Գռեհիկ եւ մերժելի լեքսիկոն

Գռեհիկ եւ մերժելի լեքսիկոն

Այս բառամթերքն ու հարաբերությունների որակը մեր կյանք ներմուծեց Նիկոլ Փաշինյանը: Չկրկնենք այն հանճարեղ որակումները, որ նա այս տարիներին կպցրել է իր ընդդիմախոսներին, իրեն որեւէ կերպ քննադատած կամ իր հայացքներն ու կառավարումը չընդունող անկախ անձանց եւ ինստիտուտներին․ դրանք բոլորին հայտնի են:

Մի անմակարդակ ու չարացած խավ կա մեզանում, որը հրճվում է նման որակումներից, եւ քաղաքական գործչի իդեալը նրա գիտակցության մեջ հենց այդ շշպռող, դիմացինին մինչեւ հոգու խորքը վիրավորող, մեծ ու փոքր չճանաչող տեսակն է: Կյանքում որեւէ հաջողության չհասած այս խավի միակ ուրախությունը դիմացինի անհաջողություններն են, նրանք ատում են բոլոր հաջողակ եւ հարուստ, կայացած եւ գրագետ մարդկանց, բոլոր նրանց, ովքեր արտահայտվելիս կոռեկտ են, վեճի մեջ` զուսպ, որոնք դիմացինի տարիքն ու վաստակը հարգել գիտեն, իրենց ճշմարտացիությանը երբեմն կասկածել գիտեն: Սրանց մոտ Փաշինյանի մուրճն ու պողպատն անզուսպ հիացմունք են առաջացնում, եւ նրանք ընդօրինակում են այս անմակարդակ բառապաշարն ու հակառակորդների պորտը տեղը դնելու հնարքները:

Ցավալիորեն, այս ոճն ու լեքսիկոնն ընդօրինակում են նաեւ ուրիշները` նախ իր թիմակիցները եւ կերակրատաշտին այս կամ այն կերպ մոտ կանգնած տարբեր էակներ: Սա ազդում է նաեւ բոլոր նրանց վրա, ովքեր ստիպված են ամեն օր լսել այս խոսքը: Ստացվում է` մի կիսագրագետ երեսփոխան, որն ա-ն բ-ից չի տարբերում, ընդդիմադիր գործչին «մալյոկ» ու «կիլկի» է անվանում, մյուսը հումոր է անում «մինչեւ քոքը մաշելու» թեմայով, երրորդն ընդդիմադիրներին փողոցային խուլիգան է անվանում: Անգամ ընդդիմությունն է իջեցրել խոսքի ու հարաբերվելու նշաձողը, որովհետեւ կարծում է, թե Փաշինյանի դեմ միայն նրա զենքով ու լեքսիկոնով կարելի է պայքարել: