Մանրամասներ՝ Ուկրաինայի հարցով գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեից

Մանրամասներ՝ Ուկրաինայի հարցով գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեից

Ուկրաինայում խաղաղության հասնելը պահանջում է բոլոր կողմերի մասնակցությունն ու երկխոսությունը։Այս մասին ասված է Բուրգենշտոկում Ուկրաինայի հարցով համաժողովի ամփոփիչ կոմյունիկեի նախագծային տարբերակում, որը ձեռք է բերել Reuters-ը։

Հունիսի 13-ով թվագրված փաստաթղթի նախագծում ընդգծվում է Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի վերահսկողությանը հանձնելու անհրաժեշտությունը, ապահովելու նրա մուտքը դեպի Ազովի և Սև ծովերի նավահանգիստներ՝ պարենային անվտանգության ամրապնդման նպատակով, բոլոր ռազմագերիների ազատ արձակումը ն բոլոր տեղահանվածներին և ապօրինաբար երկրից դուրս բերված բոլորի ուկրաինացի երեխաներին և մյուս ուկրաինացի քաղաքացիական անձանց վերադարձը:
«Մենք կարծում ենք, որ խաղաղության հասնելը պահանջում է բոլոր կողմերի մասնակցությունը և երկխոսությունը, հետևաբար, մենք որոշել ենք ապագայում կոնկրետ քայլեր ձեռնարկել վերոնշյալ ոլորտներում՝ բոլոր կողմերի ներկայացուցիչների ավելի մեծ մասնակցությամբ», - ասվում է Reuters-ի մեջբերած տեքստում։ 

Փաստաթղթի վերջնական տարբերակը պետք է տարածվի հունիսի 16-ին։ Շվեյցարիայի կառավարությունը նախապես հույս էր հայտնել, որ եզրափակիչ կոմյունիկեն միաձայն աջակցություն կստանա հանդիպման բոլոր մասնակիցների կողմից։

Կոմյունիկեի տեքստում, ինչպես հաղորդում է գործակալությունը, ասվում է, որ մասնակիցների շրջանում տեղի է ունեցել «մտքերի արդյունավետ, համապարփակ և կառուցողական փոխանակում տարբեր ուղիների շուրջ»՝ մշակելու «ընդհանուր սկզբունքներ համապարփակ, արդար և տեւական խաղաղության համար, որը հիմնված է միջազգային սկզբունքների, օրենքների վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»:

Երկօրյա հանդիպման մասնակիցները, համաձայն փաստաթղթի նախագծի, մտադիր են հայտարարել, որ «Ուկրաինայում ընթացող հակամարտության համատեքստում միջուկային զենքի ցանկացած սպառնալիք կամ օգտագործում անընդունելի է»։ 

Ինչպես նշվում է փաստաթղթի եզրափակիչ մասում, «ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներառյալ բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման սկզբունքները, կարող են և հիմք կհանդիսանան Ուկրաինայում համապարփակ, արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»: