օրն է նա ամբողջ աշխարհին ցույց է տալիս, թե ինչ միջոցներով է այդ նպատակին հասնելու:

- Հայաստան-Ռուսաստան միութենական պետության մասին շատ է խոսվում: Դուք ի՞նչ եք կարծում այս մասով:

- Միավորված պետության մասին խոսում են բացառապես Հայաստանում Ռուսաստանի և Պուտինի կողմնակիցները: Ես նման խոսակցություն չեմ լսել ռուսական կողմից, հատկապես` պաշտոնական աղբյուրներից: Այդ գաղափարով ոգևորված մարդիկ իրապես իրենց հայրենիքը համարում են ոչ թե Հայաստանը, այլ` Ռուսաստանը, և իրապես սպասում են այդ միավորմանը, որովհետև չեն քնում և երազում են իրենց տեսնել մեծ կայսրության գավառում:

- Այսինքն` Դուք մտածում եք, որ Ռուսաստանը չի՞ ցանկանում Հայաստանին իր մի մասը դարձնել:

- Իմ կարծիքով` Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր կայսրությունն` իր իսկ սահմանների մեջ և էստեղ ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ էլ այլ պետություն շանս չունի: Անհեթեթ պնդում է միավորման հարցը: Ռուսաստանն ամբողջ աշխարհին դեկլարատիվ կերպով բացատրում է, թե ինչ հարաբերություններ է ունենալու այն ազգերի, էթնոսների հետ, որոնք բնակվել, կամ բնակվելու են ռուսական կայսրության տարածքում: Այսինքն` տիտուլային ազգը ռուս ազգն է, մնացյալն ուղղակի ապրում, կամ ապրելու են այդ տարածքում:

- Իսկ այդ ամենն ինչպե՞ս կարող է շրջանցել Հայաստանը: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ անել:

- Հիմա ամբողջ աշխարհը ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայում քննարկում է այդ հարցը: Այնպես որ Հայաստանի դիրքորոշումը կերևա, երբ կլինի քվեարկություն: