ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս մասին Х-ի միկրոբլոգում գրել է Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Ողջունում ենք լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Սա կարևոր քայլ է դեպի կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»,-գրել է նա:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։

Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: